ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ- 15

Նոյեմբերի 10-ին լրացավ պետական կառավարման նոր համակարգի` տեղական ինքնակառավարման ստեղծման 15 տարին: Այն շուքով ու հանդիսավորությամբ նշվեց նաեւ պետական մակարդակով: Բայց բուն` տեղական ինքնակառավարման «օջախներում»` համայնքներում, այն գրեթե չհիշեցին էլ որպես տոն, քանի որ հոգսի զգացողությունը, առավելապես` գյուղական համայնքներում, կլանել է տոնի զգացողությունը:
Եվ ուրիշ ո՛վ կարող է ավելի լավ, անկեղծ ու ի մոտո ներկայացնել տեղական ինքնակառավարում հասկացույունը, նրա առավելություններն ու թերությունները, քան հենց իրենք` տեղական ինքնակառավարման մարմինը ներկայացնողը, այս պարագայում` համայնքի ղեկավարը: Ուստի մեր «Հյուրասրահում» հյուրընկալեցինք հենց նրանց: Մեր ընտրությունն էլ պատահական չէր, եւ այն կանգ առավ տարածաշրջանի ամենափոքր համայնքի ամենաերկարակյաց եւ համեմատաբար ավելի մեծ համայնքի, բայց` նոր համայնքապետերի թեկնածությունների վրա:
Մեր հյուրերն են Գետաթաղի համայնքի ղեկավար Արթուր Դավթյանը եւ Շաքեի համայնքի ղեկավար Վաղինակ Առաքելյանը: Նրանց հետ կազմակերպած հարցազրույցներով փորձենք հասկանալ, թե ինչ է տեղական ինքնակառավարումը եւ որպես պետական կառավարման ձեւ այն արդարացնո՞ւմ է, կայացե՞լ է, թե՞…


ԵՐԲ ԱԲՈՆԵՆՏԻ ԳԻՆԸ «ԷԺԱՆ Է» ԳԱԶԻ ԳՆԻՑ կամ`
Երբ ճանապարհը տանում է… Ձորեր

-Պարո՛ն Դավթյան, 15 տարի է` ղեկավարում եք Գետաթաղի համայնքը, դրան գումարած եւս 2 տարի` նախկին գյուղական խորհուրդը: Որքանո՞վ է արդյունավետ եւ արդարացված 17 տարի նույն տեղում աշխատելը` միշտ բախվելով նույն խնդիրներին:
-Դեռեւս 17 տարի առաջ ոչ միայն ես, այլեւ` ամբողջ համայնքն էր շատ խանդավառված, երբ, 1991 թ-ին, առանձնանալով Դարբասի գյուղական խորհրդից, Գետաթաղն ունեցավ իր ինքնուրույն գյուղական խորհրուրդ: Կոլտնտեսության տարիներին, առանձին գյուղական խորհուրդ չունենալով, Գետաթաղի համայնքի համար գրեթե որեւէ խնդիր չէր լուծվել: Դրան հաջորդեց սեփականաշնորհումը: Ես էլ դեռ շատ երիտասարդ էի, ոգեւորված, առանց հաշվարկի ծախսեր էի անում, մտածելով, որ այստեղ եմ ապրում, այստեղ եմ ապրելու, այստեղ նաեւ իմ երեխաներն են ապրելու: Միջազգային կազմակերպություններն էին օգնում, կարողացանք ակումբի շենքում 3 դասասենյակ հիմնել` հույսով, որ դպրոցի գոյությունը կդնի գյուղի զարգացման սկիզբը: Առաջին մի քանի տարիներին իներցիայով ապրեցինք ու աշխատենցինք, ու թվում էր` ամեն բան լավ կլինի, մարդիկ աշխատում են, ոգեւորված են սեփականաշնորհումից ստացած առաջին բերքով, որը դեռուս սովետի, կոլխոզի ցանած  վերջինն էր նաեւ:
-Ի՞նչ փոխվեց, որ հիմա խանդավառ ու ափսոսանքով խոսում եք միայն անցյալի մասին:
-Շա՛տ բան: Կամաց-կամաց ժամանակը բոլորիս բերեց-կանգնեցրեց այսօրվա ռեալ իրականության առաջ:
-Այսինքն` հիասթափությո՞ւն:
-Հիասթափությունը աստիճանաբար եղավ, հատկապես` վերջին տարիներին, երբ տեսնում ես, որ տարիքդ առաջանում է, լրջանում ես, մարդիկ քեզ վստահում են, միշտ ընտրում սուր ընտրապայքարի պարագայում անգամ, բայց հետո տեսնում ես, որ չես կարողանում նրանց վստահությունն արդարացնել ոչ թե նրա համար, որ ապաշնորհ ես, այլ, որ` հնարավորությունների օղակն է սեղմվում, գյուղական փոքր համայնքում երկրում առկա սուր հիմնախնդիրներն ավելի արագ են գլուխ բարձրացնում ու ավելի տեսանելի դառնում, քան, ասենք, ավելի մեծ համայնքում կամ քաղաքում դա կարող է լինել:
Ամեն ընտրությունից հետո էլ համայնքը պարտադիր բաժանվում է 2 մասի, այդպես մնալով մինչեւ հաջորդ ընտրություն: Դա էլ է սոցիալական հետեւանք:
-Բայց, կարծում եմ, համայնքի` արդեն ընտրված ղեկավարի խնդիրն է ընտրությունից հետո համայնքը համախմբելն ու հաշտեցնելը: Ինչո՞ւ դա Ձեզ չի հաջողվել:
-Միայն մեզ մոտ չէ, որ այդպես է լինում: Սոցիալական դժվարությունները, կարիքը, պակասը այնքան են ցածրացրել մարդկանց կենսամակարդակը, դրա հետ նաեւ` գիտակցականը, որ մեր կողմից որեւէ պատճառաբանություն արդարացի չի լինի: Սոցիալական նման վիճակում ապրող մարդը հազիվ թե կարողանա գիտակցական ընտրություն կատարել: Մեր բնակիչը, ոչ միայն` մեր, պատրաստ չէ ընտրություն կատարելու: Համայնքի ղեկավարը պիտի նշանակվի:
-Բայց Դուք անընդմեջ ընտրվել եք:
-Կցանկանայի` նշանակովի լիներ այդ պաշտոնը, եւ ճիշտը դա է:
-Բա ո՞ւր մնաց դեմոկրատիան, առաջընթացը, ինքնակառավարումը:
-Օրվա հացը մի կերպ վաստակող գյուղացու համար ի՞նչ դեմոկրատիա: Դեռ որեւէ համայնքի որեւէ ղեկավար չի գնահատվել իր աշխատանքով: Երբ համայնքում խմելու ջուր ես անցկացրել, մարդիկ դրանից օգտվում են, մի քանի օրից մոռանում են դա եւ նոր թեկնածու են փնտրում` նրանից էլ ակնկալելով մի ուրիշ հարցի լուծում: Ճիշտը, իմ կարծիքով, համայնքի ղեկավար նշանակելն է եւ աշխատանք պահանջելը:
-Վատ  չէ նաեւ ընտրելով պահանջելը:
-Եթե համայնքի բնակիչն ի վիճակի չէ հարկերը վճարել, համայնքի ղեկավարը, հաջորդ ընտրությունը տանուլ չտալու մտավախությամբ, նրան դատի չի տալիս, որ ընտրաձայն չկորցնի, եւ դրանից համայնքի բյուջեն չի լցվում, համայնքի խնդիրները մնում են չլուծված: Կուզենայի, որ մեր հարկերն այնքան շատ լինեին, հավաքեի, բյուջե գոյացնեի, խնդիրներ լուծեի: Բայց մեր հարկերն այնքան քիչ են, որ դրանով ոչինչ հնարավոր չէ անել, չնայած իմ պաշտոնավարման առաջին իսկ տարուց սկսած Գետաթաղի համայնքը այն եզակի համայնքներից է, ուր հավաքագրումները միշտ կատարվել են 100 %-ով:
-Բայց պետությունը նաեւ ֆինանսավորում է համայնքներին:
-Դա բավարարում է միայն ապարատը պահելուն: Գետաթաղի համայնքի բյուջեն 4,5 մլն դրամ է, համայնքային ի՞նչ խնդիր լուծես դրանով: Կառավարությունը մարզերի համաչափ զարգացման ծրագիր է մշակում, բայց մոռացել է գյուղերի համաչափ զարգացման մասին:
Ո՛չ դպրոց ունենք, ո՛չ մանկապարտեզ, էս դարում` ո՛չ համակարգիչ, ո՛չ ինտերնետ: Գիտեք` հոգեբանորեն որքան ծանր է համայնքի ղեկավարի համար, որ համայնքապետարանի գրագրության համար անհրաժեշտ փաստաթղթերը հարեւան համայնքի համայնքապետարանի համակարգչով է պատրաստում:
-Իսկ ինչո՞ւ նրանք ունեն, Դուք` չէ:
-Մեծ համայնք է, մուտքերը շատ են համայնքային բյուջե: Իբրեւ թե ինչ ունեինք, վերջերս էլ իմացել ենք, որ Գետաթաղի համայնքից 1000 հեկտար տարածք, այսինքն` մեր հողերի 80 %-ը, կտրվել-տրվել է Տոլորսի համայնքին` կառավարության` 2010 թ.-ի ինչ-որ անհասկանալի որոշմանբ: Եվ` ոչ միայն մեր համայնքում: Ստացվում է, որ հողը մնում է գետաթաղցի սեփականատիրոջը, բայց վարձավճարները գնալու են ուրիշ համայնքային բյուջե: Անհասկանալի մի իրողություն, ընդ որում, որի մասին ոչ միայն մեզ  չեն իրազեկել, այլեւ` իմացել ենք պատահականորեն: Այսքանից հետո համայնքի ղեկավարն ինչպե՞ս համայնք պահի, համայնքապետարան, աշխատակազմ, դեռ կարողանա համայնքային խնդիրներ էլ լուծել: Եթե պիտի գյուղապետ լինեմ նրա համար, որ մի քանի դրամ աշխատավարձ ստանամ ու որեւէ խնդիր չկարողանամ լուծել, ինչի՞ եւ ո՞ւմ է պետք նման աշխատանքը:
-Դէ, արդյունավետ կառավարման, ֆինանսական միջոցները նպատակային օգտագործելու համար կարծես իրականություն է դառնում համայնքների խոշորացման հարցը, եւ այն ժամանակ գուցե հնարավո՞ր կլինի  գլոբալ խնդիրներ լուծել:
-Եթե այդ խոշորացմամբ համայնքային գլոբալ խնդիր պիտի լուծվի գյուղապետարանի 3 աշխատակցի աշխատավարձով, թող խոշորացնեն, բայց եթե պիտի նաեւ այսպես սառած մնա համայնքային կյանքը, էլի թող խոշորացնեն: Որպես հետեւանք, գյուղում ապրող եւ համայնքապետարանում աշխատող այն 3-4 հոգին էլ, աշխատանք չունենալով, եկամուտ չունենալով, կհեռանան գյուղից, ինչպես մյուսները: Կամ` համայնքը, կամ` ընտանիքը: Միջոցներ չեղան, չես կարող ընտանիք պահել, համայնք պահել: Եվ համայնքից մարդիկ հեռանում են:
-Օրերս լրացավ տեղական ինքնակառավարման համակարգի ստեղծման 15 ամյակը, այն նշվեց նաեւ պետականորեն, տոնական:
-Ժողովրդի սրտում պիտի տոն լինի: Ժողովներով, խորհուրդներով ու տոներ նշելով խնդիրներ չեն լուծվում: Խնդիրը կա: Պիտի լուծվի: Դա կլինի աշխատանք: Եթե ինքնակառավարվող մարմինը հնարավորություններ չունի տեղերում ինքնակառավարում իրականացնել, համայնքային խնդիրներ լուծել, ուրեմն այդ ինքնակառավարումը ձեւական է:
-Այս զգացողությամբ ինչպե՞ս ես պատկերացնում հետագա աշխատանքդ:
-Չթվա` միայն ես եմ այս զգացողության ու տրամադրության մեջ: Եթե մյուսները չեն բարձրաձայնում, չի նշանակում, թե նրանց մոտ ամեն բան լավ է, իրենք էլ` գոհ: Իսկ ինձ, թերեւս, ավելի լավ կհասկանան փոքր համայնքների ղեկավարները: Մի հասարակ օրինակ բերեմ` Ձորերի ճանապարհը: Բա Ձորերի 10 համայնք ի վիճակի չլինի՞ իր բյուջեով, իր միջոցներով, իր հնարավորություններով գոնե ավերակ այդ ճանապարհը սարքել` վստահությամբ լցնելով հասարակ մարդկանց տեղական ինքնակառավարման կամ` իրենց համայնքապետերի հանդեպ: Գազի մայր խողովակաշարը կողքովդ անցնում է, քո համայնքում գազ չունես, ասում են` նպատակահարմար չի, գազիֆիկացման ծախսը թանկ է, աբոնենտների թիվը` քիչ, ծախսը չի փակելու: Այս տարի վառելափայտի հատատեղ էլ չտվեցին, եւ մարդիկ ստիպված իրենց բերքատու ծառերը կտրեցին`  տունը տաքացնելու համար: Դե եկ ու ասա` տեղական ինքնակառավարում, տոնակատարություն:
-Եվ, այնուամենայնիվ, ռեալ իրողություն է, որ բոլորում ենք ՏԻՄ 15 տարին:
-Կուզենայի` 15 տարվա ձեռքբերումն ու բացթողումը համադրել: Ահա արդյունքը. գետաթաղցի 18 աշակերտ ամեն օր դասի է գնում Դարբասի դպրոց, իսկ գյուղում միայն 3 աշակերտ է սովորում, համայնքի` 228 բնակչից 80-նն այսօր բացակայում է: Եզրակացությունը դուք արեք:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *