ՑԱՆԵԼՈՎ ԳԻՏԵԼԻՔԻ ԱՌՈՂՋ ՍԵՐՄԵՐ

2010_25

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ


Այսօր նա կլիներ 70 տարեկան, եթե 2004թ.-ի դեկտեմբերին չկտրվեր նրա կյանքի թելը:
Մելս Գուրգենի Զոհրաբյանը ծնվել է 1939թ.-ին Գորիս քաղաքում, որտեղ ուսուցչություն էին անում նրա ծնողները՝ Սիսիանի շրջանի Աղքենդ գյուղի ծնունդ Գուրգեն Զոհրաբյանը եւ բռնակոթցի Վարդանուշ Հովհաննիսյանը:
Դյուրին չեն եղել Մելսի մանկության օրերը: Հայրը 1940թ.-ին զորակոչվել է խորհրդային բանակ, մասնակցել ֆիննական եւ Մեծ հայրենական պատերազմներին ու զոհվել 1941թ.-ի վերջին: Ընտանիքի ողջ հոգսը եւ երեք զավակների դաստիարակությունը ծանրացել է մոր ուսերին: ՈՒսման հարգը իմացող ուսուցչուհի մայրը առանց հուսահատվելու ձգտել է զավակներին ուսման տալ: Պատերազմի ծանր տարիներին Մելսի Վարդանուշ մայրը լեզու եւ գրականություն է դասավանդել Աղքենդի եւ ՈՒզի թերի միջնակարգ, ապա՝ Անգեղակոթի եւ Սիսիանի միջնակարգ դպրոցներում՝ միաժամանակ կատարելով կուսակցական կազմակերպության քարտուղարի պատասխանատու պարտականությունները: Հետագա տարիներին ղեկավարել է «Գիտելիք» ընկերության շրջանային ուսուցչական խմբի աշխատանքները:
Մելս Զոհրաբյանը սկզբնական կրթությունը ստացել է հայրենի Աղքենդ գյուղի յոթնամյա, ապա՝ Սիսիանի միջնակարգ դպրոցներում, 1956թ.-ին ընդունվել Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը: ՈՒսման մեջ առաջադիմություն ցուցաբերելու եւ ուսանողական կյանքին ակտիվ մասնակցություն ունենալու համար ընտրվել է նույն ֆակուլտետի ԼԿԵՄ կոմիտեի առաջին քարտուղար եւ ուսանողական խորհրդի անդամ, համատեղության կարգով աշխատել նույն ֆակուլտետում որպես մաթեմատիկայի անալիզի կաբինետի վարիչ: 1961թ.-ին գերազանցությամբ ավարտելով ինստիտուտը՝ աշխատել է հայրենի շրջանի Տոլորս գյուղի յոթնամյա դպրոցում  որպես մաթեմատիկայի ուսուցիչ: 1963թ.-ին ուսուցիչների հանրապետական սոցմրցման հաղթող ճանաչվելով՝ մասնակցել է Էստոնիայի Տարտու քաղաքում կազմակերպված առաջավոր ուսուցիչների համամիութենական համաժողովին, իսկ 1964թ.-ին հրավիրվել Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ դասախոսելու վերլուծական դիֆերենցիալ պրոեկտիվ երկրաչափություն եւ երկրաչափության հիմունքներ առարկաները: 1966-1969թթ.-ին ավարտել է նույն ինստիտուտի ասպիրանտուրան: 1971թ.-ին նրան շնորհվել է ավագ դասախոսի կոչում: Հրատարակել է 8 գիտական եւ 5 մեթոդական հոդվածներ՝ միութենական եւ հանրապետական տարբեր գիտական պարբերականներում:
Նա հպարտություն էր ապրում այն իրողությունից, որ իր Մարկոս պապը մի քանի համագյուղացիների հետ 1918թ.-ին անդամագրվել է Զորավար Անդրանիկի կամավորական ջոկատներին: Այս հանգամանքը մեծ ազդեցություն է թողել նաեւ նրա հայրենասիրական հայացքների ձեւավորման վրա: Մարկոս պապից պակաս հայրենասեր չի եղել նաեւ Մելսի հայրը՝ Գուրգեն Զոհրաբյանը: Նույնիսկ պատերազմի ծանր օրերին նա անտարբեր չի եղել հայրենի շրջանի նկատմամբ, հետաքրքրվել է դպրոցների ուսումնական կյանքով, Անգեղակոթի դպրոցի աշխատանքներով, որի տնօրենն էր մինչ ռազմաճակատ մեկնելը:
Ի հաստատումն ասվածի՝ մեջ բերենք Գուրգեն Զոհրաբյանի վերջին նամակից մի քանի տող. «…Բարեւ իմ անգին եղբայր Համո ջան, ես արդեն դասակի հրամանատար եմ… գյուղացիներին, դպրոցի իմ կոլեգաներին ու աշակերտների ասեք, որ մենք հաղթանակով ենք տուն վերադառնալու: Բարեւիր բոլորին, բոլորին, առանձնապես տղայիս՝ Մելսին: Նրա եւ նրա հասակակից տղաների մոտ այսօրվանից է հարկավոր հիմք դնել հայրենիքին անմնացորդ ծառայելու գաղափարները…»: Այս ոգով է դաստիարակվել ու ոգեշնչվել Մելս Զոհրաբյանը եւ պատահական չէր, որ 1989թ.-ին առաջիններից մեկն էր, որ մտավ ազգային պայքարի հորձանուտը՝ մասնակցելու հայրենիքի սահմանների պաշտպանությանը, ղարաբաղյան արդար պատերազմին: Երեւանաբնակ նվիրյալ սիսիանցիների հետ 1989թ.-ին մասնակցեց «Սիսական» հայրենակցական հասարակական կազմակերպության հիմնադրմանը եւ ամբողջությամբ նվիրվեց իրեն հանձնարարված առաջադրանքների կատարմանը՝ առավելապես զբաղվելով ուսանողության եւ երիտասարդության մեջ հայրենասիրության առողջ սերմեր ցանելով, հոգեւոր արժեքները պահպանելու հարցերով, միության «Ձայն Սիսական» պարբերականում տպագրեց հայրենասիրական հոդվածներ ղարաբաղյան ազատամարտի եւ միության կատարած աշխատանքների մասին:
1991թ.-ին Մելս Զոհրաբյանն աշխատանքի է անցել Գյուղակադեմիայում, միաժամանակ՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում: 1993թ.-ին աշխատանքային լավագույն ձեռքբերումների եւ հասարակական ակտիվ գործունեության համար Մելս Զոհրաբյանը պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
Այսօր թե՛ միության անդամները, թե՛ նրան ճանաչող անձինք ափսոսանք են ապրում, որ նա կյանքից վաղ հեռացավ, որովհետեւ հոգում հայրենասիրական կրակներ դեռ շատ կային նոր սերնդին փոխանցելու: Ափսոսելով, սակայն, փաստում են, որ նրա ցանած բոլոր սերմերն աճում են այն սրտերում, ում դասավանդել, կրթել, ուսուցանել է:

Ժորա  ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

 

192 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *