ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՒՍ ԱՐԴԵՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունն այլեւս արդեն պատմություն է, իսկ դա, իրոք, այն փորձաքարն էր, որը պիտի հստակեցներ եւ հստակեցրեց թե՛ սիսիանյան նկարագիրը, թե՛ սիսիանյան հասարակական-քաղաքական կյանքը ե՛ւ թե շատ «դերեր ու դեմքեր»:
Նախ` խնդիր դրվեց ազատվել Սիսիանը ոտատակ տված գործող համայնքապետից, առողջացնել համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտը եւ Սիսիանի ազնիվ ու բարի անունից ջնջել ծաղր ու ծանակվածի, անեկդոտվածի, բանսարկության ու բամբասանքի գրեթե մեկ տասնամյակ տեւած «խարանը», ապա` Սիսիանը դարձնել ինքնակառավարվող համայնք:
Հենց սկզբից, երբ շրջանառվում էին համայնքի ղեկավարի հնարավոր թեկնածուների անունները, սիսիանյան հասարակական-քաղաքական ուժերը, հանրության մեջ դերակատարում ունեցող (թե՛ դրական, թե՛ բացասական առումով) անհատներն ու գործիչները իրենց ուժերը դասավորում եւ վերադասավորում էին այդ թեկնածությունների շուրջ` փորձելով պահպանել իրենց դերը կամ այն «համապատասխանեցնել» նոր իրավիճակներին:
Վստահ եմ, որ իմ հայրենակիցները դեռեւս չեն մոռացել հոկտեմբերի 12-ի քվեարկությունից առաջ Սիսիանում ստեղծված բարոյահոգեբանական լարված վիճակը, որի առիթը տվել էր Լ.Սարգսյանի` կրկին առաջադրվելու հայտարարությունն այն դեպքում, երբ ժողովուրդը խորապես արդեն մերժում էր նրան: Իսկ նա, թեեւ զգում էր իր խղճուկ վիճակը, վաղուց արդեն իր թիմի` ներսից փլված ու փլուզված լինելը, առկա թեկնածուների պարագայում իր ավելորդությունը, չկարողացավ դիմակայել 3 անգամ իրեն իշխանության բերած ուժի` նրան 4-րդ անգամ «իշխանության ղեկին նստեցնելու» գերագույն ցանկությանը եւ չցանկացավ հրաժարվել իր համար ծանր մրցապայքարից: Եվ` ոչ միայն. թե՛ ինքը, թե՛ նրա շրջապատը շատ վաղուց արդեն Լավրենտի անվանը զուգահեռ շրջանառում էին նաեւ որդու անունը` բնակչության ունկին «հարմարեցնելու», նրա պատկերացումներին «հաշտեցնելու» եւ «ընդունելի դարձնելու» նաեւ որդու` համայնքապետ լինելու միտքը, քանի որ նրան իշխանության բերած ուժի համար որեւէ տարբերություն չկար հոր կամ որդու միջեւ, որովհետեւ նույն «խաղադաշտն են», միայն թե` իրենց պատառը համեղ լինի, իրենց դերակատարումը` առաջին պլանում:
Բնավ պատահական չէր նաեւ անընդհատ շրջանառվող միտքը, որ եթե թեկնածուներից որեւէ մեկը չմիանա մյուսին (հիմնականում, իհարկե, նկատի ունեին Սամվել Թանգյանին եւ Աղասի Հակոբջանյանին, քանի որ, ըստ նրանց, նույն ընտրազանգվածին էին նրանք տիրապետում), ապա ավելի էր մեծանում Լ.Սարգսյանի` «հաղթելու հավանականությունը», ինչը դարձյալ տագնապ էր առաջացնում ժողովրդի մեջ` նրան հոգեբանական ճնշման ենթարկելով` Լավրենտի` «կրկին հաղթելու» միֆը առարկայական դարձնելու հույսով: Միաժամանակ արվում էր ամեն ինչ` Ս.Թանգյանի` Ա. Հակոբջանյանին «միանալը» անհնարին դարձնելու համար, քանի որ շատ թեկնածությունների առկայության պարագայում փորձում էին  ավելի քիչ ձայների վրա «աշխատելով»` ապահովել Լավրենտի հաղթանակը:
Ինչ վերաբերում է Ս.Թանգյանի եւ Ա.Հակոբջանյանի հնարավոր միանալուն, այս պարագայում էլ նախապատվությունը տալիս էին, հասկանալի պատճառով, Ա.Հակոբջանյանի` Ս.Թանգյանին «միանալուն», ոչ թե` հակառակը (քաղաքական սխալ հաշվարկի ու ճակատագրի ինչպիսի հեգնանքով հետո բոլորը «միացան» Ա.Հակոբջանյանին»), քանի որ մնացյալ բոլոր ուժերի համար ամենաչնախընտրելին նա էր, որովհետեւ նա միակ թեկնածուն էր (ընդդիմությունից բացի), որը կաշկանդված չէր որեւէ արտաքին գործոնով: Բոլոր ընտրությունների ժամանակ «շտաբիստի» երկարամյա փորձ ունեցող, խարդավանքների ու դավերի մեջ հմտացած, միաժամանակ` մի քանի շտաբում «որոշակի հաստիքով դերակատարում ունեցող» ոմանք հասկանում ու գիտակցում էին, որ նրա ընտրվելով` իրենց գլխին կախված է Սիսիանը խառնակելու, սիսիանյան ուժերը միմյանց դեմ հանել-լարելով` բարոյահոգեբանական մթնոլորտը միշտ լարված ու անկայուն պահելու դերը կորցնելու վտանգը, եւ գործի դրեցին, ինչպես բոլոր կրիտիկական պահերին, անազնիվ քարոզչամեթոդները եթերում` Սիսիանում հերթական «բարոյալքումը» առաջացնելու երազանքով:
Այս ընտրություններում հանդես գալով վարագույրի ետեւում քողարկված, «կերակրող ձեռքի» հետ համագործակցած`նրանք «առաջ տվեցին» սեփական խելքի վրա հիացած, խելացի լինելու նրանց գովեստներից գլխապտույտի մեջ ընկած, շտաբական խարդավանքներին անտեղյակ ու անփորձ «գաղափարական քաջարի զինվոր» Վարդան Բալյանին` բնավ չմտահոգվելով իրենց այդքան նվիրված երիտասարդի ճակատագրի` այդքան դաժան խորտակմամբ` հանուն իրենց ողորմելի նպատակների:
Իսկ  Ա.Հակոբջանյանի հաղթանակը որպես ապտակ շրխկաց նրանց անբարո դեմքին` հօդս ցնդեցնելով սիսիանյան հանրային, քաղաքական կյանքը, մարդկային վարքագիծն ու դիմագիծը սեփական պրիզմայով ձեւել-կարկատել փորձող ուժերին ու նրանց հիվանդ պատկերացումները Սիսիանի մասին: Թեեւ նույն պատկերացումներով նրանք հանրային, քաղաքական կյանքը փորձեցին վերաձեւել իրենց «հագով» վերաքվեարկության ժամանակ, այլեւս չէր ստացվում:
Ահա թե ինչու էր Սիսիանում ստեղծվել նախընտրական այնպիսի լարված վիճակ, երբ սիսիանցիները համաձայն էին մյուս 5 թեկնածուներից յուրաքանչյուրին տեսնել իրենց համայնքի ղեկավարի պաշտոնում, միայն թե` ոչ Լ.Սարգսյանին, եւ թեթեւացած շունչ քաշեցին միայն հոկտեմբերի 13-ի լույս առավոտյան` առնելով նրա` չընտրվելու լուրը: Ուրախության հաջորդ ալիքը բերեց Աղասի Հակոբջանյանի` ընտրված լինելու լուրը:
Մինչ շատերն էին ակնկալում, որ Սիսիանի հետ այդպես քամահրանքով վարված, Սիսիանը ծախած-ծախծխած, տասնամյակներով ետ շպրտած, գրեթե 10 տարի համայնքապետի պաշտոնը միայն իր անձնական հարստությունը կուտակելուն ծառայեցրած 70-ամյա համայնքապետը արժանապատվություն եւ ինքնասիրություն կունենա` ասպարեզից ժամանակին եւ ինքնակամ հեռանալու` ինչպես նրան իշխանության բերած թիմն էր սիրում ասել`«3 անգամ հաղթածի կարգավիճակով», Լ. Սարգսյանը սխալվեց իր հաշվարկների մեջ եւ իր պաշտոնավարումն ավարտեց անփառունակ պարտությամբ, ջախջախված, ոչնչացված: Քվեարկությանը մասնակցած 7829 ընտրողից նրան վերջնականապես ոչ ասաց ավելի քան 6252 ընտրող: Անգամ` սեփական վարչական ռեսուրսը ոչ ասաց նրան: Թեեւ վերաքվեարկության ժամանակ դերերն ու դեմքերը փոխած «ընտրությունները դիրիժորել փորձող» որոշ ուժեր շատ ցանկացան տարիներ ի վեր իրենց կերակրած եւ իրենց հավատարիմ ծառայած Լ. Սարգսյանի անփառունակ ու տխուր պարտությունը «մեղմել ու քողարկել» վաղուց արդեն հաղթած թեկնածուի` Աղասի Հակոբջանյանի հաղթանակի կառքին լծելու պատրանքով, չստացվեց եւ չէր ստացվելու, որովհետեւ սիսիանցիները շատ լավ հասկացան «քաղաքական այդ խղճուկ առեւտրի» ձեւականությունը: Եվ որքան էլ, անգամ բաց քվեարկությամբ եւ ի լուր ու ի տես շատերի Լ.Սարգսյանը հայտարարեց, որ ընտրում է Աղասի Հակոբջանյանին (եւ, իրոք, ընտրեց), ոչ միայն նրա նկատմամբ վստահությունը չմեծացավ, ոչ միայն պարտվածի իմիջը չփոխվեց, ոչ միայն, կարծում ենք, Աղասի Հակոբջանյանի «պարտավորվածությունը եւ երախտագիտությունն» ավելացավ նրա «ազնիվ» վարքագծի հանդեպ, այլեւ` հակառակ տպավորությունը գործեց` մարդկանց մեջ կարծիք ձեւավորելով, որ արժանապատվություն ունեցող ցանկացած մարդ այդպես չէր վարվի, իր անվան առկայության պարագայում իրեն չէր ժխտի` ուրիշի այդպես բացահայտ քծնելով, իր նկատմամբ եղած անվստահությունը «վստահության» «պտիչկայով» կոծկելով` քաղաքական խաղեր չէր իրականացնի: Ո՛չ արհեստականորեն ստեղծված «միացումում» նրա ֆիզիկական ներկայությունը, ո՛չ հրապարակում նրա անունից հնչած` Աղասի Հակոբջանյանին միանալու հայտարարությունը չփրկեցին եւ չէին կարող փրկել Լ. Սարգսյանի` այլեւս արդեն չեղած հեղինակությունը: Սակայն նրա մասին դեռ երկար կխոսվի` իհարկե, բայց ոչ` ընտրությունների առիթով: Ալան- թալանի ենթարկված, անօրինական եւ ծիծաղելի «աճուրդներում» համայնքային սեփականության փոշիացման եւ Վերահսկիչ պալատի հայտնաբերած 47 միլիոնի չարաշահումների  բացահայտման եւ հանրությանն իրազեկելու խնդիրը դեռեւս ծառացած է Սիսիանի առջեւ…Հենց այս օրերին եւս Սիսիանի խոսակցության հիմնական թեման դարձյալ Լավրենտի թալանի շուրջն է: Կորցնելով համայնքի բնակիչների վստահությունը, նա, սակայն, չի կորցրել «ախորժակն» անգամ համայնքին տրված նվիրատվությունները խժռելու. պաշտոնավարման վերջին պահին «իրենով արեց» համայնքապետարանին  նվեր տրված ծառայողական ավտոմեքենան, 33 միլիոն դրամ կադաստրային արժեքով գնահատված նախկին պոլիկլինիկայի շենքը, ասում են, 10 միլիոն դրամով մեծահոգաբար եւ սրտանց վաճառել է բարեկամին այն դեպքում, երբ մեկ ուրիշ գնորդ 1 տարի առաջ դրա դիմաց առաջարկել էր 55 միլիոն դրամ: Իրեն չընտրելու եւ չվստահելու վրեժը համայնքից ահա այսպես է «լուծել» Լ. Սարգսյանը` հաշվեհարդար տեսնելով նրանից: 97
Իսկ այս ամենի ողջ պատասխանատվությունն ընկնում է ոչ միայն նրա, այլեւ` նրան 3 անգամ իշխանության բերած բոլոր այն ուժերի ու անձանց վրա, ովքեր այսօր ոչ միայն զանազան հնարքներով փորձում են խուսափել դրանից` հաղթողի թիմում պատսպարվելով նոր դիմակով ու դերով, այլեւ` իրենց հիմնական դերն ու դերակատարումը «վերագտնելու» փայփայանքով, ինչի հնարավորությունն ընձեռնեց թերեւս վերաքվեարկություն սարքելու բեմականացումը եւ այդ բեմականացման մեջ նոր դերերի դերակատարման «վերաբաշխումը»: Այնուամենայնիվ, Սիսիանն ազատվեց, իրոք ազատվեց Լավրենտից:
Այժմ` անդրադառնանք վերաքվեարկությանը, ինչը կարող էր եւ չլիներ, եթե… Այն հնարավոր էր չլիներ ցանկացած թեկնածուի ընտրվելու պարագայում, նաեւ` Լավրենտի, բայց ոչ` Աղասի Հակոբջանյանի:
Որեւէ մեկը չի մտածում, թե պատահական էին հոկտեմբերի 12-ի քվեարկության արդյունքները, ինչը, անգամ «միացում»  կոչվող ձեւականությունից հետո, առավել քան համոզիչ դարձավ: Դրանք սիսիանյան հասարակական, քաղաքական, քաղաքացիական, հանրային իրավիճակի հստակ դրսեւորումն էին:
Որեւէ մեկը չի մտածում, թե բոլորովին պատահական էր այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 12-ից, հոկտեմբերի 16-ից հետո եւ նոյեմբերի 2-ից առաջ:
Անկախ ամեն ինչից, անկախ ընտրություններն անվավեր համարելու ընդհանուր իրավասության դատարանի որոշումից, անկախ` ընտրություններում անճշտությունների թվից, հոկտեմբերի 12-ին կայացած ընտրություններում առավելագույն ձայներ հավաքել էր Աղասի Հակոբջանյանը, որը ո՛չ Սյունիքի մարզպետի, ո՛չ էլ` մրցապայքարի ելած մյուս ուժերի նախապատված թեկնածուն էր: Մնացածը` տեխնիկական, կազմակերպչական խնդիր էր, որը ինչպես չնսեմացրեց Աղասի Հակոբջանյանի եւ նրան սատարող թիմի հաղթանակը, այնպես էլ` հաղթանակ չերաշխավորեց 2-րդ տեղը գրաված եւ ընդհանուր իրավասության դատարանում թիվ 37 ընտրատարածքային հանձնաժողովի թիվ 104-Ա որոշումը վիճարկած թեկնածուին:
Ետընտրական աղմուկը, պարզապես, այս ընտրություններում ոմանց կորցրած քաղաքական հեղինակությունը ետ բերելու եւ արդեն տարած հաղթանակին «տեր կանգնելու» շանս էր, ինչն, անշուշտ, ՀՅԴ-ի համար չէր արվում, եւ ինչն, անշուշտ, ժողովուրդը տեսնում եւ հասկանում էր: ՀՅԴ-ն առաջին պլան պիտի մղվեր միայն նրա համար, որ նրա թեկնածուն էր հանգրվանել 2-րդ տեղում, եւ «ամենատուժողի» ու «ամենաարդարադատի» դերում նա պիտի երեւար: Այո՛, դատարանը անվավեր համարեց հոկտեմբերի 12-ի ընտրությունների անդյունքները, ինչից, սակայն, ոչ Տիգրան Պողոսյանի հաղթելու շանսը մեծացավ, ոչ էլ` Աղասի Հակոբջանյանի հաղթելու շանսը փոքրացավ: Բայց… Բայց փորձ արվեց ընտրական գործընթացը տանել բոլորովին այլ` ժողովրդի համար չսպասված ու չպատկերացրած ուղիով, ինչը սակայն, չիրականացավ: Փորձ արվեց 1-ին քվեարկությամբ պարտված, ջախջախված, հանրային կյանքից դուրս շպրտված որոշ ուժերի եւ նրանց հովանավորների «հարություն տալ»` Աղասի Հակոբջանյանի եւ նրան սատարող թիմի ուժերով տարած հաղթանակի դափնիները իրենց եւ այլոց գլխին դնելու ցանկությամբ, ինչի արդյունքում ծնվեց արհեստական մի  «միավորում» Աղասի Հակոբջանյանի թեկնածության շուրջ` միտումնավոր ուռճացնելով նաեւ Տիգրան Պողոսյանի հաղթելու հավանականությունը եւ, իբրեւ թե, նրան հաղթելու միակ ելքը այդ «միավորումը» պիտի լիներ: Ժողովուրդը չհավատաց այդ «միավորմանը» (միացող լինեին`թեկնածությունները չէին առաջադրի հենց սկզբում): Դաշնակցականների մոտ էլ  տպավորություն ստեղծվեց, թե ընտրապայքարին այլեւս չմասնակցող (դույզն ինչ շանս ունենային, կմասնակցեին) մյուս թեկնածուները «միավորվել են» ընդդեմ իրենց, ինչին նույնիսկ իրենք չէին հավատում, սակայն փորձեցին «փաստը» ի նպաստ իրենց օգտագործել: Իրականում, սակայն, եթե չլիներ քաղաքական այս մանր ու պրիմիտիվ առեւտուրը, Աղասի Հակոբջանյանը շատ ավելի շատ ձայներ կհավաքեր: Ոչ ոք չհավատաց, որ նրա ու նրան պաշտպանող թիմից պարտված մյուս ուժերը եւ թեկնածուները (որոնք նույնիսկ, բացի Վազգեն Բաբայանից անգամ չէին շնորհավորել Աղասի Հակոբջանյանին) կկարողանան հաղթահարել նրանցից պարտված լինելու բարդույթը եւ ուժ կգտնեին իրենց մեջ` բարձր լինելու եւ ամենայն անկեղծությամբ Աղասի Հակոբջանյանի հաղթանակի համար մղվող նոր պայքարին նպաստելու, ինչի մեջ եւ համոզեց հետագա ողջ ընտրագործընթացը:
Մյուս կողմից` միտում էր նկատվում ձայների հավասար «բաշխմամբ» ավարտել նաեւ այս քվեարկությունը եւ նոր ընտրություններ կատարելու փաստի առաջ կանգնեցնել սիսիանցիներին` բոլորովին այլ թեկնածություններով: Սիսիանցիները, բարեբախտաբար, անմասն մնացին այս խաղերից եւ կատարեցին իրենց քվեարկությունը` վերահաստատելով 1-ին քվեարկությանը իրենց հավատարմությունը:
Չենք ժխտում եւ հնարավոր չէ ժխտել դաշնակցության դերը այս ընտրապայքարում: Առաջին անգամ սեփական թեկնածությամբ հանդես գալով ՏԻՄ ընտրություններում եւ իրենից ետ թողնելով մարզային եւ համայնքային վարչական ռեսուրսից օգտվող մյուս երկու թեկնածուներին, դաշնակցությունը լուրջ հայտ ներկայացրեց քաղաքական այս պայքարում: Բայց նաեւ քաղաքական այս պայքարն էր, որ դաշնակցությանը խորհելու շատ տեղիք պիտի տա: Ընդունելով լավ տղա, հայրենասեր, կռված տղա եւ զինվորական Տիգրանին, շատերը մերժեցին դաշնակցական Տիգրան Պողոսյանին, այն պայմանավորելով նախագահական վերջին ընտրություններում ՀՅԴ պահվածքով: 95
Այս ընտրություններում  հաղթանակը, իրոք, Սիսիանինն էր, Աղասի Հակոբջանյանը` նրա կրողը: Շատ շատերի` Սիսիանը բարոյալքված պահելու, սեփական դավերի ու խարդավանքների ճանապարհով տանելու ուղիները, կարծում ենք, նվազեցին, իսկ որոշ ուժեր, այնուամենայնիվ, հասկացան, որ սիսիանյան հիմնախնդիրները առաջադրվում եւ վճռվում են միայն Սիսիանում:
Որակապես փոխվեց նաեւ ավագանու կազմը. կիսագրագետ, անտառաճանաչ, մականունավոր մարդիկ տեղ չգտան այնտեղ` բարեբախտաբար: Ավագանի, որի թողտվությամբ, կույր համաձայնությամբ,  քար լռությամբ ու անտարբերությամբ գրեթե 10 տարի Սիսիանը կողոպտվեց այլեւս արդեն նախկին քաղաքապետ Լ.Սարգսյանի կողմից:
Վստահ ենք, որ Սիսիանի համար սկսվում է նոր ժամանակահատված` այն մաքուր ու զուլալ դարձնելու ակնկալիքով, ինչին այնպես հավատում եւ սպասում են բոլորը…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *