ՏՈԼՈՐՍՈՒՄ ՀՀԿ-Ն ՈՒՐԻՇ ԱՐԺԵԸՆԿԱԼՈՒՄ Է

Երբ 1998 թ.-ին ստեղծվեց Հանրապետական կուսակցության Սիսիանի տարածքային կառույցը, առաջին  անդամագրվածներից մեկն էի: Պատահական չէր, իսկ նպաստող եւ ուղղորդող հանգամանքներ էլ շատ կային. կարեւորագույններից մեկը` կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հայրենակիցը լինելն էր, նրա գաղափարներով, նրա սկզբունքներով, նրա կերպարով համակվելը, նրա անցած քաղաքական ուղու հանդեպ երկրպագության հասնող հիացումն ու պատկառանքը:
Նրա հանդեպ այդ վերաբերմունքն ու զգացումն ունեն գրեթե բոլոր տոլորսեցիները, ինչը, բնականորեն, տարածվել է նաեւ այն կուսակցության վրա, որի հիմնադիրն ու առաջնորդն էր մեր հայրենակիցը:
Նախընտրական շրջան է: Բնական եմ համարում, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է իրեն առավելագույնս ներկայացնել ընտրողի առջեւ, առավել շատ խոստումներ տալ: Յուրաքանչյուրի գործն է: Բայց հիմա` ոչ անհեռանկար խոստումներին են հավատում, ոչ` հետո ինչ-որ բաներ անելու ծրագրերին, մարդիկ հավատում են իրենց տեսածին, կոնկրետ արված գործերին: Եվ եթե քաղաքական շատ ուժեր միայն ընտրությունից ընտրություն են վերհիշում իրենց չկատարած խոստումների մասին եւ կրկին խոստանում, ՀՀԿ-ն նման խնդիր չի ունեցել եւ չունի: Այդ ես եմ, որպես ՀՀԿ անդամ եւ համայնքի ղեկավար, նաեւ` համայնքի բնակիչ, ամեն օր օրը մի քանի անգամ առնչվում համայնքի 400 բնակչի հետ, նրանց հոգսերի ու խնդիրների հետ, եւ ես եմ ի պաշտոնե դրանք ներկայացնում պատկան մարմիններին, որոնք էլ հոգում են դրանց լուծման մասին: Մի օր մեկը գար, կոնկրետ մի բան աներ համայնքի համար, որ նրա խոստումին էլ համայնքի բնակիչը հավատ ընծայեր: Ժողովուրդն է ասում, չէ, լավ է մեկ անգամ տեսնել, քան` հազար անգամ լսել: Իսկ տոլորսեցին հավատում է իր  տեսածին, ոչ թե` լսածին:
Հենց այս օրերին Զանգեզուրի ՊՄ կոմբինատի ֆինանսավորմամբ վերանորոգվում է Տոլորսի ինքնահոս ոռոգման ջրատարը, որն ամբողջությամբ վնասվել էր 2011 թ.-ի հեղեղումներից, ինչի համար համայնքի բնակիչների անունից խորին երախտագիտություն եմ հայտնում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին եւ ԶՊՄԿ տնօրեն Մաքսիմ Հակոբյանին:
Ամբողջությամբ վերանորոգել ենք խմելու ջրի ներքին ցանցը` 24  ժամյա ջրամատակարարմաբ ապահովելով գյուղը, մեկ այլ ծրագրով վերանորոգվել են խմելու ջրի կապտաժները, կփոխվեն 1,5 կմ խողովակները:
Համայնքին ամենաշատ հուզող եւ նրան ամենից շատ հետաքրքրող ծրագրերից մեկը, որի իրականացումն ընթացքի մեջ է, Սոցներդրումների հիմնադրամի` 130 մլն դրամ ֆինանսավորմանբ դպրոցի շենքի հիմնանորոգումն է:
Նույնքան խանդավառող է Սիսիան-Տոլորս ճանապարհահատվածի վերանորոգման եւ բարեկարգման ծրագիրը, որը ոչ միայն տոլորսեցիների, այլեւ` տարածաշրջանի մյուս բնակավայրերի բնակիչների երազանքներից մեկն է:
Իրականացվել ու իրականացվում են նաեւ բազմաթիվ այլ ծրագրեր: Մարդը տեսածին է հավատում: Աչքի առաջ այսքան ներդրումներ տեսած տոլորսեցին` առավել եւս: Եվ նաեւ դրանից է, որ տոլորսեցին այնպես հպարտանում է իր նվիրական զավակի` Աշոտ Նավասարդյանի եւ նրա հիմնադրած կուսակցության գործունեությամբ, որն այսօր երկրի քաղաքական դաշտի ամենահեղինակավոր, ամենազդեցիկ,  ամենագաղափարական եւ պատասխանատու քաղաքական կառույցն է:  Հավատալով Աշոտ Նավասարդյանի նվիրական գործին` տոլորսեցին հավատում եւ վստահում է նրա հիմնադրած քաղաքական ուժին:

Համարի նյութերը եւ լուսանկարները
նախապատրաստվել են ՀՀԿ Սիսիանի
նախընտրական շտաբում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *