ՓԱԿՎՈՂ ԴՌՆԵՐԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՈՂ ՇԻՐՄԱՔԱՐԵՐԻ ԳՅՈՒՂԸ. ԼԾԵՆ

Լծենը փոքր բնակավայր է: Եվ հայտնի ավելի շատ իր անտառով, կուսական գեղեցկությամբ, 1347 թ.-ի Անապատ-մատուռով, 12-րդ դարին վերագրվող Եսայի մեծ իշխանի խաչքարով, որն ուսումնասիրելու համար 1974-ին, ասում են, անգամ Մորուս Հասրաթյանն է Լծեն եկել, 1830-ականներին կառուցված Սբ. Ստեփանոս եկեղեցու պատերի մեջ տեղադրված, բայց` 12-րդ դարին վերագրվող իշխանի եւ իշխանուհու տապանաքարերով, որի «հետքերով» անգամ 70-ականներին Լենինգրադից  հայ հնագետ է եկել եւ… Բակունցի չքնաղ պատմվածքով:vorotan21062013-1
Դպրոցի տնօրեն պատմաբան Կարապետ Ամիրյանն էլ ասում, որ շրջանի` հնագույն բնակավայրերի քարտեզի վրա հիշատակվող երկու բնակատեղիներից մեկը Լծենն է, ինչը, սակայն, այսօր որեւէ առավելություն կամ` հեռանկարի լույս չի բացում փոքր ու արդեն մեծիմասամբ դատարկ գյուղի համար, որտեղով ամռանն ավելի շատ տուրիստներ են ոտքով գնում դեպի Տաթեւ, քան` գյուղի բնակիչների թիվն է:
Վերջին երկու տարում այդ թիվն ավելի նվազեց` 15 նոր շիրմաքարով «հարստացնելով» գյուղի գերեզմանատունը:
Փակված դռների կողքին նոր դռներ փակվեցին, նոր դարպասներ կողպվեցին` այլեւս երբեք vorotan21062013-2չբացվելու հեռանկարով, նոր լույսեր հանգան` այլեւս երբեք չվառվելու հույսով:
Եվ բնության այդ գողտրիկ բնակավայր-անկյունը, նկատելի ու աննկատ, հիմա դարձել է պարզապես փակված դռների ու ավելացող շիրմաքարերի գյուղ:
Որքան էլ ինձ համոզեցի այսքան հոռետեսությամբ չլցվել ծննդավայրիս վաղվա օրվա հանդեպ, չստացվեց. ցավի, ափսոսանքի, հիացմունքի ու հուսահատության մտապայքարում իշխողը փակվող դռների ու ավելացող շիրմաքարերի ճնշող իրականությունն էր: Ու շիրմաքարերից մեկը` հորս թարմ շիրիմը: Նրան գյուղի գերանն էի  կարծում, ու գյուղի հարատեւումը իրենով պայմանավորում …

 

ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳՅՈՒՂԸ ՈՒՇՔԻ ՉԻ ԳԱԼԻՍ

Երբ 2001-ին Լծենի դպրոցն առանձնացավ Շամբից ու դարձավ ինքնուրույն հիմնական դպրոց, 27 նոր աշխատատեղ բացվեց գյուղում, դպրոցում 35-40 աշակերտ կար: Սակայն դպրոցների օպտիմալացման ծրագիրը անողոք հարված հասցրեց գյուղին, ինչից հետո այն այդպես էլ ուշքի չի գալիս:
Դպրոցից ստացող աշխատավարձով յոլա գնացող եւ իրենց հեռանկարը գյուղի հետ կապած մի քանի ընտանիք, որտեղ 2-3 աշակերտ կար, իրենց երեխաներին առան ու… որը` Ռուսաստան, որը` քաղաք գնաց: Օպտիմալացումը որոշ ընտանիքների համար անգամ ճակատագրական եղավ` ամուսնալուծության ելքով: Ահա քեզ օպտիմալացում: Ու չհասկացանք` էս երկրին այն ավելի շատ օգո՞ւտ տվեց, թե` վնաս: Շահա՞ծն էր շատ, թե` կորցրածը. մի բան հաստատ է. երկիրը ընտանիքներ կորցրեց ու… գյուղեր է կորցնում… Ու գյուղ կորvorotan21062013-3ցնելով հող է կորցնում, ավանդույթներ է կորցնում, քաղաքը սնող-պահող զուլալ ակունքներն է կորցնում, ազգի ոսկեբեր ոգեղեն վտակներն է կորցնում, «հողոտ, մղեղոտ, ապուպապոտ» մանկություն է կորցնում, աշխարհ խժռող առուփախի-առուծախի-առուկուլի մեջ` կուսական ու չքնաղ մի  աշխարհ է կորցնում…
Մի ժամանակ, երբ գյուղի միայն մեկ թաղից 50 երեխա էր հաճախում հողաշեն դպրոց, ու դպրոցը երկհերթ էր, հիմա` ոչ մի: Մի ժամանակ, երբ ամառները գյուղը ծփում էր հովեկների առատությունից, հիմա` անգամ երեւանաբնակ ու սիսիանաբնակ նախկին լծենցիների թոռ-ծոռներն այլեւս գյուղ չեն գալիս. պապիկ-տատիկները չկան, տները դատարկ են, դռները` փակ:
2001 թ.-ի մարդահամարի տվյալներում Լծենում եղել է 157 մարդ, 2010թ.-ի տվյալներով` 178: Լծենում հիմա բնակվում է ընդամենը …54 մարդ: 16 ընտանիք: Դպրոցում սովորում է… 6 աշակերտ: Նոր ուսումնական տարում առաջին դասարան չի լինի: Չի լինի նաեւ եկող տարի, հաջորդ տարի ու, ինչպես ասում է դպրոցի ուսուցչուհի Զարինե Վազգենյանը, առաջիկա տասը տարում եւս չի լինի…
Իսկ դպրոցի 6 աշակերտներից երեքը նրա երեխաներն են, դպրոցի տնօրենի երեխաները:
«Մի քանի տարի առաջ շատ աշակերտ ունեինք, դպրոցի շենք չունեինք, հիմա` հարմարավետ շենք կա, աշակերտ չունենք,- ասում է տնօրեն Կարապետ Ամիրյանը ու ավելացնում,- մի ժամանակ աշակերտ ունեինք` ինտերնետ չունեինք, հիմա` ինտերնետ ունենք, աշակերտ չունենք: Աշակերտներն էլ` տանը մեզ են տեսնում, դպրոցում մեզ են տեսնում, փողոցում` դարձյալ մեզ են տեսնում»:
Հարցին, թե չի՞ ափսոսում պատմաբանի իր հարուստ գիտելիքները, որ որեւէ կերպ չի իրացվում, պատասխանում է, որ ափսոսում է այն ամենը, ինչը պիտի տար աշակերտին, բայց…աշակերտ չկա: Գյուղում իր մնալն էլ պայմանավորում է առայժմ իր երեխաների` դեռեւս ցածր դասարաններում սովորելու հանգամանքով…

ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ԳՅՈՒՂԻ…. «ՀԵՌԱՆԿԱՐԸ»

vorotan21062013-4Սիմակ Մկրտչյանի ընտանիքը գյուղի հաստատուն, կայացած ընտանիքներից է: Գյուղը նրանով է գյուղ, Կարոյի, Սաշիկի, Սամվելի, Մարգարի, Լեւոնի, Արայիկի, Դերենիկի, Գեւորգի, 83-ամյա քեռի Արմիկի ընտանիքներով: Հա, իսկապես, մատներիս վրա թվարկեցի, ու այդ թիվը սպառվեց: Այս ընտանիքների առկայությամբ է, որ գյուղից դեռ գյուղահոտ է գալիս, երդիկներից  ծուխ է ելնում, պարաններին  լվացք փռվում, օջախներում  կրակ  վառվում…հազարից մեկ էլ` հարսանիք-ուրախություն:
Վերջին 5-6 տարվա մեջ առաջին անգամ մի քանի ամիս առաջ նորահարսի ոտնամուտ եղավ Լծեն: Մարգար Մարգարյանի Արշակ որդին հարս է բերել տուն, ուրախացել է ողջ գյուղը: Սակայն…
«Չեմ թողնի, որ ջահելները ապրեն այստեղ,-ասում է 56-ամյա Մարգարը,- մենք մնացինք, ինչ շահեցինք, որ նրանք մնան, կենցաղային պայման չկա, հարմարություններ չկան, բաղնիքը վառելու համար պիտի հարեւանին խնդրենք իրենց ջուրը չբացեն, ոռոգման ջուր չկա, աշխատանք չկա, հեռանկար չկա, խանութ չկա, գյուղտեխնիկա չկա, դաշտերը 30 կմ հեռու են, ուրիշ տեղից բերած տեխնիկան կրկնակի վարձ է վերցնում, հետաքրքրություն չկա, առանց այն էլ կտրված-մեկուսացած գյուղը ձմռանն էլ ամբողջովին է կտրվում դրսի աշխարհից: Եթե անգամ գյուղապետը իր պահած գյուղում չի բնակվում, գյուղի հոգսերով չի մտահոգվում, ի՞նչ պիտի լինի էդ գյուղի վերջը: Գյուղի վերջին բնակիչներից մեկը ես եմ լինելու, եւ այստեղ էլ ապրելու եմ մինչեւ կյանքիս վերջ, բայց ամեն ինչ կանեմ, որ նորապսակները էստեղ չապրեն»,-ասում է նա ու զրույցի մեջ հիշատակում գյուղամիջի գեղեցիկ ու անավարտ շենքի պատմությունը` այն համարելով գյուղի սիմվոլը. գեղեցիկ, բայց…
Շքեղ առանձնատան տերը, ով իր ազգականն էր, հիմա չկա, իսկ նրա ժառանգները հայրենիքում չեն, արտերկրում են: Մինչդեռ` Հակոբ Մարգարյանը այս տունը 90-ականներին էր կառուցել, որ Երեւանից գյուղ տեղափոխվեր…
Ի տարբերություն  նրա, 53-ամյա անասնաբույժ Սիմակ Մկրտչյանն ասում է, որ ինքը գոհ է իր կյանքից, իր ապրուստից, իր կենցաղային պայմաններից, որ, անգամ, քաղաքացին չունի, բայց, միեւնույն է, նրա հոգնած հայացքի մեջ վաղվա օրվա հույսը տկար էր: «Մի երկու գդալ, մի երկու պատառաքաղ են տվել ինձ, առանձնացրել,-ասում է նա,- ամեն ինչ իմ ձեռքերով եմ ստեղծել, դժվար եմ ապրել, շատ ժամանակ` սոված-ծարավ, դպրոցի նախկին շենքում եմ բնակվել, հետո գյուղի դատարկ տներից մեկը գնել-տեղափոխվել այնտեղ, հողամաս եմ վերցրել, վարկերի տակ ճռռալով նոր տուն եմ կառուցել, այգի հիմնել, 3 զավակներիս կրթության տվել, այսօր լավ տնտեսություն ունեմ, ամեն ինչ ունեմ, հավ, կով, ձի, ոչխար եւ չեմ դժգոհում ոչ իմ կյանքից, ոչ իմ պայմաններից, ոչ էլ մտադիր եմ  գյուղից գնալ… Որ Ռուստատան են գնում, չե՞ն տանջվում, հենա` թող էստեղ տանջվեն, էստեղ ապրեն, էստեղ ստեղծեն»:
Ասում է, ու ճիշտ է ասում: Բայց գյուղի մի ծայրից մինչեւ մյուս ծայրում գտնվող իր տուն հասնելու ճանապարհին մի քանի տասնյակ փակ դռների ու կողպած դարպասների կողքով է անցնում…

ՀՈՒՅՍԻ ՄԻ ՆՇՈՒՅԼ…

Համայնքի ղեկավար Հրահատ Նիկոլյանն էլ ասում է, որ եթե մի պետություն չի կարողանում կասեցնել գյուղի արտահոսքը, գյուղապետը ի՞նչ կարող է անել: Իր` գյուղում բնակվելն էլ ոչինչ չի փոխի այն մեծ խնդիրները լուծելու համար, որ այսօր առկա են համայնքի կյանքում: «Ես, իհարկե, ամոթով եմ մնում համայնքի անդամների առաջ, դիմում գրել-դուրս գալն էլ խնդրի լուծում չէ, համայնքապետի ձեռքին ի՞նչ կա: Ոռոգման համակարգի վերականգնման համար երկու անգամ դիմել ենք ջրպետկոմին, 6,5 կմ խողովակաշարը փոխելու համար պահանջվում է 65 մլն դրամ գումար: Ասել են` պետությունն այդքան գումար չունի, եթե պետությունը չունի, համայնքը կունենա՞: ԶՊՄ կոմբինատի հատկացրած 4 մլն դրամով վերանորոգվել է միայն 500 մետր փտած հատվածը: Եթե մարդն էլ ապրում է գյուղում, ու իր տնամերձն անգամ չի կարողանում ոռոգել, գյուղում ապրելու իմաստը ո՞րն է»:
Գյուղապետը հույս է կապում տարածքում երկրաբանա-հետախուզական աշխատանքներ իրականացնող «ՌԱԿ Միներալզ Ընդ Մեթալզինվեստ Մենթս Արմենիա» ընկերության եւ համայքնապետարանի միջեւ կնքած պայամանագրի հետ եւ ասում, որ բանակից վերադարձած 3-4 երիտասարդները աշխատատեղ կունենան, համայնքի բյուջե վարձավճարներ կմտնեն, եւ, գուցե, մի բան կփոխվի համայնքի կյանքում:
Այս պահին համայնքապետարանի տրամադրության տակ կա 5 մլն դրամ գումար, որը նախատեսված է կենցաղի տան վերանորոգման համար: Համայնքապետն ասում է, որ վերանորոգման աշխատանքների սկսելով կաշխուժանա համայնքային կյանքը:

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

…Զոհված ազատամարտիկ-բանաստեղծ Աղվանի հիշատակին կառուցված Արմաղան-աղբյուրն էլ է հիvorotan21062013-5մա կաթ-կաթ գալիս: Աղբյուրի գլխի հողաշերտը փլվել է, քարերը թափվել են, հուշարձանի տարածքը` խոտակալել. ճանապարհը, որ ոտնակոխ չեղավ, պիտի խոտակալի, բա ի՞նչ պիտի անի…
…Հիշատակների, մանկության, փակվող դռների եւ ավելացող շիրմաթմբերի  գյուղս` Լծեն:
Գյուղացիներն ասում են, որ եթե անգամ մի փոքր հույս լինի, շատերը կվերադառնան գյուղ, բնությունը շռայլ է, այգիները` հարուստ, հողը` բերքաբեր, տեղը` աստվածընտրյալ: Հույսը կապում են մերթ Տաթեւի հետ, մերթ` Հայաստան-Իրան իբրեւ թե կառուցվելիք երկաթգծի շուրջ ընթացող խոսակցությունների հետ, ու ենթադրում, որ այն Լծենի փեշով պիտի անցնի, մերթ` որեւէ բարերարի հետ, ով Լծենի անտառում տուրիստական հանգստյան գոտի կստեղծի, մերթ` Աստծո, մերթ էլ` պետական այրերի սրտացավության հետ:
Հույսը չի ամաչեցնում: Թող որ գյուղում մնացածները, գոնե, շարունակեն երազանքով, հույսով ապրել, քանի որ, ինչպես կասեր գողտրիկ Լծենի  բաղերում շատ անգամներ իջեւանած մեծ Լորեցին` «Կյանքն ապրվի պիտի, ուրիշ հնար չկա…»:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
21.06.2013

2 մեկնաբանություն ՓԱԿՎՈՂ ԴՌՆԵՐԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՈՂ ՇԻՐՄԱՔԱՐԵՐԻ ԳՅՈՒՂԸ. ԼԾԵՆ հոդվածին

  1. Գոհար Արշակյան says:

    Մեծ ցավով ու ափսոսանքով կարդացի բնության այս գողտրիկ անկյան մասին… ամեն պահ ինձ թվում էր, թե Լծեն անունը, եթե հանենք, ապա կլինի մեր երկրի ցանկացած գյուղի պատմությունը… սա ողբերգություն է… իմ պապերի գյուղն էլ Երևանին շատ մոտ է` Հարթավանն է, այնտեղ էլ կողպած դռներ շատ կան կամ ապրողները` կիսված-տողադարձ ընտանիքներ են, մնացել են ծերերը, հարսն ու երեխեք, աշխատող ձեռքերը Յակուտսկում են… տարիներ առաջ գյուղի կանանցից մեկը սրամտորեն նկատեց` «բա չգիտե՞ք, Յակուտսկն էղե մեր գեղի` Հարթավանի ֆիլյալը…»: Մենք գիտենք, ասա ապաշնորհ ու դավաճան կառավարողներն իմանան ու հասկանան , որ երկիր ղեկավարել չգիտեն և անաղմուկ հեռանան …

  2. ՍՎԵՏԱ says:

    Ցավալի է,բայց փաստ, որ Լծենի ճակատագին ունեն ՀՀ գյուղերի գերակշիռ մասը և մասնավորապես իմ հայրենի գյուղը՝ Շենաթաղը; Այս տարվա մարտ ամսին եղա գյուղում և չեմ կարող նկարագրել այն զգացողությունը,որը պատեց ինձ- ամայության զգացողությունը
    սեղմվեց կոկորդիս, ավերակ դարձած եկեղեցին էլ խեղճացած նայեց աչքերիս՝ այլևս փրկության հույս չկա, Աստված էլ մեզ չի փրկի…………

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *