ՓՈՔՐԻԿԸ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ ԵԿԱՎ ՄՈՒԹ ԾՆԱՐԱՆՈՒՄ

Վերջերս Վայքի հիվանդանոցում նորածին երեխայի հետ տեղի ունեցած սահմռկեցնող լուրը ինձ եւս խորապես հուզել էր, որովհետեւ նույն այդ օրերին ես էլ էի բալիկ ունեցել, բայց` Սիսիանի հիվանդանոցում: Սակայն իմ եւ իմ երեխայի մասին չէ, որ գրում եմ:
Հունիսի 6-ին հորդառատ անձրեւից վթարվել էին էլեկտրալարերը, եւ հիվանդանոցը հոսանքազրկվել էր: Մեզ` նորամայրերին մոմեր բաժանեցին եւ հուսադրեցին, որ խուճապի չմատնվենք, քանի որ հիվանդանոցի տնօրինությունն ամեն ինչ անում է վթարը վերացնելու ուղղությամբ: Բուժանձնակազմը մեզ հուսադրում էր, բայց իրենք  մտահոգ էին` «Գոնե այսօր ծնունդ չբերեն»,- ասում էին նրանք: Բայց ծնունդը աստծո կամք է, եւ ոչ` մարդու ցանկություն, ու գիշերվա մթության մեջ ծննդաբերական բաժանմունքը լցվեց երկունքի ցավերից գալարվող կնոջ ձայներով: Մութ ծնարանում անասելի իրարանցում սկսվեց: Լույս չկար: Հինգ ժամ շարունակ մութ ծնարանում կենաց-մահու պայքար էր: Բայց, գուցե, հենց նման օրհասական պահերին է, որ մարդ դրսեւորում է իր էության բոլոր կողմերը` դրական թե բացասական: Բուժանձնակազմը «ելքը» գտավ. մոմերի, բջջային հեռախոսների լույսի տակ լույս աշխարհ եկած նորածինը առողջ տղա էր:
Լույսը բացվեց: Բացվեց նաեւ ծնունդն ընդունած բուժանձնակազմի տրամադրությունը, եւ նրանք արդեն սկսեցին կատակել` իմանալով, որ մայրը նորածնին Ռոման է անվանակոչել: «Էնքան ռոմանտիկ պայմաններում ծնվեց նորածինը, մոմերի եւ հեռախոսների լույսի տակ, որ նրան Ռոման անվանեցին»:
Ինչպես չխոնարհվես իրենց մասնագիտական պարտքը նման ծայրահեղ պայմաններում նման սրտացավությամբ կատարող բժիշկների առաջ եւ փառք չտաս, որ դու էլ քո զավակին աշխարհ ես բերում նրանց հույսով:

Խոնարհ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *