ՏՈ´ՒՆԴ ՔԱՆԴՎԻ, ՀԻՏԼԵ´Ր, ՈՐ ԻՄ ՏՈՒՆԸ ՔԱՆԴԵՑԻՐ…

Копия DCP_5817

«Վիզդ ծռվի, որ էրեխեքիս վիզը ծուռ թողեցիր»,-տատս հաճախ էր այս խոսքերն ասում: Փոքր էի, չէի հասկանում: Նայում էի՝ մեր տունը քանդված չէր, ոչ մեկի վիզը ծուռ չէր, այա-տատս ինչո՞ւ էր այդպես ասում, եւ ո՞վ էր Հիտլերը, որ նրա տունը քանդել էր…

Կարապետ պապս գյուղի գրագետ մարդկանցից էր: Լծենի ութնամյա դպրոցի հիմնադիրը: Նրան Հայրենականը սկսելուց առաջ էին տարել՝ 39-ին, ֆիննական կռիվներին է մասնակցել, ու էնտեղից էլ շարունակել պատերազմը: Կարապետ պապս տանը թողել էր բարի, աստվածային բարի Նազի մորը, Շուշիկ կնոջը եւ 3 երեխաներին, փոքրը՝ մեկ տարեկան: Տատս պատմում էր, որ գնալուց առաջ կանչել է գյուղացիների կողմից հարգված Գարեգին քեռուն եւ ասել՝ աչքդ ընտանիքս վրա կպահես: Երբեմն-երբեմն նամակներ են եկել ռազմաճակատից, կարդացել են, մխիթարվել, իրար հույս տվել, որ…կգա: Վերջին նամակը զինվորական հոսպիտալից է գրվել՝ 1943-ին, հետո, ասում են, այդ հոսպիտալը ռմբակոծել են, ու էլ նամակ չեկավ…

Կարապետ պապիս վերջին նամակը դեռ պահպանվում է մեր տանը՝ ի՜նչ գեղեցիկ ձեռագիր է ունեցել, պապիս վերջին ու միակ նկարն էլ՝ ինտելիգենտ, համեստ, խոհուն: Հետո եկել է պապիս Մարտիրոս եղբոր զոհվելու լուրը, Գայանե քրոջ ամուսնու զոհվելու լուրը, Խանոյենց տղերքի զոհվելու լուրը, Մանուկենց, Մարդոյենց, Ավագենց, Դավութենց… Գյուղը սուգ է հագել: Բայց Նազի մամը, որ գյուղի տատմերն էր, իմաստուն ու խրատատու, քաթան գործելով, շոր կարելով (մինչեւ հիմա մեր թոնրատանը նրա դազգահի փայտերը պահպանվել են), սեւը՝ ներսն արած, կարմիրը՝ դուրսը, Շուշիկ տատիս հետ պահել-մեծացրել, ուսման է տվել թոռներին: Հոգին ավանդեց հաշտ ու խաղաղ, բայց՝ աչքը՝ տղաների ճամփին: Աչքը փակեց՝ Երեւանում ուսանելու գնացած Արամայիս թոռան (հորս) ձեռքի մեջ թաքուն-թաքուն դրամներ խոթելով: «Մեկիդ տասն եմ տալու, մամի՛, մեկիդ՝ տա՛սը», արցունքը խեղդելով ասել է Արամայիս թոռը, ու հիմա էլ ամեն անգամ Նազի մամի անունը տալիս կամ՝ նրան հիշելիս լուռ հոսում են տաք-տաք արցունքները՝ երախտագիտության, սիրո, հոգածության…

Իսկ այա-տա՜տս: Իր նման բախտակից Վարդանուշի, Մայկոյի, Աստղիկի, Վարսիկի, Ղալամեի, Արփենի, Լուսիկի ու ջահել-ջահել այրիացած մյուս կանանց հետ իրենց զինեցին պնդությամբ, ամրությամբ, տուն-օջախը վառ պահելու փափագով, ու, ոտքները՝ թաց, գլուխները՝ բաց, փորները՝ սոված, մանգաղով կոլխոզի հունձը արեցին, ձեռքով գարի պոկեցին, կով կթեցին, ոչխար պահեցին, մի օր՝ կիսաքաղց, մի օր՝ չոլից, դաշտից բերածով սնվեցին, պա150707_538071613004112_2689482043626867462_nտերազմից տուն դարձած տղամարդկանց հետ հավասար գործ արեցին, որ իրենց տան տղամարդու բացակայությունը չերեւա…

-Աստված հեռու տանի էն օրերը, էն ի՜նչ կյանք էր, շունը չէր դիմանա,-հաճախ էր ասում այա-տատս,- բայց մենք դիմացանք: Տները տուն պահեցին, օջախները՝ օջախ, ու էսօր Վարսիկի էրեխեք-թոռները, Վարդանուշի էրեխեք-թոռները պապենական օջախները շենացրել, ապրեցնում են…

Իսկ այա-տա՜տս… Այա-տատս հիմա էլ չի ասում՝ տունդ քանդվի, Հիտլեր, որ իմ տունը քանդեցիր: Տունը ներսից է մեծացել: Ու մեծացել է Կարապետ պապիս եւ այա-տատիս տունը, Նազի մամիս խեղճ ու կրակ սեւ օճորքով օթախը Արամայիս հորս ու Ասյա մորս ձեռքերով սիրուն, լուսավոր տուն է դարձել, անտառաճանաչ, անուս, բայց՝ իմաստուն ու փիլիսոփա Նազի մամիս գրեթե բոլոր թոռ-ծոռները բարձրագույն կրթություն են ստացել, եւ ամեն մեկը իր համեստ դերն է փորձում ունենալ էս մեծ աշխարհի մեծ անցուդարձի մեջ:

Է՜, Նազի մամ, է՜, Կրապետ պապ: Մի հրաշքով հայտնվեիք, մի տեսնեիք, մի համոզվեիք, որ հայրս ձեր մեկը տասն է դարձրել՝ հույսով, հավատով, սիրով: Մի տեսնեիք, որ 21 տարեկանից այրիացած ու զոհվածի այրու տխուր խաչը կրող այա-տատս էսպես գերդաստանով շրջապատված՝ ո՜նց է փառավորում էս կյանքը, ո՜նց է անիծում պատերազմը, երբեմն-երբեմն թոռ-ծոռներին շուջը հավաքած՝ չարքաշ կյանքից դեպքեր պատմում ու վերջում անպայման ավելացնում՝ շունը մեր տեղը չէր դիմանա… Բայց՝ դիմացանք:

Հիմա 87-ամյա Շուշիկ տատս էսպես քնքշանքով եւ հիացմունքով գրել է իր անունը կրող Շուշան ծոռնուհու բարուրը: Աչքդ լույս, Կարապետ պապ, օրերս քո օջախում լույս աշխարհ եկավ Արամե ծոռդ, ու ճյուղավորվում, ճյուղավորվում է Մխիթարենց Կարապետի տոհմածառը, հաստատուն է մնում Շուշիկ տատիս օջախը, Նազի մամիս սուրբ հիշատակը՝ վառ… ու էսպես՝ վառ են մնացել գյուղի բոլոր օջախները: Իսկ Լծենի բարձունքից ողջ հորիզոնին հսկում է մի հուշարձան, ուր անուններ կան՝ անջինջ, որ խորը-խորը ակոսված է մեր փոքրիկ գյուղի, մեր երկրի, մեր աշխարհի տարեգրությանը՝ Մեծ հայրենականում զոհվածներ…

Իմ Շուշիկ այա-տատը…Նման՝ բոլոր տատերին: Տարբեր՝ բոլոր տատերից: Չէ՛, իմ Շուշիկ այա-տատը դեռ փափագներ շատ ունի, ամենամեծ փափագը, սակայն, աշխարհին՝ խաղաղություն, մահին՝ թանկություն, հացին՝ էժանություն, ղարիբին՝ տունդարձն է, եւ մեկ էլ՝ ամեն տան գլուխ-տղամարդու՝ իր տան գլխին լինելը, որ ոչ մեկի հոգու տունը չքանդվի, եւ ջնջվի մարդու մտքից ու ճակատագրից զոհվածի այրի, զոհվածի որդի, զոհվածի ընտանիք բառերի շարանը, որը արդեն ճակատագիր է, ոչ թե՝ սոսկ շարան… Շուշիկ տատս զոհվածի այրու թոշակ է ստանում: Թեպետ հետո այդ թոշակը բաժանում է մեզ՝ իր թոռներին, բայց շատ է սիրում իր թոշակը ինքը ստանալ: Ու էդ թոշակի մասին էնպիսի խոսք է ասում, որ կարկամում ես… ասում է՝ էդ էլ …իմ մարդս ի (ամուսինս):

Իմ Շուշիկ այա-տատը: Շնորհավոր հաղթանակի 60-ամյակը, իմ այա-տատ Շուշիկ, որովհետեւ այն նաեւ քոնն է, փառավորվիր էսպես ու ամեն օրվա պես էսօր էլ ասա՝ փառքդ շատ, աստված, որ օրը խաղաղ մթնեց ու … խաղաղ բացվեց:

2005 թ. 9 մայիսի

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Հ.Գ. Շուշիկ տատս ապրեց 95 տարի, մահացել է 2013-ին, էլի կապրեր, սակայն իրենից մեկ տարի առաջ մահացած հորս մահը նրան ընկճեց, ու տատս իր ապրելը էլ չէր ուզում… Նազի մամս Երեւանից եկող իր Արամայիս թոռանը սպասելիս հանգավ, Շուշիկ տատս՝ Ուկրաինայից եկող իր Տեր-Նարեկ (Արսեն) թոռանը…

 

658 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *