ՏՈՆԸ «ՀԵՔԻԱԹ» ՊԱՐԳԵՎԵՑ ԳԻՇԵՐՕԹԻԿՑԻՆԵՐԻՆ

Սիսիանի թիվ 1 օժանդակ գիշերօթիկ դպրոցի սաների համար հին Նոր տարին վերածվեց գողտրիկ տոնի եւ …իրական ու իսկական հեքիաթի: Ու այդ «հեքիաթի» հերոսները հենց իրենք էին` դպրոցի սաները` Քաջ Նազարի, Ուստիանի, Կարմիր գլխարկի, Ձմեռ պապի ու Ձյունանուշի, Արքայազնի ու Մոխրոտիկի, Գայլի, Նապաստակի, գրական ու հեքիաթային այլ հերոսների կերպարներով: Նրանք եւ նրանց ուսուցիչներն արել էին ամեն ինչ` հաճելի զարմանք ու հիացմունք պարգեւելու նաեւ օրվա հյուրերին` Սիսիանի` կանանց նախաձեռնող խմբի անդամներին, ովքեր ձեռնունայն չէին եկել շնորհավորելու օժանդակ գիշերօթիկ դպրոցի սաներին` հին Նոր տարվա առթիվ:
Սիսիանի` կանանց նախաձեռնող խմբի անդամ Գայանե Սիմոնյանը, ամանորի անակնկալ ու տպավորիչ բեմականացման ավարտից հետո, դպրոցի սաներին հանձնելով բերած նվերներն ու քաղցրավենիքը, մասնավորապես նշեց, որ Սիսիանի թիվ 1 օժանդակ գիշերօթիկ դպրոցի սաներին հովանավորել է «Քեյ Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությունը, որն արդեն 2-րդ տարին է, ինչ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, «GARE IHTERNATIOHAL Կովկասում» կազմակերպության գործընկերությամբ  «Հարավա2012_8յին Կովկասում կնոջ հնարավորությունների բացահայտման  եւ զարգացման ծրագրով» Սիսիանում իրականացրել եւ իրականացնում է մի շարք միջոցառումներ, եւ հերթականը դրանցից մեկն է: Նա հավելեց նաեւ, որ այս այցի մասին իմանալով` ծրագրին բարեսիրական աջակցություն են ցուցաբերել նաեւ սիսիանցի անհատ ձեռներեցներ Արա Զաքարյանն ու Անդրանիկ Ստեփանյանը:
Թիվ 1 օժանդակ գիշերօթիկ դպրոցի սաներին այցելելու եւ նվերներ ընծայելու համար կանանց նախաձեռնող խմբի անդամներին շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրեն Սեյրան Մակարյանը, ասելով, որ նման հոգատարության ու մարդկային ջերմ վերաբերմունքի կարիք, իսկապես, ունեն հենց այս երեխաները, ովքեր հիմնականում նաեւ սոցիալապես անապահով ընտանիքներից են: Տնօրենը, կանանց նախաձեռնող խմբի անդամներին շնորհակալություն հայտնելուն զուգընթաց նշեց, որ բարեսիրական իրենց ծրագրերում դպրոցին ամանորյա նվերներով օգնել են նաեւ Զանգեղուրի ՊՄ կոմբինատը եւ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը:
Տոներն ավարտվեցին: Բայց տոնի զգացողությունը դեռ երկար կմնա այս երեխաների հիշողության մեջ, իսկ բոլորին հաճելիորեն զարմացրած նրանց խանդավառ ու տարերքով լեցուն գեղարվեստական կատարումները` հյուրերի եւ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի տպավորություններում:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *