ՏՈՀՄԱԾԱՌԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ

Քսանչորսամյա Բաբիկ Վարդանյանը սերում է արվեստագետների ընտանիքից. Սիսիանի սուրբ Հովհաննես եկեղեցու մոմավաճառ Վարպետ Զավենի թոռն ու արժանահիշատակ քանդակագործ Վաղինակ Վարդանյանի որդին է: Բաբիկի հայրը, ով տասնյակից ավելի խաչքարերի հեղինակ է, Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում ունի քանդակած խաչքարեր, նրա ձեռքի աշխատանքն է նաեւ Սիսիանի սուրբ Հովհաննես եկեղեցու խորանի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Ա-ի եւ Ամենայն Հայոց Վազգեն Առաջինի այցը խորհրդանշող գավազանը, խմբակային բազմաթիվ գործերի համահեղինակ է: Բաբիկի մայրը` Նելլի Վարդանյանը զբաղվում է կար ու ձևով, ինչպես նաև մանկական միջոցառումների համար պատրաստվող զգեստների դիզայնով: Փաստորեն, Բաբիկը, բացի իր աչքով տեսած-սովորածից, նաև գենորեն ժառանգել է արվեստագետին բնորոշ հատկանիշներ: Բաբիկը Սիսիանի սուրբ Հովհաննես եկեղեցու «Շողակաթ» երգչախմբի սաներից է եղել: Նա տասնչորս տարեկանում մեկնել է Երուսաղեմ, սովորել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Ժառանգավորաց» վարժարանում: Ավարտելուց հետո պետք է դառնար հոգևորական և ծառայեր տեղի հայկական եկեղեցիներում: Սակայն հայրիկի մահը պատճառ դարձավ, որպեսզի Բաբիկն ու իր ավագ եղբայրը` Հովնան Վարդանյանը կիսատ թողնելով իրենց ուսումը` վերադառնան Հայաստան: Հովնանն իր ուսումը շարունակեց Էջմիածնի քահանայից լսարանում, իսկ Բաբիկը նախընտրեց շարունակել հայրիկի գործը:
Բաբիկի կրտսեր եղբայրը` Մոմիկը, նույնպես արվեստի և մշակույթի ոլորտի մարդ է. նա «Մշակույթ» թերթի խմբագիրն է: Ինչպես նկատում ենք, արժանահիշատակ Վաղինակ Վարդանյանն իր որդիներին անվանել է պատմական անուններով: Այդ մասին Բաբիկը ներկայացնում է. «Մոմիկին հայրիկն անվանել է միջնադարյան ճարտարապետի անունով, որպեսզի եղբայրս` որպես ճարտարապետ – քանդակագործ շարունակի իր գործը: Իմ անունը Սյունյաց Բաբիկ իշխանի անունն է: Հովնանը աստվածաշնչային մարգարեի անուն է, բայց եղբորս այդպես են կոչել փոքր տարիքում մահացած հորեղբորս անունով»:
Բաբիկի առաջին գործն իր հայրիկի շիրմի խաչքարն էր: Բաբիկն ասում է «Նախքան այդ ոչ մի անգամ չէի զբաղվել քանդակով: Այդ ժամանակ տասնվեց տարեկան էի, դեռ զինվորական ծառայության չէի գնացել: Ծառայությունս ավարտելուց հետո վերցրեցի հայրիկիս` լռած գործիքները ու…: Հայրիկիս գործը շարունակող էր պետք, և այդ շարունակողը ես եղա: Արդեն երեք տարի է, ինչ զբաղվում եմ խաչքարեր քանդակելով»: Երևանում` Դավթաշենի եկեղեցու բակում գտնվում է Բաբիկի քանդակած խաչքարը` նվիրված Սոչիի օդանավի վթարի զոհերի հիշատակին: «Այս գործը սկսելուց հետո բոլոր մտքերս խաչքարի մեջ են: Այսօր մեզանում խաչքարի պատկերը մի քիչ աղավաղված է: Դրա համար ես փորձում եմ պահպանել հին հայկական խաչքարերի տեսքը»,-ասում է Բաբիկ Վարդանյանը:
Բաբիկն ունի մեկ աշակերտ, որին սովորեցնում է խաչքարեր քանդակել: Նրա ծնողները շատ էին ցանկանում, որ իրենց որդին սովորի Բաբիկի մոտ: Բաբիկը մտադրություն չունի ուրիշ աշակերտներ էլ ունենալ. «Մտածում եմ, որ իմ արվեստը` խաչքար քանդակելը պետք է փոխանցեմ իմ զավակներին: Մեկ-մեկ մարդիկ ասում են, թե հնարավոր է բոլոր զավակներս էլ աղջիկներ լինեն, այդ դեպքում ի՞նչ պետք է անեմ: Ես պատասխանում եմ, որ դա ոչ մի նշանակություն չպետք է ունենա, և իմ զավակներից մեկն ու մեկը պետք է շարունակի իմ գործը»:
Բաբիկը զբաղվում է նաև գեղանկարչությամբ: Դա ավելի շատ պայմանավորված է ներշնչանքով` մուսայով: Դպրոցահասակ ժամանակ երկու տարի սովորել է Սիսիանի գեղարվեստի դպրոցում, բայց իր ուսուցիչը եղել է իր հայրը: Նա 1999 թվականից սկսած նկարել է կտավի վրա և մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: 2000 թվականին նրա նկարները ցուցադրվել են Երուսաղեմում, և ամբողջ աշխարհը ճանաչել է նրան: Քրիստոսի ծննդյան երկուհազարերորդ տարին էր, և ամբողջ աշխարհի հայկական գաղութներից Երուսաղեմ էին գնացել ուխտավորներ, ովքեր այդ բոլոր նկարները (Բաբիկի և ուրիշ շնորհալի սաների) տարան իրենց հետ:
«Տանը պահած նկարներ չունեմ: Մոտ քսան նկար վաճառել եմ ցուցահանդեսների ժամանակ, իսկ մնացած բոլորը նվիրել եմ: Ավելի հաճախ նկարում եմ վանքեր»,-ասում է Բաբիկը: Նրա կարծիքով ոչինչ չի կարող խոչընդոտել արվեստի զարգացմանը, պարզապես պետք է մի քիչ ավելանա պետական հոգածությունը: «Այսօր նկարիչը նկարում է` հույս ունենալով այդ կերպ լուծել նաև իր սոցիալական խնդիրները, սակայն մարդիկ նկար չեն գնում: Կարծես հետզհետե պակասում է սերն արվեստի նկատմամբ: Դրանից ելնելով` ես նախընտրում եմ նկարներս նվիրել»,- ասում է Բաբիկն ու ավելացնում. «Մի անգամ փորձեցի վաճառելու նպատակով նկար նկարել, և այն չստացվեց, իսկ երբ մտածում եմ, որ պետք է նվիրեմ, ապա շատ հաջող է ստացվում»: Բաբիկն ավելի շատ նկարում է ձմռանը: Այդուհանդերձ նա իր հիմնական ուղղությունը համարում է խաչքարագործությունը:
Բաբիկ Վարդանյանը ընդհանրապես մտադրված չէ Հայաստանից գնալ որևէ այլ տեղ և աշխատել. նա ցանկանում է ապրել-աշխատել Հայաստանում ` ունենալով իր համախմբված ու ջերմ ընտանիքը: Նա մի բարի երազանք ունի. «Մարդիկ արդար լինեն միմյանց հանդեպ և հայ լինելով` մնան  հայ մշակույթը սիրող: Ես չեմ կարողանում հասկանալ, թե որն է մեր ժամանակաշրջանի հայ երիտասարդության նախընտրած ոճը, երաժշտությունը: Ինքս միմիայն ժողովրդական երաժշտություն եմ սիրում»: Բաբիկը սիրում է նաև հայկական ֆիլմեր, բայց որևէ ֆիլմից նախընտրած հերոս չունի: Նրա կարծիքով` յուրաքանչյուր մարդու հոգում մի ինքնատիպ հերոս կա, պարզապես պետք է արթնացնել այդ հերոսին և ընդգծել նրա բացառիկ կերպարը:
Իմ կարծիքով` Բաբիկը նույնպես անհատականություն է մեր երիտասարդության մեջ և արդեն գտել է ի վերուստ իր համար նախատեսված ուղին`քանդակագործությունը:

Դիանա ԲԱԽՇՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *