ՓՈՂՈՑԸ` ՄԱՅԹ, ՄԱՅԹԸ` ՃԱՀՃՈՒՏ…

Սիսական փողոցը քաղաքի մուտքն է… Ամեն օր այս փողոցով հարյուրավոր մեքենաներ են սլանում, մայթը շրջանցող ու բանուկ փողոցի վտանգը գերադասող «անկարգ» անցորդներ, երեխաներ, ծերեր են անցնում: Այս փողոցով են գնում եկեղեցի, այս փողոցով են գնում Պանթեոն, այս փողոցով են գնում գերեզմաններ, եւ հարկ է, որ նրանք, ինչպես կարգն է, հետիոտնի համար նախատեսված մայթով գնան: Բայց մայթը… անցորդինը չէ, երեխաներինն ու ծերերինը չէ, որովհետեւ այստեղ վաղուց փառավորապես տեր ու տնօրեն է ճահճուտը` գարշահոտ, տհաճ, անանցանելի: Իսկ քանի որ իրենց նախատեսած վայր հասնելու համար ուրիշ ճանապարհ չկա, մարդիկ, երեխաները, ծերեը ստիպված շրջանցում են այն` անցնելով բանուկ եւ մեքենաների սլացքի արագությունից հեւացող փողոցով` չունենալով ուրիշ ելք: Աստված հեռու տանի, իսկ վտանգը չարքի նման թաքնված է…
Բայց ճահիճն ինչով է մեղավոր, որ… իր համար նախատեսված վայրում չի ճահիճություն անում: Դե քանի որ հիմա ամեն ինչ զավթելուց է, ճահիճն էլ է «զավթողական» քաղաքականություն վարում, իսկ քանի որ «քաղաքի տերերը» աչք են փակում նրա անօրինական գործողությունների վրա, երեւի մտածում են, որ մյուսներն էլ իրենց աչք փակելու վրա աչք կփակեն: Բայց` փակեն–չփակեն, ճահիճն ինքն է աղաղակում, բլթում-բլթբլթում, գարշահոտ տարածում, վտանգներ ստեղծում, քանդում-խարխլում, աղտոտում-կեղտոտում ու իր վրա հրավիրում բոլորի աչքը, նաեւ` քաղաքի տերերի, որ տեսնեն իրենց պահած քաղաքը, որ ամաչեն, կարմրեն, եթե ընդունակ են դրան:
Շրջակա շենքերի բնակիչներն ասում են, որ հոգնել են դիմելուց: Մայթի 15-20 մետրանոց ճահճուտը չե՞ն տեսնում պաշտոնյաները, թե՞ այդտեղով նրանք չեն էլ անցնում:

Խոնարհ  Գրիգորյան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *