ՏՆՕՐԵՆՆԵՐԸ՝ ՀԱՐԿԱՀԱՎԱ՞Ք…

ՀՈՂԻ ՀԱՐԿԸ ՀԱՎԱՔԵՆ՝ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԿՍՏԱՆԱՆ, ՉՀԱՎԱՔԵՆ՝ ՉԵՆ ՍՏԱՆԱ…

Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը օրերս քաղաքապետարան է հրավիրել համայնքային ենթակայության կազմակերպությունների տնօրեններին եւ խստորեն հանձնարարել, որ նրանք, իրենց աշխատանքին զուգահեռ, լրջորեն զբաղվեն նաեւ համայնքի հողերի հարկերը հավաքելու աշխատանքով:

Իրենց կառույցներ հաճախող երեխաների ծնողներին ճանաչող տնօրեններն էլ, զանգահարելով նրանց տներ, խնդրում են օգնել իրենց՝ դուրս գալ այդ անհասկանալի եւ տարօրինակ վիճակից, այլապես աշխատավարձ չեն ստանա, քանի որ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն ամենայն լրջությամբ նրանց ասել է՝ հողի հարկերը հավաքեք, որ աշխատավարձ ստանաք, չհավաքեք, չեք ստանա:

Տնօրեններին է տրվել ցուցակներ, որտեղ կան նույնիսկ 2005 թ.-ից հողի հարկերը չվճարած մարդկանց անուն-ազգանուններ:

Պարտատերերին զանգահարող տնօրենները, մի կերպ կուլ տալով վիրավորանքը եւ հանիրավի իրենց վրա դրված լրացուցիչ պարտականությունը, զանգահարում են հողի հարկը չվճարած իրենց ծանոթ ծնողներին եւ խնդրում այն տալ կամ՝ իրենց, որի դիմաց կստանան համապատասխան կտրոն, կամ՝ մուծել… այնտեղ:

Ինչպիսի տարօրինակ եւ զավեշտալի վիճակներում ասես, որ իրեն եւ ենթակառույցների աշխատողներին չի դնում Սիսիանի բարգավաճած ԲՀԿ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:

«ՈՐՈՏԱՆ»
18.12.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *