ՓԱԿ ԴՌՆԵՐԸ ՑԱՎ ԵՆ ՊԱՏՃԱՌՈՒՄ

-Պարո՛ն Առաքելյան, 2010 թվականը ինչո՞վ նշանավորվեց Բռնակոթի համայնքի համար:
-Ինը տարի Բռնակոթի համայնքի ղեկավարն եմ: Մեծ ու փոքր շատ հարցեր ենք լուծել, շատ հարցեր էլ դեռ լուծման կարոտ են: Բայց պաշտոնավարման իմ բոլոր տարիների ամենամեծ ձեռքբերումը համարում եմ  մանկապարտեզի շենքի հիմնանորոգումը, կահավորումը, ջեռուցումը : Եթե երեխաների համար չէ այն, ինչ անում ես, իզուր է: Երեխան արժանի է գեղեցիկ եւ բարեկեցիկ մանկության, եւ նա մեղավոր չէ մեծերի անճարության, ապաշնորհության համար: Թե՛ համայնքի, թե՛ իմ երազանքն իրականություն դարձնելուն օգնել, աջակցել է «Վորլդ Վիժն» կազմակերպությունը` հատկացնելով 6 մլն դրամ: Ծրագրի 10 % ներդրումը եւ եւս 1 մլն 200 հազար դրամ գումար հատկացրել է համայնքապետարանը` մանկապարտեզի շենքն ամբողջությամբ հիմնանորոգելու, կահավորելու եւ առանց որեւէ խնդրի շահագործելու համար: Սրա հետեւանքով ավելացել է նաեւ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը` 40-ից հասնելով 62-ի եւ դեռ կավելանա: Քանի որ երեխաների թիվն ավելացել է, գույքը չի բավականացնում, եւ 2011-ին այդ հարցը նույնպես կլուծենք:
2010-ի հաջորդ շատ կարեւոր եւ աննախադեպ քայլը համայնքի կյանքում դարձյալ նոր սերնդին է վերաբերում, այս անգամ` դպրոցին: Բռնակոթի միջնակարգ դպրոցում ստեղծվել է թերեւս մարզում` եզակի, հանրապետությունում` եզակիներից մեկը` ինտերակտիվ գրատախտակով, տեխնիկապես` զինված, վերանորոգված ու կահավորված, ժամանակակից կրթական պահանջները բավարարող դասասենյակ: Ի սկզբանե նախատեսված լինելով որպես պատմության եւ աշխարհագրության կաբինետ, բայց ունենալով շատ ավելի լայն հնարավորություններ եւ գործառույթներ, այն կծառայի նաեւ մյուս առարկաների` ժամանակակից մեթոդներով դասավանդմանը: Այս նախաձեռնությունը ոչ միայն մանկավարժ ծնողների վաստակի ու հիշատակի հանդեպ  ձեռնարկի հեղինակ Գառնիկ Հովակիմյանի հարգանքի ու խոնարհումի տուրքն էր, այլեւ` դպրոցի, ուսուցչի, մանկավարժի, աշակերտի նկատմամբ նորովի ու նորօրյա վերաբերմունքի դրսեւորում` դրանով պայմանավորելով թե՛ երկրի հետագա առաջընթացը, թե՛ իսկական արժեքների վերաիմաստավորումը: Նախաձեռնության վրա ներդրվել է ավելի քան 7 միլիոն դրամ, ինչը, սակայն, ինչպես հավաստիացրել է ձեռնարկի հեղինակը, շարունակական է, եւ եւս մի քանի նման դասարաններ կստեղծվեն դպրոցում:
-2011-ին լրանում է Բռնակոթի միջնակարգ դպրոցի 130 ամյակը: Այն կնշվի՞ հավուր պատշաճի:
-Անպայմա՛ն: Քանի որ հենց նոր խոսում էինք դպրոցի, նրա դերի, կրթության որակի կարեւորության մասին, 130 ամյակը մեկ անգամ եւս առիթ կդարձնենք բարձրացնել վերը նշված հարցերի կարեւորությունը, մեկ անգամ եւս ետ նայել եւ հիշել հայ գիտա-մշակութային կյանքում բռնակոթյան դպրոցի թողած հսկա ժառանգությունը, նրա մեծերին, որ պատիվ կբերեին ցանկացած ազգի, եւ նրանց ու նրանց ավանդն արժեւորելով` արժանի լինել նրանց հետնորդն ու ժառանգորդը լինելու պատասխանատվությանը: Սա նաեւ պարտավորեցնում է: Գառնիկ Հովակինյանի օրինակը ցույց է տալիս, որ, ցանկության դեպքում, հնարավոր է եւ անհրաժեշտ է ետ նայել եւ առաջընթացը սկսել դպրոցից, դպրոցով:
-Իսկ սոցիալական խնդիրներ լուծվե՞լ են համայնքում:
-Մեծ աշխատանքներ են կատարվել խմելու ջրի մայր ջրագծի վրա, փոխվել է 4 կմ խողովակաշար, ներքին ցանցի 6 կմ հատված, սակայն ամբողջությամբ փոխելու ենթակա է ե՛ւ ներքին ցանցը, ե՛ւ մայր ջրագիծը, որով թե խմելու ջրի որակը կբարելավվի, թե ամբողջությամբ կբավարարի բնակչության պահանջները: Ասել, թե ջուրը քիչ է, եւ չի բավականացնում, սխալ կլինի, որովհետեւ, ջրաչափի բացակայության պարագայում, այն նաեւ անխնա են օգտագործում: Հույս ենք տածում, որ հովանավոր գտնելուց, մայր ջրագիծը փոխելուց հետո կլուծենք նաեւ ջրաչափերի հարցը:
Կարեւոր եմ համարում Սիսիան-Բռնակոթ 6 կմ ճանապարհի հիմնանորոգումը, որն իրականացվել է Հազարամյակի մարտահրավերներ ծրագրով, որի արժեքը կազմել է 600 մլն դրամ:
Անցյալ տարեվերջին Զանգեզուրի ՊՄԿ-ի հատկացրած 6 մլն 500 հազար դրամ գումարով վերանորոգվել է Բռնակոթի` առաջնային առողջության պահպանման կենտրոնի շենքը, փոխվել է տանիքը, անցկացվել ջեռուցման համակարգ:
Գյուղն ամբողջությամբ գազիֆիկացված է: Լուծել ենք փողոցների լուսավորության հարցը, աշխատանքները շարունակվելու են:
Մարզպետարանի կողմից համայնքում նույնպես մի քանի փոքր ծրագիր է իրականացվել: Գարնանային վարարումներից տուժած 20 ընտանիքի տրվել է փոխհատուցում, սոցիալապես անապահով մի քանի ընտանիք ստացել է անվճար բուժօգնություն:
– Ի՞նչ չլուծված հարցեր կան, որը կարեւորում եք, եւ որ՞ն է  համայնքի թիվ մեկ խնդիրը:
-Մի քիչ կարող է զարմանալի թվալ, բայց… Հաշվել ենք` այսօր Բռնակոթում փակ է 50 տան դուռ:  Տներ կան, որ 1-2 բնակիչ ունեն, հիմնականում` ծերեր, միայնակներ, բայց որ 50 տան դուռ փակված-կողպված է, մեծ ցավ է, տագնապ: Իհարկե, սա միայն բռնակոթյան հիմնախնդիր չէ, բայց Բռնակոթի նման գյուղի համար ծանր հետեւանք է:
Այսօր Բռնակոթում շուրջ 150 ընտանիք եւ ոչ մի տեսակի ընտանի կենդանի չի պահում, եկամուտ չունի: Անասունը պահել չկարողացան, վաճառեցին, հիմա էլ այնքան թանկ է, գնել չեն կարող: Կարծում եմ` սա էլ պետությանը մտահոգվելու լուրջ տեղիք պիտի տա:
2011-ին կլուծենք գետի հունի մաքրման, աղբահանության ու սոցիալական այլ հարցեր:
Համայնքային բյուջեի մուտքերն ապահովում ենք 95 տակոսով:
-Պարո՛ն Սռաքելյան, ինչո՞վ եք բացատրում, որ արդեն 9 տարի ղեկավարում եք համայնքը եւ դեռ ղեկավարելու եք:
-Կարծում եմ` մարդը մեկ օրվա կամ մեկ տարվա համար չպետք է ապրի կամ մտածի: Մարդիկ ինձ գիտեն եւ ընդունում են այնպիսին, ինչպիսին ես կամ: Եւ ինձ չեն էլ պատկերացնում առանց իմ հայհոյանքի, բայց դա չի խանգարում լինել նաեւ հարգող, գնահատող եւ ստանալ փոխադարձը: Մինչ մարդիկ ժամը 8-9-ին գյուղամեջ են դուրս գալիս, ես իմ տնտեսության գործերն արդեն ավարտած եմ լինում, որովհետեւ ժամը 6-ից արդեն ոտքի վրա եմ, իսկ ժամը 9-ին` գյուղապետարանում: Ոչ միայն չեմ թաքցնում, այլեւ հպարտությամբ ասում եմ, որ չոբանությունից եմ հասել այն ամենին, ինչի հասել եմ: Բայց նաեւ նվեր չեմ ստացել այն, ինչ ունեմ: Աշխատանքի արդյունք է: Երեխաներս երբեք  երես չեն առել, որ Բռնակոթի գյուղապետի զավակներն են, չեմ թողել` երես առնեն: Ի վերջո, արժեքներ կան, որ համայնքն ինքն է սահմանում իր չափանիշներով ու տարիների ընթացքում: Չհարգեցիր այդ արժեքները, չես հարգվի: Ես միշտ հաջորդ ու եկող օրվա համար էլ եմ մտածում ու տեղ եմ թողնում, թե չէ…
-Ի՞նչ եք մաղթում Ամանորի շեմին:
-Մտածում եմ այսպես` ոսկի փռոս, ասֆալտ փռես մարդկանց ոտքերի տակ, բայց նրանց չհարգես, սրտակից, կարեկից, ցավակից ու հոգսակից չլինես, գրոշի արժեք չունի քո արածը: Կյանքն է ինձ սովորեցրել լինել այն, ինչ կամ: Մաղթում եմ, որ բոլոր իրավիճակներում եւ իրադրություններում չդադարենք մարդ լինել` անկախ` գյուղապետ ես, գյուղապետ չես, պաշտոնյա ես, պաշտոնյա չես, որովհետեւ պաշտոնը հավերժական չէ…

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *