ՆՈՐՎԵԳԱՑԻՆԵՐԸ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՐԳԵԼ ԵՆ ՍԻՍԻԱՆՈՒՄ

Այսօր հարյուրավոր սիսիանցիներ նույնպես միացան մեծ եղեռնի նահատակների հիշատակման համահայկական մեծ երթին եւ ծաղիկներ խոնարհեցին եղեռնի հուշարձանին:

Հայոց ցեղասպանության 100 ամյակին մասնակցելու եւ զոհերի հիշատակը հարգելու նպատակով Նորվեգիայից հատուկ դրա համար Սիսիան եկած այս մարդկանց նույնպես հանդիպեցինք այստեղ: Ինչպես նշեցին՝ սա իրենց 5-րդ այցն է Հայաստան, եւ երկրորդը՝ Սիսիան: «Առաջին անգամ Սիսիանում եղել ենք  2007 թվականին եւ ապրիլի 24-ին մասնակցել հիշատակի խոնարհումին, մեծապես տպավորվել, ապա մասնակցել Սիսիանի սուրբ Հովհաննես եկեղեցում մատուցված պատարագին ու որոշել նույն օրը, նույն ժամին Սիսիանում լինել նաեւ ցեղասպանության 100 ամյա տարելիցին»,-մեզ հետ զրույցում ասաց նորվեգացի տուրիստը: Ապա ավելացրեց, որ շատ բան գիտի հայոց պատմությունից: Չի հարգում թուրքական պետության ժխտողական քաղաքականությունը եւ դա համարում է անընդունելի:DSC01186

«Քաջատեղյակ ենք մեր մեծ հայրենակից, համաշխարհային հայտնի հումանիստ Նանսենի մարդասիրական եւ հայանպաստ գործունեությանը: Ամեն տարի Նանսենի հայրենիքում եւ հայերը եւ նրա հայրենակիցները Օսլոյում ապրիլի 24-ին այցելում են նրա գերեզման եւ ծաղիկներ խոնարհում: Ցավում եմ, որ Նորվեգիայի վարչապետն այսօր Հայաստանում չէ, Ծիծեռնակաբերդում չէ՝ նորվեգական ժողովրդի անունից հարգանքի տուրքը մատուցելու եղեռնի զոհերի հիշատակին, ինչը մենք ենք հիմա անում՝ նրա փոխարեն»,-ասաց հյուրը:

Ցեղասպանության զոհերի հուշաքարի մոտ նահատակների հիշատակի առջեւ գլուխ խոնարհելու եւ հարգանքի տուրքը մատուցելու եկած Սիսիանի N զորամասի զինծառայող, շարքային Նարեկ Ղազարյանը նշեց, որ ուզում է հայերը միասնական լինեն, պահպանեն այս փոքր հայրենիքը, որ մնացել է ցեղասպանությունից հետո: «Թե ինչ է եղել մեկ դար առաջ, դժվար է պատկերացնել, բայց դա մեր արյան, մեր հիշողության եւ մեր գեների միջոցով փոխանցվել է մեզ: Սակայն մենք չպետք է սգանք, այլ՝ պիտի ոգեկոչենք եւ ոգեկոչվենք, լինենք միասնական, պահպանենք մեր հավատը, մեր հայրենիքը՝ թեկուզ՝ արյան գնով»,-հավելեց նա:DSC01182

«Այսօրվա խորհուրդը պիտի լինի ուխտը՝  ուխտ Կոմիտասին, նրա հիշատակին: Պահանջատիրությունը որպես այդպիսին կարծես այդքան էլ հիմա ընկալելի չէ շատերի համար, պարտքի զգացումն այնքան էլ խորը չի գիտակցվում, ավելի ընկալելի է ուխտը՝ գնալ գլուխ խոնարհել միլիոնուկես նահատակների առաջ: Այսօր պիտի Կոմիտասը արժեւորվի, նրանով է մարմնավորվում ցեղասպանությունը, նա է ցեղասպանության սիմվոլը»,-նշեց Տիգրան Պապիկյանը:

Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու եկած սիսիանցիների վրա ցնցող տպավորություն թողեց Հրաչ Խալաթյանի ասմունքը՝ որպես ոգեկոչման ու ոգեշնչման, պահանջատիրոջ ու պատասխանատվություն կրողի ձայն: «2015 թվականը սգի տարի չէ մեզ համար, որովհետեւ այն, ինչ տեղի ունեցավ 1915 -ին, դրանից հետո մենք ապրում ենք, ունենք անկախ պետականություն, ուրեմն միայն հպարտանալու առիթ է, ոչ թե՝ լացելու եւ հուզվելու: Մենք պետք է հիշենք անմեղ զոհերին, բայց ոչ՝ սգալով, այլ՝ հպարտությամբ, որ ունենք անկախ պետականություն, ունենք որոշակի դեր՝ միջազգային հարաբերություններում: Ներկաներին ոգեկոչելու համար ընտրել էի Շիրազի «Դանթեականի» վերջին հատվածը՝ պիտի իմանանք՝ այն հողը, որը հայոց է եղել, հայոց կդառանա, թեկուզ՝ երկինք էլ համբառնա…»,-նույն ոգեշնչմամբ ասաց նա:

Ցեղասպանության 100 ամյա տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Սիսիանի տարածաշրջանի այլ համայնքներում: Ույծ, Դարդաս, Գետաթաղ գյուղերում կանգնեցվել են խաչքարեր եւ օծվել տեր-Ընծա Միրզոյանի ձեռամբ: Դարբասի սուրբ Ստեփանոս եկեղեցում նրա հանդիսապետությամբ մատուցվել է հիշատակման պատարագ:

Ա.ԱՄԻՐՅԱՆ

2 մեկնաբանություն ՆՈՐՎԵԳԱՑԻՆԵՐԸ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՐԳԵԼ ԵՆ ՍԻՍԻԱՆՈՒՄ հոդվածին

  1. ERB CAV ES APRUM, ANGAM TSHNAMU KARIQN ES UNENUM,… LAV E VISHTD KISOX KA, KOXQID E ANGAM OTARY… DRANIC EL AVELI ENQ HZORANUM…

  2. Minas Nazarian says:

    Norvegiaum SISIAN e shat en sirum, vore shat gnahateli e.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *