ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ` ՄԱՍՆԱԿԻՑ

Քաղաքի թիվ 3-րդ միջն. դպրոցի 10-րդ «բ» դասարանում բաց դաս էր` «Քաղաքացիական հասարակության տեղեկատվական համակարգը եւ զանգվածային լրատվամիջոցները» թեմայով:
Դասարանը բաժանվել էր պայմանական 4 խմբի` «Ազատ մամուլ», «Տեղեկատվական համակարգ», «Լրագրողը» եւ «Գլավլիտ», ու խմբերից յուրաքանչյուրը կատարում էր այն դերը, որն արդեն վերապահվել էր իրեն:
Աշակերտները համոզված էին, որ քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում շատ կարեւոր է ազատ խոսքի, ազատ մամուլի դերը: Տեղեկացված էին, որ պետության կողմից ընդունված օրենքներով երաշխավորված են խոսքի ազատությունը, քննադատության ազատությունը եւ հրապարակայնությունը: Այս հարաբերություններում շատ կարեւորեցին տեղեկատվական համակարգը, որի բաղադրատարրերն են պետությունից անկախ գործող հասարակական, մասնավոր կազմակերպությունները, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցները: Վերջիններս ժողովրդավարական երկրներում պայմանականորեն համարվում են 4-րդ իշխանություն` օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունից հետո:
Աշակերտները բերեցին կոնկրետ`«գրաքննությունով անցած» եւ գրաքննությունով չանցած տեղեկությունը լսարանին հասցնելու օրինակներ` իրենց ուսումնառության առօրյայից եւ նախապատվությունը տվեցին գրաքննությունով չանցած տեղեկատվությանը, որը օբյեկտիվ է, անաչառ եւ համոզիչ: Շատ կարեւորեցին նաեւ լրագրողական էթիկան, խոսքի ազատությունը ամենաթողության հետ չշփոթելը, մերժեցին չստուգված, զրպարչական տեղեկատվության տարածումը, իմացան նաեւ, որ չի թույլատրվում պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության հրապարակումը: Նրանց համար առավելապես հետաքրքիր էր նաեւ այն, որ լրագրողը կարող է եւ իրավունք ունի իր շահերը պաշտպանել դատարանում` օրենքով, եւ միշտ չէ, որ փողը կամ ծանոթը կարող են ավելի զորավոր լինել, քան` օրենքը, լրագրողական անաչառությունն ու սկզբունքայնությունը:
Բաց դասից տպավորությունն այնպիսին էր, որ իրենց դերի մեջ գտնվող յուրաքանչյուր խումբ եւ յուրաքանչյուր անհատ առավել իրազեկված է իրենց իրավունքների ու պարտականությունների մասին եւ պատրաստ է դրանք պահպանել ու կիրառել:
Տեղյակ լինելը, տեղեկատվական տեխնոլոգիաներին քիչ թե շատ տիրապետելը, նաեւ` ընդդիմադիր լրատվամիջոցներին հետեւելը, տարբեր լրատվամիջոցներով հնչող լրատվությունը համադրելը նրանց հնարավորություն է տալիս ստեղծել իրենց կարծիքը երեւույթի մասին եւ տալ իրենց գնահատականը:
Վստահաբար կարելի է ասել, որ այս սերունդը անառարկելիորեն ազատ պայմաններում մեծացած եւ դաստիարակված սերունդն է, որը լինելու է քաղաքացիական հասարակության ձեւավորման մասնակիցը եւ կրողը:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *