ՔԱՂԱՔԻ ԿՈՉՈՒՄԸ ԴԱՍՏԱԿԵՐՏԸ ՔԱՂԱՔ ՉԴԱՐՁՐԵՑ

Դաստակերտը տարածաշրջանի դժվարին ճակատագիր ունեցած եւ դժվար ձեւավորված համայնքներից է: Բայց նաեւ Դաստակերտը հենց ինքը ապացուցեց, որ` «հայրենիքը չեն ընտրում», այն տրված է ի վերուստ, իսկ նրան տրված էր նաեւ կայանալու դժվարին ուղին սեփական կամքով հարթելու միակ ընտրանքը: Եվ Դաստակերտը, ի պատիվ դաստակերտցիների, մնաց, ապրեց, կայացավ ու ապրում է համայնքային իր լիիրավ կյանքը: Ինչպես ասում են, դրան շատ բանով նպաստել է նաեւ 1999-ին ծնունդով դաստակերտցի, բարձրագույն կրթությամբ երիտասարդ տղայի` Նաիրի Ֆիլոսյանի` համայնքի ղեկավար ընտրվելու իրողությունը: Մի քանի թեւի, մի քանի խմբի բաժանված համայնքը կամաց-կամաց համախմբվեց, համերաշխվեց ու հասկացավ, որ կազմակերպված համայնքապետից շատ բան է կախված համայնքային «սառած կյանքը» ոտքի կանգնեցնելու, խնդիրներ լուծելու եւ կայունացնելու համար:
Համայնքի խնդիրների, արված գործերի, կատարվելիք ծրագրերի մասին խնդրեցինք պատմել հենց իրեն` Դաստակերտի համայնքի ղեկավար Նաիրի Ֆիլոսյանին:

-Երբեմնի շեն ու աշխույժ Դաստակերտը, որ շրջանի արդյունաբերական կենտրոններից էր, բժշկական տեխնիկայի գործարանի «հոգեւարքի» հետ  ինքն էլ խաթարվեց: Ինչպես ընդհատվեցին գործարանի` երկրի տարբեր քաղաքների հետ կապվող բոլոր թելերը, այնպես էլ կտրվեց Դաստակերտը մեծ աշխարհին կապող «կյանքի թելը», եւ նրան ապրելու, գոյատեւելու դժվարին ճակատագիր բաժին ընկավ: Դրան գումարվեց 88-ի դեպքերից հետո ավանի բնակչության կազմի կտրուկ փոփոխությունը.  89-ից Դաստակերտի բնակչության 70%-ը փախստականներ էին, որոշ մասն էլ շրջանի  այլ բնակավայրերից էին այստեղ տեղափոխվել, ու Դաստակերտը դարձել էր բարդ, իրար գրեթե չհասկացող, անցյալից դեռեւս չկտրված մի միջավայր, որին դժվար էր նաեւ ղեկավարելը:
Բայց Դաստակերտն այլընտրանք չուներ, բացի` ապրելուց, կայանալուց, կայունանալուց: Ով գնալու էր` գնաց, ով չհարմարվեց տեղին, չլսեց հողի ձայնը, չմերվեց նրան, տեղափոխվեց այլ բնակավար, ով մնալու էր` մնաց, ու հողը դարձավ նրա հենարանը, նրա ապրուստի միջոցը, նրա հայրենիքը: Դաստակերտն ունի 311 բնակիչ, 125 ընտանիք, դպրոցում սովորում է 55 աշակերտ: Այսօր համայնքի նախկին փախստական բոլոր բնակիչները ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն, իսպառ վերացել է փախստական-տեղացի տարանջատումը, ստեղծվել է մերված ու համերաշխ մի համայնք` համայնքային իր ներքին կյանքով, իր առօրյայով, հույսն իր վրա, հոգսն իրենը, բայց նաեւ` գիտակից, որ ամեն ինչ միանգամից չի ստեղծվում, որ Դաստակերտը պիտի վերագտնի իր երբեմնի փառքն ու անունը, աշխույժ ու ակտիվ կյանքը: Եվ այդ հույսը կապում է իր ընդերքի հարստության հետ: Բավականին ուրախացնող են «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի կողմից տարածքում մոլիբդենի պաշարների ուսումնասիրության արդյունքները, եւ հույս կա, որ եկող տարվանից կսկսվեն մոլիբդենի կորզման ֆաբրիկայի հիմնման աշխատանքները` ստեղծելով նոր  աշխատատեղեր: ՍՊԸ-ի ղեկավարները հավաստիացնում են, որ նախ կսկսեն նախկին պոչամբարի թափոնների վերամշակումը, իսկ նոր արտադրանքը ստանալու ժամանակ ներդրվելու է այնպիսի տեխնոլոգիա, որը թույլ չի տալիս թափոնների առաջացում` շրջակա միջավայրն ապահովելով  էկոլոգիական աղտոտվածությունից: Ինչ խոսք, սա մեծ ձեռքբերում կլինի Դաստակերտի  բնակչության համար: Այրի գետի վտակներից մեկի վրա էլ կառուցվում են  փոքր հէկեր, որոնք նույնպես աշխատատեղի խնդիր են լուծում;
Վերջին տարիներին համայնքում շատ հարցեր են լուծվել: Վերանորոգվել է խմելու ջրի արտաքին ցանցը, «Սիարես» կազմակերպության կողմից վերանորոգվել է դպրոցի շենքը, պետբյուջեի հատկացրած 149 մլն դրամով  ամբողջությամբ հիմնանորոգվել է Դաստակերտի կամուրջը, «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրով անց է կացվել 250 մ խմելու ջրի նոր ջրագիծ, «Ակցիա սովի դեմ» կազմակերպության միջոցով վերանորոգվել է ակումբի շենքի տանիքը, «Սյունիք-Զանգեզուր» հիմնադրամի կողմից հատկացված 300 հազար դրամով վերանորոգվել է համայնքը դպրոցին կապող կամուրջը, որի շինանյութը տրամադրել  են համայնքի բնակիչները, «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունն իրականացնում է 30 միայնակ ծերերի խնամքը, թեեւ` մասնավոր, բայց համայնքն ապահովված է նաեւ խոտհնձիչ տեխնիկայով, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ (500 հազար դրամ) ցանկապատվել է համայնքի գերեզմանատունը: Մեծ ու փոքր այլ հարցեր եւս լուծվել են: Բայց այսօր ամենակարեւոր լուծված հարցերից մեկը համարում ենք 7 բազմաբնակարանոց շենքերից մեկի տանիքի վերանորոգումը, որի համար նախատեսված մոտ 6 մլն դրամ գումարը հատկացրել է դարձյալ Զանգեզուրի ՊՄԿ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Հույս ունենք, որ այլ կազմակերպությունների միջոցով  կկարողանանք  իրականացնել նաեւ մյուս բարձրահարկերի տանիքների վերանորոգումը:
Որպես համայնքի ամենակարեւոր հիմնախնդիր է շարունակում մնալ հողի սակավությունը: 1992-ին, մեխանիկորեն ստանալով քաղաքի կարգավիճակ, Դաստակերտի համայնքը դրանից ոչ միայն չի շահել, այլեւ` տուժել է, քանի որ այն նախկինում արդյունաբերական կենտրոն էր, չուներ վարելահողեր, հողերի սեփականաշնորհումից չի օգտվել եւ այսօր էլ չունի ոչ վարելահող, ոչ խոտհարք, իսկ միայն անասնապահությամբ եւ տնամերձ մշակելով դաստակերտցին հազիվ է կարողանում իր օրախնդիր հարցերը լուծել: Ողջ խնդիրն այն է, որ վարելահող եւ խոտհարք ունենալու հույսն էլ նվազագույնի է հասել, քանի որ վարչատարածքային սահմանները վերանայելու մեր դիմումներին որեւէ հուսալի պատասխան չի տրվում;
Եվ, այնուամենայնիվ, արտահոսքը կանխված է: Արտագնա աշխատանքի գնում են, իհարկե, բայց` ոչ մշտական, իսկ եթե աշխատատեղ լինի, իսկ երբ ֆաբրիկան գործարկվի, դաստակերտցիները վստահ են, որ սեփական հացը սեփական տանը կվաստակեն, եւ հույս են փայփայում, որ շուտով երբեմնի աշխույժ բնակավայրը կգտնի իր բնաշխարհին, իր անունին վայել կենսախնդությունը: Եվ թող որ այդ հույսը հուսավառի Դաստակերտը:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *