ՔԱՂԱՔԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ… ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ

Ասում են՝ մինչեւ սիսիանցիները «ծնողական ժողով» չեն հայտարարում, Սիսիանում համայնքային ամենափոքր խնդիրն անգամ չի լուծվում:

Ասում են նաեւ՝ մինչեւ մենք էլ «ծնողկոմիտեի նիստը» չենք հրավիրում ու մեր թագավորությունը մրցանակի տեղ գրավ չենք դնում, Սիսիանը արագընթաց քայլերով «չի բարգավաճում»…

«Ծնողական ժողովի» հերթական թեման… Սիսիանի հրապարակն է: Էն հրապարակը, որի հրապարակապետը մի ժամանակ քաղաքապետ Աղասն էր…

Հիմա դա էլ չունի…Հիմա մենակ՝ քաղաքապետարանի աթոռապետն է, բայց դա էլ ոտ առած-փախած գնում է…դեպի «բարգավաճ ու ապահով» դատարաններ…

Հրապարակն էլ է խեղճի ձեռից «թռավ-ջուրն ընկավ…»: Լուրջ եմ ասում, լուրջ…

Բա էդ քաղաքի քաղաքապետը իսկի մի քիչ ամոթ չարեց, որ հարյուրավոր մարդկանց, հյուրերի, զինվորականների աչքի առաջ, զոհված զինծառայող Կարեն Գալստյանի աճյունը Պանթեոն տեղափոխող ավտոշարասյունը մի կերպ հաղթահարեց հրապարակի խրամատները:

Դրանից հետո էլ՝ աչքը սարքելու փոխարեն հոնքն էլ հանեցին:

Երբ մարտ ամսին Սիսական գնդի 20 ամյակի զորահանդեսի համար քանդում էին հրապարակի ծաղկանոցները, մեզ խնդրեցին բան չգրել: Ասացին, որ քանդածը կվերականգնվի զորահանդեսից հետո:
Բայց քանդածն այդպես էլ ամիսներով մնաց…
Մարդկանց ամոթ-աբուռը սասանվեց մեկ էլ…
Մեկ էլ մեկ գիշերվա մեջ, երբ Հայաստանի առաջին երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում պիտի անցկացվեր ԱՊՀ երկրների երիտասարդական համաժողովը, ափալ-թափալ արեցին, որոշ փոսեր «կարկատեցին»…ու տեղադրեցին այս բարիկադ-սալիկները որպես… ուղեփակոց… Ու երթեւեկության համար փակ գոտի հրապարակում հիմա տեր ու տնօրեն են… մեքենաները…

Տերդ մեռնի Սիսիան,- կասեր հանրահայտ Թաթոսը,- մե տես վո՞վ ի քաղաքապետդ…

Քաղաքապետից՝ հրապարակապետ, հրապարակապետից՝ աթոռապետ, աթոռապետից՝ մեղադրյալի վերածված բարգավաճած ԲՀԿ Աղասի Հակոբջանյան, է՞ս ինչ քյաֆուր բախտի հասար…

Երջանիկ ՎՇՏՈՒՆԻ
09.09.2014

DSC00115 DSC00114
DSC08484 DSC00045

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *