ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ. ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔՆ ԱՆԳԱՄ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՉՈՒՆԻ

-Պարոն Համբարձումյան, որպես ճարտարապետ, որպես երկար տարիներ Սիսիան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած մարդ, ասացեք, խնդրեմ, այսօր քաղաքաշինական եւ ճարտարապետական ի՞նչ խնդիրներ կան Սիսիանում:
-Արդեն երրորդ տարին է` չեմ աշխատում, քաղաքաշինության բաժինը մնացել է անտեր, մասնագետներ չկան, չունեն: Մի երիտասարդ շինարար են բերել, որ զբաղվում է ճարտարապետությամբ, որն իրենից դուրս է: Ճարտարապետությամբ զբաղվողը, անկախ` տարիքից, փորձից, կրթությամբ եւ մասնագիտությամբ պիտի ճարտարապետ լինի: Սիսիանի քաղաքապետարանում կրթությամբ եւ մասնագիտությամբ ճարտարապետ չկա:
Բաժնի պետն ընդհանրապես կապ չունի քաղաքաշինության հետ: Ընդհանրապես կապ չունի եւ ճարտարապետությունից ոչինչ չի հասկանում: Էսօր քաղաքապետարանում չկա մեկը, որ կարողանա պատասխանել ինչ է ճարտարապետությունը հարցին: Քաղաքապետն էլ իրեն դրել է չգիտեմ ինչի տեղ` որ ամեն ինչ հասկանում է, բացարձակապես ոչինչ չգիտի քաղաքաշինությունից եւ ճարտարապետությունից: էսօր անտեր է քաղաքը, քանդվում, խաթարվում է: Էս քաղաքին տեր է պետք, որ եղածը պահպանի եւ նոր ավերածություններ չանի:
Սիսիանը նորմալ, գեղեցիկ քաղաք էր, ձեռագիր կար, դիմագիծ կար, քաղաքաշինական նորմեր կային, չափանիշներ կային, բայց ի՞նչ են անում էսօր…
-Իսկ ի՞նչ են անում:vorotan24082013
-Գայի թաղամասում, զորամասի հուշաղբյուրի դիմաց, երկու նոր «շինություն» է ծլել, ի՞նչ են կառուցում, մարդ չգիտի, պադստանցիա՞ է, ի՞նչ է, փնթի, անճաշակ, խնդրում եմ` գնացեք նկարեք: Նույնը` Սիսական փողոցում` «Ակբա կրեդիտ» բանկի հարեւանությամբ, նույնը` Չարենցի փողոցում, Որոտան 2 բ-ում… եվ դա կոչում են ճարտարապետությո՞ւն, քաղաքաշինությո՞ւն, գոմ է` անճաշակ կառույցներ` տնկած որտեղ պատահի, ոնց պատահի:
Էսօր բոլորին լիցենզիա են տալիս:
-Ո՞վ է տվողը:
-Քաղաքաշինության նախարարությունը:
-Բա դրա հետ ի՞նչ կապ ունի Սիսիանի քաղաքապետարանը:
-Մեկին լիցենզիա են տալիս, ինչ-որ երրորդ մարդ էդ նախագիծն անում է` տեղյակ էլ չի` ինչ ա: Էսօր նախագծեր են անում մարդիկ, որ կյանքում մատիտ բռնած չկան: Եվ նրանց արած նախագծերը հաստատվում են քաղաքապետի կողմից, տրվում է շինարարության թույլտվություն:
-Դուք «աբիժնիկի» տոնով եք խոսում:
-Այո, վիրավորված եմ, բայց ոչ թե նրա համար, որ չեմ աշխատում: Ես կլինեմ, չեմ լինի, կապ չունի: Ի վերջո, քաղաք ենք կառուցել, ձեռագիր ենք թողել, Սիսիանը դիմագիծ ուներ… Քաղաքում պետք է մասնագետներ աշխատեն, ասելիքս դա է, որ մի բան կառուցելիս իմանան, որ երկու օրվա համար չի, քարը քարին պիտի դրվի դարերի համար: Վաղը-մյուս օրը իրենք ամաչելու են իրենց արածների համար:
-Եթե ընդունակ լինեին ամաչել, նման սխալներ գուցե թույլ չէի՞ն տա:
-Գիտեք` չեն հասկանում, որ հասկանան, չեն անի: Քաղաքապետարանում իրենց մասնագետ պետք չի, որ անեն այն, ինչ ուզում են, մասնագետը հաստատ չէր թողնի, կկանխեր քաղաքաշինական այդ ավերը, եւ այդ անճակությունները այս ու այնտեղ «չէին ծլի»:
-Հենց այն, որ արդեն երեք տարի է` ինչ Սիսիանը չունի անգամ գլխավոր ճարտարապետ, ինչի՞ մասին է խոսում:
-Երեք տարի է` քաղաքի գլխավոր ճարտարապետի տեղը թափուր է: Կամ` իրենք չեն ուզում մասնագետ բերել, կամ` մասնագետը չի ցանկանում նրանց հետ աշխատել: Հենց մեկը Հրահատի տղան, իրենց էլ բարեկամ է, եւ մասնագիտությամբ` ճարտարապետ: Եթե նա աշխատեր, հաստատ չէր թողնի այն, ինչ հիմա են անում, որովհետեւ մասնագետ է:
Կամ` մեկին բերել էին` տեղակալ Աշոտ Գրիգորյանին, շինարար էր, նա էր ամեն ինչը կարգավորում` իրեն դրած ամենագետի տեղ: Բայց ի՞նչ արեց ինքը իր գլխին: Եկավ, իրենց համար ինչ ուզում էին` արեց, դատվեց, փախավ-գնաց:
-Այսօր իսկական պրոֆեսիոնալի, մասնագետի մեծ դեֆիցիտ կա հատկապես մեր քաղաքում, Դուք ինչո՞ւ դուրս եկաք աշխատանքից, մնայիք, աշխատեիք, անձնական խնդի՞ր կար…
vorotan24082013-2Ոչ մի անձնական պատճառ: Հենց առաջին օրը Աղասը եկավ ասաց` չեմ ուզում քեզ հետ աշխատել: Սխալվեցի, հենց այն ժամանակ պիտի դիմում գրեի, մի երկու տարի իմ մնալն էլի օգուտ բերեց նրանց:
-Ի՞նչ պատճառաբանությամբ ազատեցին:
-Կիմիկը մի գրություն էր գրել` քաղաքի սահմանագծային կետերը խախտելու չգիտեմ ինչ… Կիմիկ, արա, դու ո՞վ ես…
-Ի՞նչ կետ էիք խախտել:
-Ես համոզվեցի, որ նրանց ընդհանրապես մասնագետ պետք չէ, որ ինչ ուզեն` անեն: Էսօր ընդեղ (քաղաքապետարանում) բոլորն էլ դարձել են ենթակա` իրենց կաշին փրկելու եւ իրենց աշխատավարձը ստանալու համար:
-Բայց, ասում են, Դուք եք անհաշտ բնավորությամբ, եւ Ձեզ հետ է դժվար աշխատել:
-Մասնագիտական, ճարտարապետական խնդիրներում` հա: Բայց 32 տարի աշխատել եմ Սիսիանի համար, հիմքից գիտեմ էս քաղաքի ճարտարապետությունն էլ, քաղաքաշինությունն էլ: Եվ եթե էս քաղաքում ճարտարապետական ու քաղաքաշինական մի լավ բան կա, թերի բաներ էլ կլինեն, ես եմ արել եւ ամեն ինչը` օրենքի սահմաններում:
Աշխատել եմ ռայկոմի 4 քարտուղարի հետ, գործկոմի 6 նախագահի հետ, 2 քաղաքապետի հետ, եւ բոլորն էլ ինձանից գոհ են եղել: Գործի մեջ անհամաձայնություններ էլ կլինեն: Բայց սրա հետ (Աղասի Հակոբջանյան.-խմբ.) չստացվեց հենց ամենասկզբից:
-Բայց, պարոն Համբարձումյան, հայտնի է, որ Սիսիանում քաղաքաշինական եւ ճարտարապետակամն նորմերի խախտումները ի հայտ եկան հենց նախորդ քաղաքապետի` Լավրենտ Սարգսյանի պաշտոնավարման շրջանից, եւ Դուք էլ գլխավոր ճարտարապետն էիք, ու նրա հետ` մտերիմ:
-Ասեմ. էդ խախտումներն այսպես էր. օրենքները թույլատրում էին, որ ով ինչի համար դիմում էր քաղաքապետարան, ստանում էր իր ցանկացածը: Օրենքը հետո փոխվեց: Իսկ այսօր միայն իրենց համար է, իրենց ծանոթի, իրենց բարեկամի: Այս քաղաքապետի ընդունած առաջին 4-5 որոշուները կատարվել են միայն իրենց համար:
-Իսկ Դուք, որպես ճարտարապետ, խախտումներ չե՞ք արել:
-Հիմնականում` ոչ: Եթե 1-2 բան արել ենք, դա էլ եղել է ղեկավարների ցուցումներով, եւ դրանք էն խախտումները չեն, որ հետագայում քանդման ենթակաvorotan24082013-3 լինեն: Մանր-մունր բաներ են եղել, եւ ինձ ամաչելու տեղիք չեն տալիս:
-Հիմա ամաչելու տեղիք կա՞:
-Եկող սերունդն ի՞նչ է ասելու, չի՞ ասելու` էդ տարիների մարդկանց ձեռքը բռնող չի՞ եղել: Էս ամենը գալիս է հենց ընդեղից (քաղաքապետարան), որ ոչ մեկն ընդեղ ոչ օրենք է կարդում, ոչ  նորմատիվներն է հասկանում, ոչ էլ  որեւէ մեկի հետ համաձայնեցնում են: Ով որտեղ ինչ շինարարություն ուզում-անում է, ինչ ուզում կառուցում է:
Չարենցի փողոցի Եղիշը, որ հիմա շինարարություն է անում կարմիր գծի խախտումով, մի 2-3 անգամ դիմել էր ինձ, մերժել էի, բայց այսօր այդ շինարարությունն անում է: Նույնը` նրա դիմացի մայթի շինությունը: Նույնը` Որոտան 2բ շենքի քթի տակ բսնած անճաշակ կառույցը, «Որոտան» կինոյի ետնամասը: Ի՞նչ է դա: Սկզբում ասացինք` էն բազարը տեսքի գա, կարգին շուկա դառնա, հիմա ի՞նչ է` իրար գլխի լցրած, իրար քիթ մտած, փնթի, անճաշակ, անհասկանալի շինություններ ու կառույցներ: Խի՞ ըտենց քաղաքաշինություն է լինում: Սա է էսօրվա Սիսիանի «ճարտարապետական դիմագիծը», ձեռագիրը, քաղաքաշինական պատկերը:
Ժամանակը եկավ, երբ պետությունը մի քիչ հարստանա, դրանք բոլորը քանդելու են:
-Իսկ ի՞նչ է կարմիր գիծը:
-Փողոցի կազմակերպված կառուցապատման գծից դուրս կառույց իրավունք չունեն անել: Բոլոր նորմատիվները խախտվել են, դրանք պիտի համաձայնեցվեն անգամ Գայի վարչության հետ` անկյունային մասերի պահպանության, լուսատուների, տեսանելիության կանոնները պահպանելու համար: Չի արվել: Որտեղ մի ազատ տարածք են տեսնում, շինություն են «տնկում», հասել են մայթերին, բակերին, բանջարանոցներին, խաղահրապարակներին, այգիներին ու կանաչ գոտիներին:
-Ո՞վ պիտի դրա դեմն առնի: Բնակչի հոգը չի, իրենը իր անձնական շահն է, թույլտվություն տվողինը` իր գրպանի շահը:
-Քաղաքի տերը քաղաքապետն է, նա պիտի կանխի, նա էլ չի հասկանում, իրեն ոնց ձեռնտու է, էնպես էլ անում է:
Բայց, բարեբախտաբար, կառավարությունը, զգալով այդ խնդրի լրջությունը եւ անհրաժեշտությունը, վերջերս ստեղծեց քաղաքաշինական կոմիտե: Իմ կարծքիով այն կկատարի նախկին Գոսստրոյի` Պետշինի գործառույթները: Մասնագետը պիտի թելադրի, թե որտեղ ինչ պետք է կառուցել, ինչպես կառուցել, եւ կառուցապատման նախագծերը պիտի համապատասխանեցվեն քաղաքի գլխավոր հատակագծին, համաձայնեցվեն քաղաքաշինական կոմիտեի հատակագծման բաժնի հետ: Թե չէ` քաղաքապետը մասնագետ չի, գյուղապետերից մեկը կոլխոզնիկ է, մեկը` տրակտորիստ,  մեկը` չգիտեմ ինչ, դրա համար ով ինչ ուզել արել է: Դրա համար Սիսիանը դարձել է գյուղաքաղաք` կեղտոտ, փոշոտ, քանդված, անդեմ:
vorotan24082013-4-Ասում են` միջոցներ չկան:
-Միջոցներ շատ կան, եթե ճիշտ օգտագործվեն դրանք եւ իմանան` ինչի համար: Քաղաքի տերը պիտի մտածի քաղաքը պահպանելու  մասին, ոչ թե` ըստեղ-ընդեղ ցուցադրություններ անի: Եթե քաղաքապետը մասնգագիտությամբ շինարար չէ, ճարտարապետ չէ, նրա կողքին գոնե շինարար ու գլխավոր ճարտարապետ պիտի լինեն: Եթե չկան, քաղաք էլ չկա…
-Լավ, պարոն Համբարձումյան, Ադոնցների քանդակները տեղադրելու համար Սիսիանում չգտնվեց համայնքային սեփականության համապատասխան մի տարածք, որտեղ հնարավոր կլիներ կանգնեցնել դրանք: Սիսիանը համայնքային գրեթե ոչինչ չունի: Եվ նախկին համայնքային սեփականությունը մասնավոր անձից վերցվեց: Էս ի՞նչ է արվել Սիսիանի հետ:
-Տարածքներ կային, քաղաքապետարանում մարդ չկար, որ իմանար` կա թե չկա: Ճարտարապետի հոտառություն պիտի ունենային, որ իմանային: Ընդեղ ո՞վ կա, որ ասի` որտեղ կարելի է արձան դնել: Մարդ չկա: Հետագայում ինձ դիմեցին, եւ ես առաջարկեցի Երեւանյան այգու այդ հատվածը:
-Բայց Դուք շրջանցում եք իմ հարցը: Այդ տարածքը համայքնային սեփականություն չէր, մասնավորեցված էր, հետագայում էլ չի բացառվում նման  խնդիրների առաջ  կանգնել: Համայնքային սեփականություն Սիսիանը չունի այսօր:
-Ես չեմ ուզում մտնել իրենց գործերի մեջ: Երկու տարում համաժողովրդական հանգանակությամբ, նշանավոր սիսիանցիների ջանքերով ու հսկայական ներդրումներով մի կերպ գլուխ եկավ Վուրգի արձանը, իսկ էսօր, մասնավոր ներդրմամբ, գրեթե նույն ծավալի աշխատանք է կատարվում, եւ այս ընթացքում քաղաքապետարանից մի անգամ չեկան-չհետաքրքրվեցին, Սիսիանի համար չի՞:
-Ո՞վ գար:
-Քաղաքապետը: Մի օր արտասահմանցի հյուրեր էր բերել, ասում է` ինչի՞ ասֆալտը մինչեւ ընդեղ չեք արել, ինչի՞ գրանիտ չի, ինչի՞ սենց չի, ինչի՞ ընենց չի, ասֆալտն  էլ թող ինքն անի, վաղը-մյուս օրը հյուրեր է բերելու, ցուցադրի, թե` ես եմ արել, ոնց որ Վուրգի արձանն է իրեն վերագրում:
-Եվ, այնուամենայնիվ, անկախ որեւէ մեկից, կյանքը շարունակվում է, ինչպե՞ս եք պատկերացնում Սիսիանի վաղը:
-Ես միշտ լավատես եմ եղել, բայց հիմա լավատեսության հիմքեր չկան: Էն որ նոր էր եկել, ասում էր` պետք է լինի եվրոստիլ, ապակեպատ, գրանիտ, մարմար… Բա` ո՞ւր է… Հինգ տարվա մեջ մի հանրային արտաքնոց կառուցեր գոնե: Նրանը միայն հրապարակն է, կուլտուրայի տնից մինչեւ բանկի խաչմերուկ: Էն էլ եմ ես սարքել է, ինքը միայն սեմուշկայի մնացորդներն է հավաքում, մեկ էլ` խոտը հնձում, ասում է` քաղաքապետ եմ…
Ցավում եմ Սիսիանի համար, ինչպես որ բոլորն են ցավում…
Սիսիանում աշխատել են Արեգ Իսրայելյանը, Վալտեր Մնացականյանը, շնորհաշատ Գառնիկ Եղիազարյանը, վաղամեռիկ Հրահատը, շատ ու շատ  շնորհալի ճարտարապետներ, բայց Սիսիանն այսօր նույնիսկ գլխավոր ճարտարապետ չունի, էլ ո՞ւմից ինչ սպասես…

Զրույցը` Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ
24.08.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *