Քանի գլուխ կաղամբ արժե ԲՀԿ-ից փախած Աղասի Հակոբջանյանին վստահելը…

Սահմանադրական բարեփոխումների «Այո»-ի քարոզարշավին «ինքնամոռաց ակտիվությամբ» ներգրավվել է ԲՀԿ-ի ցենզով քաղաքապետ դարձած, բայց` ԲՀԿ-ից փախած, ՀՀԿ-ից մերժված ու կրկին ԲՀԿ վերադառնալ երազող, նախկին ամբաստանյալ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:

Ընդամենը մի քանի ամիս առաջ` փետրվարին, երկրի նախագահի հրաժարականը պահանջող Աղասը հայտարարում էր, որ Սիսիանի բնակչության 80 տոկոսը դեմ է երկրի իշխանություններին, ու ինքը Սիսիանի հրապարակում առաջնորդում է իշխանափոխության շարժումը, եւ պիտի ժողովրդի կողքին լինի ու նրա հետ, բայց հիմա մեծ «փութեռանդությամբ ու գլխապատառ նվիրվածությամբ» լծվել է Այո-ի քարոզարշավին:

Իսկ քանի որ հայրենի օրենքները ՀՀ անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ էլ համաներել են Աղասու`  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու պաշտոնեական կեղծիքներ կատարելու քրեական հանցագործությունները, մի քանի ամիս առաջ սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվող քաղաքապետը հիմա, ի հատուցումն համաներման, միանշանակ … կողմ է դրանց: Եվ` ոչ միայն…

Սկզբում «կռիվ է տվել» Սիսիանի «Այո»-ի նախընտրական շտաբի պետի պաշտոնի համար, սակայն, որպես հեղինակազուրկ քաղաքապետ, նրան վստահել են ընդամենը քաղաքի մի ընտրատեղամասի պատասխանատվությունը, որտեղից, իր ասելով, ինքն ամենաշատ ձայներն է բերում, բայց միայն` իր ընտրությունների համար:

Իրեն վստահված տարածքում, իհարկե, Աղասն անելու է ամեն ինչ` բավականաչափ թվեր բերելու, բայց, քանի որ մերժել են նրա` գլխավոր քարոզչական շտաբի պետ դառնալու նկրտումները, իր փորձված մեթոդներով անելու է ամեն ինչ` խոչընդոտելու մյուս ընտարտեղամասերում այո-ի գործընթացը` գլխավոր շտաբի պետին եւ մյուս տեղամասերի պատասխանատուներին հեղինակազրկելու մտայնությամբ:

Իսկ քանի որ սիսիանցիների 99 տոկոսն էլ չի հավատում եւ չի վստահում Աղասուն, քաղաքապետը գտել է իր զրոյական հեղինակությունը «վերականգնելու» յուրահատուկ ձեւ` Սիսիանի մանկապարտեզներին «բարեգարծական կաղամբ տրամադրելու» տարբերակով` այս անգամ Ույծ գյուղի բնակիչ Սպարտակի կողմից…

Բարեգործական  կաղամբ` կորսված վստահության դիմաց… Սակայն հետո դեռ պիտի ստուգել, թե ինչքա՞ն գումար է դուրս գրվելու համայնքային բյուջեից` բարեգարծական կաղամբի համար…

Իսկ հանրաքվեից հետո հաշվել, թե` քանի՞ գլուխ կաղամբ արժե Աղասուն վստահելը…

Երջանիկ ՎՇՏՈՒՆԻ
12.11.2015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *