ՓԱՍՏԱԹՂԹԻՑ ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի պետական ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի համար նոր ուսումնական տարին թվով 6-րդն էր: Ինչպե՞ս է սկսվել ուսումնական գործընթացը, դիմորդ ունենալու լուրջ հիմնախնդիրը ինչպե՞ս է լուծվում: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը մ/ճ տնօրեն Արթուր Կոստանդյանի հետ:

-Պարոն Կոստանդյան, ինչպե՞ս սկսեցիք նոր ուսումնական տարին:
-Քանի որ մեր մասնաճյուղում միայն հեռակա ուսուցում է, եւ ուսումնական գործընթացը կսկսվի հոկտեմբերի վերջին, սեպտեմբերի 1 որպես այդպիսին մեզ մոտ չենք դիմավորում եւ նշում: Այժ ընդունելության հետ կապված կազմակերպչական աշխատանքներ ենք իրականացնում:
-Այս տարի դպրոցները շրջանավարտներ չունեցան, նշանակում է` դիմորդի խնդիր էլ կլինի: Կունենա՞ք բավարար քանակությամբ դիմորդ` առաջին կուրսեր ձեւավորելու համար:
– Սա, ինչպես նշվեց, մասնավոր հարց չէ, բոլոր ուսումնական հաստատություններն ունեցան եւ ունեն այդ խնդիրը: Մենք եւս դիմորդի պակաս կունենանք: Բայց, կարծում եմ, անցած տարիների համեմատ, 50 տոկ-ից ավելի դիմորդ կունենանք: Դիմորդ չենք ունենա, թերեւս, մեր միջին. մասնագիտական կրթաբլոկում (քոլեջում):
-Այդ հանգամանքն ինչպե՞ս կանդրադառնա ուսումնական աշխատանքը կազմակերպելու բնականոն ընթացքի վրա:
-Քանի որ դա ժամանակավոր երեւույթ է, մեր բնական աշխատանքը չի խաթարվի: Թեեւ ժամաքանակները կպակասեն, բայց դասախոսներ չեն կրճատվի: Իսկ քանի որ մեր դասախոսների կազմը ժամավճարային հիմունքով է ձեւավորվում, նույն` ժամավճարային հիմունքով էլ կշարունակեն աշխատել:
-Ի տարբերություն հիմնական աշխատանքի, ժամավճարային հիմունքով աշխատելը չի՞ նվազեցնում պատասխանատվության, պարտավորվածության զգացողությունը:
-Դա ավելի շատ տեխնիկական, կազմակերպչական հարց է, քան` ուսման որակի վրա դրսեւորվող ազդեցություն, որովհետեւ յուրաքանչյուր դասախոս, լինի հիմնական թե` ժամավճարով աշխատող, մտածում է նախ իր անվան, իր հեղինակության մասին, որովհետեւ այդ անունն ու հեղինակությունը դժվարին ու երկարատեւ աշխատանքի արդյունքում է վաստակել եւ այդպես հեշտությամբ չի անվանարկի իրեն միայն նրա համար, որ ժամավճարով է աշխատում:
Մեր մ/ճ-ում դասախոսում են 2 դոկտոր-պրոֆեսոր, գիտության 12 թեկնածու, եւս մոտ 10 ճանաչված դասախոս: Գիտական կոչումներով դասախոսներ ունենք նաեւ տեղի դասախոսների մեջ:
-Հեռակա ուսուցման նկատմամբ, մանավանդ` մեր օրերում, մի տեսակ այնքան էլ հարգալից վերաբերմունք չկա հանրային գիտակցության մեջ, եւ, կարծես, այն պայմանավորում են միայն բուհի դիպլոմ ստանալու «անհրաժեշտությամբ»:
-Մասնավոր դեպքեր, իհարկե, լինում են եւ կան: Դա էլ այն դեպքում, երբ դիպլոմը տվյալ անձի համար միայն սիմվոլիկ նշանակություն ունի` աշխատանքում առաջխաղացման համար: Բայց չեմ կարծում, որ զուտ բուհի դիպլոմ ստանալը այդքան շեշտադրված է, որովհետեւ այն վճարները, որ ուսանողները տալիս են ուսման համար, այնքան էլ հեշտությամբ չեն վաստակում: Եվ այդ պայմաններում վճարել ու սովորել միայն դիպլոմի համա˜ր…
Սովորել եւ դիպլոմ ստանալը, կարծում եմ, ավելի շատ հույսի տեղ է, որ որեւէ աշխատանք գտնելու հնարավորության կամ ընտրության պարագայում, բնականաբար, առավելությունը տրվելու է բուհական դիպլոմին, դրա համար էլ սովորում են բուհում:
-Ժամանակը, կյանքը ապացուցեցի՞ն, որ անհրաժեշտ էր Սիսիանում որեւէ բուհի որեւէ մասնաճյուղի բացումը, թե՞…
-Կարծում եմ` այո: Թեեւ այն հազիվ հազ ստեղծվեց ընդամենը 2005-ին, բայց բուհերի մասնաճյուղեր այլ վայրերում բացվել էին դեռեւս 60-ական թվականներից: Իսկ Սիսիանը, լինելով հանրապետության ամենամեծ ագրարային շրջաններից մեկը (իսկ ագրարային կրթությունը կապված է շրջանի հետ), պիտի ունենար նման կրթական հաստատություն եւ ունեցավ միայն 2005-ին: Այդ տարիների ընթացքում աճել է ուսանողների թիվը, ունենք 300 ուսանող, 50 աշխատող: Ի վերջո, այսօրվա պայմաններում այն լուծում է նաեւ սոցիալական մի շարք հարցեր: Երեւանից եւ այլ վայրերից մոտ 40 ուսանող տեղափոխվել եւ սովորում է մեր մասնաճյուղում: Նրանք մեր կոնտինգենտը չեն եղել, բայց մասնաճյուղի գոյությունն այսօր նրանց հնարավորություն է տվել բարձրագույն կրթություն ստանալ այստեղ:
-Իսկ այս տաիների ընթացքում մ/ճ-ի հեղինակության աճման կամ նվազման մասին ի՞նչ կասեք:
-Քանի որ մեր մ/ճ-ի կենսագրությունը դեռեւս շատ կարճ է, բայց կարող ենք փաստել մի բան, որ, սկսելով ոչնչից, ընդամենը` փաստաթղթից, այսօր դարձել ենք գործող ուսումնական կազմակերպություն, ունենք շենք, գույք, կահավորված լսարաններ, աշխատանքային գրաֆիկ, դիմորդ, ուսանող: Մի հաստատություն, ուր ելումուտ է անում 300 ուսանող, 50 աշխատակից, արդեն, անկասկած, ինչ-որ բան նշանակում է:
Քանի որ նաեւ մեր հնարավորությունների մաքսիմումից չենք սկսել, որովհետեւ մ/ճ-ի նկատմամբ դեռեւս միանշանակ համոզմունք չկար, այդ համոզմունքն ամրապնդվելուց հետո կունենանք մեր դիմորդների ռեալ թիվը: Այսինքն, հույս ունենք, որ մեր մասնաճյուղի հեղինակությունը դեռեւս աճելու է:
-Մասնաճյուղի հեռանկարը:
-Ունենալ առկա կրթություն: Թեեւ դա շատ ու շատ հարցերի հետ է կապված, հիմնականում` դասախոսական կազմ ունենալու, բայց նման ցանկություն եւ մտադրություն ունենք: Իսկ դրան հասնելու համար պիտի լավ նախապատրաստվել:
-Ո՞րն է մ/ճ-ի տեղը, դերը սիսիանյան հանրային կյանքում:
-Սիսիանի հանրությունը լսեց, սովորեց, հարմարվեց Սիսիանի ուսանողություն հասկացողության հետ, եւ այդ ուսանողությունը դուրս չէ սիսիանյան հանրային կյանքից:
-Մասնաճյուղի խնդիրները:
– Մասնաճյուղի բակի բարեկարգումը մնում է մեր հիմնական խնդիրը: Հովանավորներ ենք փնտրում ինչպես բակը բարեկարգելու, այնպես էլ լաբորատոր գույքն ու սարքավորումները արդիականացնելու ուղղությամբ: Այս տարվա դիմորդների թվաքանակի պակասը թեեւ մեր տրամադրության վրա բացասաբար կանդրադառնա, բայց հույս ունենք, որ մյուս տարի նոր դիմորդները նոր շունչ ու թարմություն կհաղորդեն մեր բուհին:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *