ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՍԻՍԻԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

ԱՆԴՐԱԴԱՐՁ


Հուլիսի 20-ին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի` Սիսիանի երիտասարդության եւ ուսանողության հետ կազմակերպած հանդիպումը, պարզվում է, շատ արգասաբեր եւ օգտակար է եղել հատկապես… Սիսիանի համար:

«Որոտան» թերթը իր օգոստոսի 16-ի թիվ 10-11 համարում «Երիտասարդները մատ արեցին քաղաքապետին» եւ «Վերջ` Աղասու «փորձաշրջանին». Սիսիանը պիտի ազատել այդ «փորձանքից» խորագրերի ներքո մանրամասն անդրադարձել էր այդ հանդիպմանը` իր հիացմունքը հայտնելով սիսիանցի ուսանողների եւ երիտասարդների ողջախոհության, անկաշառության եւ իրենց քաղաքի հանդեպ ունեցած մտահոգության ու սրտացավության համար: Պարզվում է` տեղին էր մեր հիացմունքը: Իսկ արդյունքը…գերազանց:
Այդ հանդիպմանը ներկա երիտասարդներից մեկը` Ռուզաննա Հովհաննիսյանը, երկու մտահոգիչ հարցադրում կատարեց քաղաքապետին. մեկը` եկեղեցի տանող փողոցի ասֆալտապատման, մյուսը` Սիսական փողոցի մայթին առաջացած ճահճուտը վերացնելու մասին:
Եկեղեցի տանող փողոցում ասֆալտապատում չկատարելու «մեղքը» քաղաքապետը բարդել էր նույն փողոցի ռիելեֆի վրա` ասելով, որ այն ասֆալտ չի պահում, պիտի սալահատակվի, եւ քանի որ բոլոր սիսիանցիներն են այդտեղով երթեւեկում, համաժողովրդական հանգանակությամբ պիտի կատարվի:
Իսկ Սիսական փողոցի մայթին առաջացած ճահճուտը, ինչի մասին գրել էինք նույն թերթի «Մայթը` խոտհարք» կսմիթի ներքո, վերացնելու մասին ասել էր, որ… «կհանձնարարի ջրմուղ-կոյուղուն` վերացնելու խնդիրը»:
Քաղաքի եւ նրա բնակիչների խնդիրների հանդեպ քաղաքապետի` 4 տարվա անտարբեր վերաբերմունքը նախընտրական շրջանում հանկարծ վերածվել է հույժ «սրտացավության», եւ, մինչ այդ անհնարին համարվող երկու խնդիրներն էլ շատ արագ «նախընտրական» լուծում են ստացել:
…Մայր արձանից մինչեւ Պանթեոնի մուտք ասֆալտ արվեց, իսկ Սիսական փողոցի մայթի ճահճուտն էլ արդեն վերացնում են… Միայն չգիտենք` քաղաքպոտը «հանձնարարե՞ց ջրմուղին», թե՞…
Բա` ասում էր` չի լինում… Տեսա՞ք, որ` լինում է: …Լինում է, եթե մի քիչ էլ Սիսիանի հոգսը իրենը համարեր…

«ՈՐՈՏԱՆ»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *