ՔԱՆԻ, ՔԱՆԻ ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔ Է ՓՐԿԵԼ…

 

Սիսիանի 142-րդ ինքնապաշտպանական գումարտակի, անուհետև 80046 պայմանագրային գումարտակի հերոսական էջերում իրենց ուրույն տեղն ունեն բժիշկները, սանիտարներն ու քույրերը : Այդ քաջ ու անձնուրաց մարդիկ գիշեր ու զոր եղել են ջոկատի մարտիկների կողքին, կյանք ու առողջություն տալով նրանց, իսկ հարկ եղած դեպքում ինքնաձիգով նետվել են մարտի: Բազմաթիվ են դրվագները բժիշկների մասին, նրանց նվիրվածության, հոգատարության, մասնագիտական համարձակ ունակությունների մասին :
Արցախյան պատերազմում հաղթած ,,Սիսական,, լեգենդար գումարտակի բժիշկների շարքում առանձնակի հարգանքի և գնահատականի է արժանի Գագիկ Աղվանի Մեսրոպյանը, ով ,,Սիսական,, գումարտակի և այլ զորաջոկատների ու գնդերի բազմաթիվ մարտիկների և զինվորների կյանք է պարգևել:
1994թ-ի հունվար ամիսն էր: Ռազմադաշտում բոլորը գիտեին բժիշկ Մեսրոպյանին: Պաշտպանական առաջնագծից ոչ հեռու բացազատված դաշտային բուժկետում գիշեր-ցերեկ անցկացրած առաջին բժշկական օգության ցուցաբերման, հրազենային, բեկորային վնասվածքների, այրվածքների, կոտրվածքների բուժման և կատարված շտապ վիրահատությունների արդյունքում բժիշկ Մեսրոպյանը իր կոլեգաների հետ ամեն փրկված զինվորի համար փառավորվում էր, իսկ ամեն զոհված ընկերոջ համար` վշտանում: Համարյա ամեն օր, մինչև զինադադարը ռազմաճակատում թեժ մարտեր էին ընթանում: Եվ համարյա ամեն օր վիրավորներ ու զոհեր էին լինում: Բժիշկները չէին հանգստանում: Այդ զարմանալի մարդիկ օրվա մեջ քնում էին 2-3 ժամ, այն էլ վիրահատական սեղանների մոտ: Մի անգամ չեմ հիշում հատկապես ինչու, կարծեմ առաջին օգնության դեղորայք վերցնելու համար, գնացի բուժկետ: Երբ ներս մտա վրան, անմիջապես զգաստացա: Դեղորայքի, բժշկական սպիրտի և արյան հոտ առա: Վրանի պատի տակ պատգարակների վրա դրված էին խնամքով վիրակապած մեր 3 զինվորների մարմինները , որոնց փրկել չէր հաջողվել` կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքների ստացման պատճառով: Բժիշկ Մեսրոպյանը նստած էր ոչ հեռու, պինցետով բռնած իր ծխախոտի ծուխի քուլաների միջից անթարթ ու լուռ նայում էր զոհված զինվորներին: Ես նրա դեմքից զգացի թե քանի օր չէր քնել, նրա ճակատի քրտինքի կաթիլներից զգացի թէ ինչպես է ողջ գիշեր աշխատել, իսկ սպիտակ խալաթի վրայի արյան հետքերից զգացի քանի զինվորի կյանքի համար է պայքարել: Իսկ երբ բարևեցի և առաջացա, տեսա թե ինչպես են արցունքները գլորվում աչքերից:

-Գագո ջան եկել եմ մի քիչ բինտ ու յոդ վերցնեմ, – ասացի ես ցանկանալով շեղել նրա ուշադրությունը:
-Չկարողացանք փրկել, – շարունակեց նա, նայելով ինձ :
-Դու շատերին էս փրկել ու դեռ փրկելու էս , – գոտեպնդելու համար ասեցի ես :

20 տարի է անցել այդ օրվանից: Զանգեզուրի կայազորային հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Գագիկ Մեսրոպյանը դեռ շարքերում է: Քանի-քանի զինվորի կյանք է փրկել, քանի հայ մարդու առողջություն պարգևել: Վաստակաշատ վիրաբույժի մասին երկար կարելի է խոսել, բայց ես այս փոքրիկ դրվագով փորձեցի նկարագրել նրան, որպես մարդ, քաղաքացի, մարտական ընկեր և սրտացավ բժիշկ …

Հրաչ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

06/09/2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *