ՏԱՐՎԱ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

«Մեր հին ադաթից ընկել ենք, զրկվել, Նորն էլ չգիտենք, թե ինչ է եկել…»: 

Հովհ. Թումանյան
 
 
 
 
 

Պարույր ՍԵՎԱԿ

ԲԱՐԵՎ

-Բա՛րև,-
Մեկ հատիկ այս բառն եմ ասում`
Կնքված անձնագիր ցույց տալու նման,
Կենսագրություն պատմելու նման,
Կամ` հարցաթերթիկ լրացնելու պես:
Եվ կուզենայի՛,
Շատ կուզենայի,
Որ այս բառն, իրոք, դառնար անձնագիր
Աշխարհո՛ւմ համայն,
Ամենքի՛ համար:
Եվ կուզենայի, 
Շատ կուզենայի, 
Որ նմանապես այս բառը լիներ
Նոր եւ իրական մի «Բացվի՛ր, Սեզա˜մ»:
-Բա՛րեւ,-
Ասեիր գնացքին,
Նավին,
Կամ` օդանավին,
Ու ներս մտնեիր.
«Բարեւ»-ըդ իբրեւ տոմսակ ընդունվեր:
-Բա՛րեւ,-
Ասեիր կնոջն անծանոթ, 
Ու նա քեզ սիրեր հենց նո՛ւյն վայրկյանին,
Կամ` ներումնահայց ժպիտով ասեր,
Թե` բարեւե˜լ են քեզանից առաջ:
-Բա՛րեւ,-
Ասեիր, եւ պարզ երկինքը
Իսկո՛ւյն անձրեւեր, եթե պետք է դա:
-Բա՛րեւ,-
Ասեիր մահի՛ն էլ անգամ,
Եվ նա հասկանար, որ քեզ մոտ գալով,
Ինքը շտապե՛լ,
Շա˜տ է շտապել… 
-Բարեւ-ը դառնար իրական ու նոր մի…
«Բացվի՛ր, Սեզա˜մ»:
Եվ այն ժամանակ եթե արջին էլ ասեիր
-Բա՛րեւ,-
Նա էլ միգուցե հենց նույն վայրկյանին
Խաղալիք դառնար մեր մանկան համար,
Եվ մի այնպիսի՛ կարգին խաղալիք,
Որ ոչ լարվում է, ոչ էլ հասարակ բանից փչանում:
Այդպես էլ` օձը ծերերի ձեռքին ձեռնափայտ դառնար,
Կոկորդիլոսը դառնար պահարան խաղալիքների,
Կախարան դառանր եղջերուն վայրի,
Եվ փոթորիկը` բեմի պարախումբ,
Մարդն էլ` Մա˜րդ իրոք…
Անկարելի բան աշխարհում չկա,
Եթե աշխարհում իշխում է բարին, 
Որ մեր բերանում դարձել է
-Բա՛րեւ.-
Ուրեմն` անձնագիր ցույց տալու նման,
Կենսագրություն պատմելու նման,
Կամ` հարցաթերթիկ լրացնելու պես`
-Բա՛րեւ.
Քե՛զ
Ու
Ձե՛զ
Ծանո˜թ-անծանո˜թ իմ սիրելիներ:
Թող անկարելին դառանա կարելի
Աշխարհում համայն,
Ամենքի՛ս համար,
Դառնա կարելի վաղն ու հենց հիմա,
Դառնա կարելի մեկ բառով`
-Բա˜րեւ…

Մեկ Արձագանքման ՏԱՐՎԱ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ համար

  1. Ինձ շաաատ.... նաև հարգող Տիգրան says:

    Դու անկրկնելի ես… նաև…առանց մեկնաբանությունների…!!!

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *