ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է «ՏՈՒՆՏՈՒՆԻԿ» ԽԱՂԻ

Ըստ ՀՀ ընտրական օրենքում կատարված փոփոխության, նվազագույնը 2 թեկնածուուվ պիտի կայանա համայնքապետի ընտրությունը` մրցակցություն ապահովելու նպատակայնությամբ: Այս փոփոխությունը, սակայն, ՏԻՄ ընտրությունները, առավելապես գյուղական համայնքներում, վերածել է տունտունիկ խաղի, ինչը խոսում է մեր իրականության մի քանի ողբերգական կողմերի մասին:
Զննելով Սիսիանի տարածաշրջանի գյուղական համայնքների ղեկավարի համար առաջադրված թեկնածությունների ցուցակը եւ ծանոթանալով դրանց բովանդակությանը, գալիս ես մի քանի տխուր եզրահանգման:
Թերեւս միայն մի քանի համայնքում կարելի է ենթադրել լուրջ կամ` իսկական ընտրապայքար: Մնացած համայնքներում լիովին ապահովված է կեղծ ընտրապայքարը` նվազագույն 2 թեկնածուի առկայությամբ:
Գործող համայնքապետերի դեմ, որպես կանոն, թեկնածություն են առաջադրել հիմնականում համայնքապետարանի կամ` դպրոցների աշխատակիցները` ընդհուպ մինչեւ դպրոցի պահակ:
Համայնքի ղեկավարի դեմ թեկնածություն են առաջադրել անգամ իրենց ընտանիքի անդամները` կին, բարեկամ, հարազատ, ովքեր նույնպես աշխատում են կամ` համայնքապետարանում կամ` դպրոցում:
Տխուր իրականություն է:
Կամ, իսկապես, գյուղական համայնքներում չկան համապատասխան թեկնածուներ, ինչը համայնքի վերացման նշան է, կամ` մարդիկ միտք չունեն` անշառ գլուխը շառի տակ դնել, քանի որ, միեւնույն է, ոչինչ չի փոխվելու, կամ էլ` նրանք չեն ցանկանում իրենց մարդկային, քաղաքացիական ազատությունը զոհաբերել համայնքի ղեկավարի անշնորհակալ պաշտոնին:
Իսկ նրանք, ովքեր համառորեն շարունակում են մնալ ու պայքարել այդ պաշտոնի համար, գյուղում ապրելու եւ ընտանիք պահելու որեւէ այլ շահագրգռվածություն չունեն, բացի` համայնքի ղեկավարի պաշտոնում աշխատել-յոլա գնալուց:

«ՈՐՈՏԱՆ»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *