ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՄՀԵՐ ԱԶՈՅԱՆԻ ՀԵՏ

-Պարո՛ն Ազոյան, Դուք անհատ ձեռներեց եք եւ երբեւէ քաղաքականությամբ չեք զբաղվել: Ի՞նչն է ձեզ ստիպել նման անսպասելի որոշում կայացնել` առաջադրելով Ձեր թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնում:
-Միանշանակ ճիշտ եք, որ քաղաքականությամբ չեմ զբաղվել: Ասեմ ավելին` մենատնտեսի իմ աշխատանքը եւ անհատ ձեռներեցի իմ կարգավիճակը ինձ գոհացնում է, դրանով կարողանում եմ ոչ միայն իմ ընտանիքի հոգսերը հոգալ, այլեւ` օգնել ուրիշների, աշխատանքս էլ շատ սիրում եմ, եւ այն մեծ բավականություն է պատճառում ինձ:
-Այդ դեպքում…
-Բայց միայն քո կենցաղով եւ քո ապրուստով չի ամեն ինչ սահմանափակվում: Մեր համայնքում, մեր քաղաքում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ քեզ ոչ միայն չեն օգնում համայնքանպաստ գործեր կատարել, ծրագրեր իրականացնել, այլեւ` խանգարում են: Որպես անձ, ես կարող եմ դա անտեսել եւ դիմանալ նաեւ նման իրավիճակին, բայց լռել, որ այդ վիճակը շարունակվի, ուղղակի տրամաբանական չէ:
-Ձեր` առաջադրվելու հանգամանքը քաղաքական ինչ-ինչ զարգացումների հետեւա՞նք էր, թե՞` ինքնանպատակ:
-Միանշանակ` ինքնանպատակ չէ եւ քաղաքական զարգացումների հետեւանք է: Ես ասացի արդեն, որ երբեւէ մտադրություն չեմ ունեցել քաղաքականությամբ զբաղվել եւ քաղաքապետի պաշտոն ունենալ: Մտածել եմ նաեւ, որ Հանրապետական կուսակցությունը  անպայման կառաջադրի իր թեկնածուին, ով, համոզված եմ, ընտրվելու ավելի մեծ շանս կունենար, եւ փոփոխություն կկատարվեր  թե մեր քաղաքի, թե` քաղաքացիների կյանքում, ինչը օդ ու ջրի պես անհրաժեշտ է հիմա: Բայց երբ, ինչպես շատերի, այնպես էլ ինձ համար անսպասելի` Հանրապետականը թեկնածություն չառաջադրեց, ես ստիպված նման անսպասելի որոշում կայացրեցի` դեր ունենալու Սիսիանի համար խիստ անհրաժեշտ` քաղաքապետի փոփոխություն կատարելու գործընթացում: Ես երբեւէ չեմ մտածել, որ կխառնվեմ նման գործընթացների, բայց անհրաժեշտությունից ելնելով եմ քայլ կատարել…
-Մենատնտեսի կամ` ձեռներեցի Ձեր գործունեությունը ի՞նչ առնչություն պիտի ունենար համայնքային իշխանության հետ, որ անգամ Ձեզ խանգարեր:
-Ես էլ եմ այս համայնքում ապրում, եւ որեւէ մեկը մեզանից չի մոռացել, որ 4 տարի միայն փոշի ենք շնչել: Սա ամենապարզ օրինակը: Առկա վիճակը, որ տիրում է քաղաքում, անուղղակիորեն տանելու է դեպի քաղաքապետը, բայց` ոչ իմ խոսքով է, ոչ` իմ ասելով, ամեն քաղաքացի իր վրա զգում է դա ու գիտակցում է նաեւ փոփոխության անհրաժեշտությունը`  չցանկանալով ապրել այն իրավիճակում, որի մեջ հայտնվել է: Եթե փոփոխություն  եղավ, դրական տեղաշարժը ամեն դեպքում կարելի է սպասել, բայց եթե քաղաքապետը չփոխվեց ու մնաց նույնը, նույն վիճակը մնալու է նաեւ բոլորիս համար:
-Ի՞նչը չի գոհացնում Ձեզ:
-Իսկ որեւէ մեկին գոհացնո՞ւմ է: Եթե ասենք` լավ է, ի՞նչն է լավ, եթե ասում ենք վատ է, ուրեմն` պիտի այդ վատը փոխել: Բավական չէ` Սիսիանում ենք ապրում, մշակույթից, միջավայրից, մայրուղուց կտրված, դեռ արժանապատվության մեր զգացումների վրա են քար նետում: Եթե մեկին ասում են` սրան ձայն չտվեցիր, քեզ գործից հանելու եմ, դա արժանապատվության ոտնահարո՞ւմ չի: Այդպես ձայն տվողն էլ է չէ՞ արժանապատվությունից զրկվում:
-Այսինքն` ինչ պարտադրվում է մեզ, լռելյայն ընդունո՞ւմ ենք:
-Հա՛, ձայն չենք հանում: Նույնն էլ այսօրվա քաղաքական դաշտում է: Բայց, բացի գործողից, նման թվով թեկնածությունների առաջադրումը արդեն խոսում է այն մասին, որ շատերս ենք պատրաստ փոխել մեր իրավիճակը: Փոփոխությունը կարեւորում եմ նաեւ այն հանգամանքով, որ ընտրվածը պիտի միշտ փոխվելու մտավախությունը ունենա, որ, գոնե, մտածի ընտրողին հուսախաբ չանելու մասին եւ կախված լինի նրա ընտրաձայնից, ոչ թե`…
Գիտե՞ք ինչ կասեմ, ես բոլորովին դեմ չեմ ԲՀԿ-ին, բայց եթե նա ուրիշ թեկնածու առաջադրեր, ես չէի առաջադրվի, մտածելով, որ նորը մի բան, այնուամենայնիվ կփոխի, սակայն եթե առաջադրում է նույն թեկնածուին, ով ի վիճակի չէ որեւէ  բան փոխել, մենք պիտի փոխենք: Ճիշտն ասած, ես գործող քաղաքապետին չեմ էլ մեղադրում իր վատ աշխատանքի համար, որովհետեւ յուրաքանչյուրն աշխատում է իր ունակությունների եւ իր հնարավորությունների սահմանում: Հիմա` էս մարդը էսքան է կարողացել անել, ինչո՞ւ ենք մենք նրանից ավելին պահանջում: Մնացածը մենք պիտի որոշենք: Եթե էդքանը մեզ գոհացնում է, թող էդպես շարունակենք, եթե չի գոհացնում, առանց ցեխ շպրտելու ասենք, որ այդպես շարունակելը ճիշտ չի եւ կայացնենք մեր որոշումը` ընտրելով նորին, կատարելով այդքան անհարժեշտ փոփոխությունը:
Ես չեմ կարողանում կռան վարել, բերեն կռան վստահեն, հետո` մեղադրեն, որ այն շո՞ւռ եմ տվել, դա ճիշտ չի լինի: Ամեն մարդ պիտի զբաղվի այն գործով, ինչից հասկանում է, եւ հրաժարվի զբաղվել այն գործով, ինչից չի հասկանում:
-Ձեր մրցակիցներին ինչպե՞ս եք վերաբերում:
-Բոլորին չէ, որ ճանաչում եմ, բայց դա չի նշանակում, թե` ինձանից լավն են, կամ` ինձանից վատն են: Եթե առաջադրվել են, ուրեմն` իրենց ծրագրերն ու նպատակներն ունեն, եւ հարգալից եմ վերաբերում բոլորին:
-Դուք անկուսակցական եք, եւ քաղաքականացված մեր իրականության մեջ քաղաքական պայքարի եք գնում առանց կուսակցական հենարանի, դժվար չի՞ լինի:
-Իմ միակ խնդիրը հենց դա է, քանի որ կուսակցության թեկնածուն ունի ռեսուրս, կառույց, անդամներ` հանձնաժողովներում, ունեն ընտրական գործընթացների փորձառություն, բայց ես ունեմ մեծ ցանկություն` փոխելու այն իրավիճակը, ինչի մեջ հայտնվել է մեր քաղաքը եւ մեր քաղաքացին:
Միաժամանակ գտնում եմ, որ քաղաքապետը պիտի անկուսակցական լինի: Այլապես քաղաքապետարանը դարձնում են տվյալ կուսակցության քաղաքապետարանը: Եթե այդտեղ աշխատող որեւէ մեկն էլ չի կատարում կամ` քաղաքապետի, կամ` իր կուսակցության պահանջը, գնում են նրան «փչացնելու» ճանապարհով կամ` կուսակցությունից հեռացնելով, կամ` աշխատանքից ազատելու սպառնալիքով: Նման օրինակներ Սիսիանի քաղաքապետարանում շատ կան:
-Հնարավո՞ր է որեւէ թեկնածուի օգտին, բացի, ինչպես հասկացանք, գործողից, հանեք ձեր թեկնածությունը:
-Ձեր հարցի ձեւակերպմանը մի քիչ համամիտ չեմ: Այսպես ասեմ` եթե  զգամ, որ փոփոխություն կատարելու գործընթացում ես խանգարողի դերում կհայտնվեմ,  չեմ ցանկանա խանգարել եւ կզիջեմ, բայց այդպես միանշանակ ասել, որ որեւէ մեկի օգտին կհանեմ, չէ՛, այդպես չի լինի:
-Ինքդ կդիմե՞ս թեկնածուներից որեւէ մեկին` քեզ պաշտպանելու եւ քեզ սատարելու համար:
-Կդիմեմ Տիգրան Պողոսյանի նախընտրական շտաբ` նրա թեկնածությունը հանելու եւ ինձ պաշտպանելու համար: Նման պարագայում իմ` հաղթելու հավանականությունը ավելի կմեծանա: Եթե ինձ սատարեն, կշարունակեմ պայքարը, եթե չէ, ինքնաբացարկ կհայտնեմ` պարտվողի դերում չհայտնվելու համար:
-Հասկանալի է, որ, բացի գործողից եւ նրա տնտեսվարից, մյուս թեկնածուները միանշանակ դեմ են նրան: Այդ դեպքում` ձայները փոշիացնելու վտանգը չկա՞:
-Մտածել եմ եւ մտածում եմ այդ մասին, եւ այն խնդիր է բոլորիս համար, քանի որ միանշանակ բոլորս փոփոխություն ենք ցանկանում: Իմ գերխնդիրը, սակայն, ինչպես ասացի, քաղաքապետ լինելը չէ, իմ խնդիրը առկա վիճակը փոխելն է, ինչը կօգնի նաեւ իմ` Սիսիանում իրականացվող բարեգործական ծրագրերի իրականացմանը:
-Իսկ քաղաքապետարանը ինչպե՞ս պիտի խանգարի նույնիսկ բարեգործական ծրագրեր իրականացնելուն:
-Պատկերացրեք` խանգարում է, ինչը աբսուրդ է: Փոխարեն իրենք շահագրգիռ լինեն, իրենք օգնեն, խանգարում են: Մարզադպրոցի սեփականության վկայականը չտրամադրեցին` մարզադահլիճը ջեռուցելու ծրագիրն իրականացնելու համար, եւ այսօր այն չի ջեռուցվում, մանկական խաղահրապարակ էինք ցանկանում դնել մեր բնակելի շենքի երեխաների համար, տարածք չտրամադրեցին, մեր վարձակալած զբոսայգում քարե նստարաններ էինք տեղադրում, նաեւ` լուսավորություն պիտի անցկացնեինք, փոխարեն քարի մի ծայրից էլ իրենք բռնեին, օգնեին, նախագիծ են պահանջում: Ու բազմաթիվ նման օրինակներ, որից գալիս ես եզրակացության, որ քո համայնքի իշխանությունը գործում է նույն համայնքի բնակչի դեմ` անգամ բարեգործական ծրագրեր իրականացնելիս:
-Ի դեպ, Ձեր վարձակալած զբոսայգու մասին: Քաղաքապետը բազմիցս ասել է, որ անբարո է 90 տարով այգի վարձակալելը եւ այն նպատակին չծառայեցնելը: Անբարո է համարում նաեւ, որ չեք օգտագործում քիչ է, մերժում եք այգին համայնքի տնօրինմանը վերադարձնելու` նրա առաջարկությունները:
-Ես ուրիշ բան կասեմ: 2008-ին քաղաքապետարանից մեզ դիմել են այգին բարեկարգելու համար: Ճգնաժամի պատճառով հետաձգել ենք, բայց առաջարկել ենք անհրաժեշտության դեպքում ետ վերադարձնել համայնքին: Մեր առաջարկությունը մերժել են:
-Բայց քաղաքապետը նույնը շարունակում է ասել հիմա` իր նախընտրական հանդիպումների ժամանակ, կրկնելով, որ Ազոյաններից էլ, Սարգսյաններից էլ ետ եմ վերցնելու այգիները:
-Ինչպես` 2008-ին, այնպես էլ այսօր պատրաստ ենք այգին տրամադրել թե քաղաքապետարանին, թե` ցանկացած ձեռներեցի` միայն մանկական խաղահրապարակ կամ` հանգստի գոտի դարձնելու պայմանով: Սակայն եթե մենք պիտի ետ վերադարձնենք, իրենք վաճառեն, ետ չենք վերադարձնի: Մենք ընդամենը փրկել ենք այգին` պահպանելով այն: Այգուց մի հատված կար, որը մեր տնօրինման տակ չէր, վաճառեցին` 1 մ.ք.-ին` 100 դոլարով, խանութներ ու շենքեր կառուցեցին: Պատկերացնո՞ւմ եք` ինչ գումար կարող էինք աշխատել այդ տարածքից, բայց չենք արել, որովհետեւ Սիսիանում այգին պիտի այգի մնա:
-Դուք իրավապահների հետ խնդիրներ ունեիք…
-Երեւի առանց սանկցիայի մորս տանը կատարված  ապօրինի խուզարկության մասին եք ասում: 20 հոգանոց մի խումբ` զինված, դիմակներով մտել են եւ խուզարկել տունը: Իմ գնահատմամբ` դա մարդկանց բռնության ենթարկել էր: Ես բոլոր ատյաններում արդարացվել եմ, բայց դրա համապատասխան գործընթացը դեռեւս կշարունակվի, որովհետեւ կազմակերպիչները առ այսօր անպատիժ են մնացել օրենքի առաջ: Ես դրանով դեռ կզբաղվեմ:
– Ի՞նչ կցանկանայիք ավելացնել մեր զրույցին, որի մասին չհարցրեցի:
-Սիսիանում անհրաժեշտ է քաղաքապետի փոփոխություն, եւ դա միայն իմ ցանկությունը չէ: Եթե մարդուն անընդհատ ասում են` վատ է, վատ է եւ նրան նորից հնարավորություն են տալիս մնալ իր տեղում, դա է ամենավատը: Եթե հասարակության բոլոր շերտերն են դժգոհում, ու հանկարծ նորից նույն մարդուն տեսնենք համայնքապետի պաշտոնում, պատկերացնո՞ւմ եք` ինչ կկատարվի…
Փոփոխությունը օդի ու ջրի պես անհրաժեշտ է թե Սիսիանին, թե սիսիանցիներին:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ  

Հ.Գ.  Սիսիանի համայնքի ղեկավարի թեկնածու Մհեր Ազոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *