ՏՂԵՐՔԸ ԵԿԱՆ…

Ապրիլյան այն անարեւ օրերին, երբ սահմանին սաստկացավ իրավիճակը, դժվար էր փողոցներում ժպտացող դեմքեր տեսնել կամ` երգ-երաժշտության ձայն լսել: Նկատե՞լ եք` արդեն քանի օր է` քաղաքը ցնծում է: Մեր զինվորները` ծառայած, ետ են գալիս, զորացրվում են… Ու ամեն եկող զինվորի հետ ծիծաղ, ուրախություն է մտնում տուն, քաղաք: Իսկ այն տղաները, որ թշնամու գնդակից անլուսաբաց մնացին, չեկան: Պիտի գային, նրանց էլ էին սպասում, ախր` բան չէր մնացել….
Զորացրում… Ու ամեն տնից երգի-ուրախության ձայներ են հորդում… Ես ուրախ եմ բոլորի համար էլ, մանավանդ` մայրերի, որ ահուդողով էին սպասում, սոսկումով… Հիմա նրանց զինվոր-որդիները գալիս են Տաուշից ու Հադրութից, Երեւանից ու Մարտակերտից: Գալիս են հերթով, սիրուն, թիկնավետ տղամարդ դարձած տղաները: Փոքրիկ քաղաք է, բոլորն իրար ճանաչում են, բոլորն իրար աչքալուսանք են տալիս: Ես էլ շտապում եմ ծառայությունն ավարտած ու տուն վերադարձած Կարեն Հովհաննիսյանի Լիդա տատին ասել` աչքդ լույս լինի, Կարենը եկավ:
Երբ երեք ամիս էր մնացել զորացրվելուն, ու տատը պատրաստվում էր քեֆին, Կարենին ապրիլին Ղարաբաղ տարան: Ու…պատերազմ էր… Իսկ մայրը… Մայրը միայն համակ աղոթք էր ու համակ սպասում…
Հիշում եմ` բանակ ճամփելիս Կարենն առանց հրաժեշտ տալու բարձրացավ ավտոբուս, թե` րիգունը կրեվանք` իրեն հարազատ բռնակոթյան բարբառով: Մարդիկ, որ հուզվել-կանգնել էին, ծիծաղեցին, ու հարկ էր զինվորին ծիծաղով ճանապարհել…
Հետո Կարենը Երեւան «ընկավ»: Հիմա պատմում է, որ Ղարաբաղում շատ մոտ էին թուրքերին, 4 կմ էր բաժանում իրենց, «դուխները տեղն էր», հիշեց, որ մի օր էլ անօդաչու սարքը իր մեքենայի կողքին էին խփել տղերքը: Շատ է փոխվել: Շուրջը լույս ու երջանկություն է տարածում` իր ժպիտով ու անհամար կատակներով: Ծառայության ընթացքում էլ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, իր պահվածքով ու բարեհոգությամբ: Դասակի հրամանատարն ասում էր` մի մեր Կարենին կանչեք: Իսկ տղաների հետ հարազատի պես էին: Լավագույն վարորդ է ճանաչվել: Հիմա Կարենը եկել է ու տունը լցրել մարդկանցով, աղմուկով, ծիծաղով ու աչքալուսանքով: Ինչպես բանակ գնալիս էր ողջ Բռնակոթը հավաքվել, հիմա էլ` վերադարձին…
Ի~նչ լավ բան է ուրախությունը: Ու այս օրվա մեջ ինչքա~ն բերկրանք կա: Ուզում եմ հավերժորեն մոռանալ պատերազմի մասին: Ու երանի ամեն մայր իր որդուն բանակ ճամփի ու վստահ լինի` նա ետ է գալու: Անպայման: Գալու է: Հաստատ…
Անահիտ ԵՍԱՅԱՆ
15.07.2016

2 մեկնաբանություն ՏՂԵՐՔԸ ԵԿԱՆ… հոդվածին

  1. Ermonya Hovhannisyan says:

    Թե հնար լիներ աշխարհ գալ նորից
    Եվ քսան տարին նորից բոլորել,
    Կուզեի,նորից զինվորը լինել,
    Նույն գումարտակի
    Պատերազմ գնալ նույն ընկերներով,
    Նույն ցուրտ գիշերվա ցուրտ մահը տեսնել
    Տաք խարույկի մոտ
    Եվ նույն ընդհատված տաք երազները`
    Ցուրտ խրամատում:
    Կուզեի տեսնել,ընկնել,բարձրանալ,
    Եվ վերադառնալ
    Նույն պիրկ ձեռներով,հոգսի բեռներով
    Միայն թե առանց նույն կորուստների…
    Նույն ընկերներով:

    Համո Սահյան

  2. Բարի վերադարձ բոլորին, իրոք շատ են փոխվել տղերքը.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *