Քառօրյա պատերազմի տարելիցին նվիրված՝ «13» ֆիլմը ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնում

18471270_1493286344068178_478462324_n

Մայիսի 14-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված՝ «13» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի սցենարի հեղինակը լրագրող Արեն Մկրտչյանն է, ռեժիսորը՝ Գևորգ Գրիգորյանը, մոնտաժը` Հրանտ Աթոյանի, հնչյունային ռեժիսորն է Գագիկ Ներսիսյանը, երգացանկը` Մերի Մելիքսեթյանի, գեղագրությունը` Ռուբեն Մալայանի։ Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Սյունիքի Զարգացման և ներդրումների հիմնադրամի տնօրեն Դավիթ Աբովյանը, ով նշեց, որ իրենց նպատակն է ցույց տալ, որ միշտ հիշում են հերոսներին, հպարտանում նրանցով, նրանց ընտանիքներով: Նա տեղեկացրեց նաև, որ ֆիլմը թարգմանվելու է տարբեր լեզուներով և ներկայացվելու է վավերագրական ֆիլմերի տարբեր փառատոների:

Ելույթ ունեցավ Սյունիքի մարզպետ, Սյունիքի Զարգացման և ներդրումների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահե Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց, որ ֆիլմում չկա քաղաքականություն, պարզապես հարգանքի և հիշատակի տուրք է մեր այն հերոսներին, որոնց արյան, կյանքի գնով կարողացանք պահել մեր նվաճումները։ Նա նշեց, նաև որ ֆիլմի շնորհանդեսը նախատեսված էր ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին, սակայն, հաշվի առնելով նախընտրական շրջանը, զերծ մնալով հնարավոր տարատեսակ և տարաբնույթ շահարկումներից, որոշեցին այն անել ավելի ուշ: «13» վավերագրական ֆիլմը պատմում է 104 հերոսներից 13 սյունեցիների՝ Արմեն Հովհաննիսյանի, Էդուարդ Ալեքսանյանի, Սեդրակ Ասրյանի, Գագիկ Փարսադանյանի, Արմեն Գասպարյանի, Սերգեյ Դանղյանի, Եղիշե Նիկալյանի,  Կարո Համբարձումյանի, Մայիս Միրզոյանի, Արմեն Բեգլարյանի, Դավիթ Սարգսյանի, Նարեկ Մկրտչյանի, Նորայր Գասպարյանի մասին: Վերջին երկուսը ժամկետային զինծառայողներ են, մյուսները՝ կամավորներ: Ֆիլմը նկարահանվել է Սյունիքի 18471631_1493286264068186_1680425_nԶարգացման և ներդրումների հիմնադրամի նախաձեռնությամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ` Paradiplomacy Production-ի կողմից: Մայիսի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած ֆիլմի շնորհանդեսին ներկա էին ապրիլյան պատերազի զոհերի հարազատները, զինվորականներ, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, պատվավոր հյուրերի շարքում էր Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նա բարձր գնահատեց ֆիլմի գեղարվեստական արժեքը, բայց ընդգծեց. «Երանի այլևս նման ֆիլմեր նկարահանելու առիթ չունենանք: Իրապես, ռեժիսորական բարձր, հետաքրքիր լուծումներ էին գտնված, կինեմատոգրաֆի հետաքրքիր լուծումներով էր արված ֆիլմը: Բայց կրկնում եմ՝ երանի այլևս նման ֆիլմ նկարելու առիթ չունենանք»:
Նախարարը նշեց նաև այն, ինչ կատարվեց անցած տարի ապրիլին, այս ֆիլմը և արվեստի մյուս ճյուղերով անդրադարձները պետք է դառնան մատաղ սերնդի համար հերոսության, հերոսաբար դաստիարակելու, նրանց հերոսության մղելու օրինակ:
«Յուրաքանչյուր մարզի ղեկավար իր մարզի զոհված տղաների մասին անդրադարձ անելու է: Մենք խոսեցինք ավելի համակարգելու առումով, նկարահանված ֆիլմերը, որոնք ավելի գեղարվեստական բարձր որակի են, փորձենք փառատոնային տարբեր մասնակցություններ ապահովել: Կարծում եմ՝ դրանով իսկ լուրջ քաղաքական դիվիդենտներ կարող ենք շահել»,-հավելեց նախարրաը:

Ֆիլմը նկարահանվել է Սյունիքի մարզում և Արցախում: 1 ժամ տևողությամբ ֆիլմում 13 հերոսներ18555105_1493286390734840_1570199276_nի հարազատները պատմում են նրանց մասին, նրանց կյանքի վերջին օրերի, ժամերի մասին: Կամավորների հարազատների խոսքերում առանձնակի շեշտվում էր՝ լսելով պատերազմի մասին, հենց առաջին իսկ րոպեին առանց վարանելու ասում էին՝ «գնում ենք Արցախ, պատերազմ է»: Սցենարի հեղինակ, լրագրող Արեն Մկրտչյանն ասաց, որ ցանկացել են ստանալ ֆիլմ-հուշարձան, որպեսզի հերոսների սխրանքը միշտ հիշվի: «1 ժամվա մեջ ամփոփել ենք 14-ժամյա զրույց զոհվածների հարազատների հետ:  Բարդ էր նրանց հետ շփումը, այդ ամենը նորից էին վերապրում: Նկարահանման պրոցեսը բավականին բարդ ու դժվար անցավ»,- նշեց Ա.Մկրտչյանը:

Ֆիլմը դիտելուց հետո մարդիկ լուռ և թաց աչքերով էին դուրս գալիս դահլիճից, դժվարանում էին խոսել: Վերջում զրուցեցինք ֆիլմում նկարահանված մեր օրերի հերոսների ծնողների ու ընտանիքի անդամների հետ։ Ներկայացնենք նրանց կարծիքն ու տպավորությունները ֆիլմի մասին։
«Ծանր ֆիլմ էր: Տղաները բոլորն էլ արժանի էին մեծարման, հարգանքի: Բոլորն էլ արծիվ տղաներ էին»,- ասաց արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Սեյրան Բաղդասարյանի կինը՝ Արշալույս Բաղդասարյանը, ում դստեր ամուսինը՝ Արմեն Գասպարյանը, զոհվել է ապրիլյան պատերազմում:
Արմեն Գասպարյանին ներկայացրեց ազնիվ, հպարտ, համարձակ սյունեցի. «Երբ պատերազմը սկսվեց, նա հաշմանդամ էր, պահեստազորի ավագ լեյտենանտ էր: Ոչ մի րոպե չվարանեց ու առաջինը մեկնեց Թալիշ, որտեղ կնքեց իր մահկանացուն հատուկ հանձնարարություն կատարելիս»:
Նորայր Գասպարյանի մայրը՝ Նունե Աթաջանյանը, շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին այս ֆիլմի համար:
«Մեր երեխաներին ապրեցնում են: Ինձ հետ ներկա մեր հերոսների մայրերը, կանայք, նույնպես տպավորված են»,- ասաց տիկին Նունեն:
Նորայրի մասին դժվարացավ խոսել: Արցունքները թույլ չէին տալիս: Միայն կարողացավ ասել. «Իմ Նորոն տաղանդով տղա էր: Երկու ամսից ավարտելու էր ծառայությունը, տուն վերադառնար: Ափսոս մեր երեխաները: Այնպիսի սերուցք գնաց, որ …»:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

 

 

 

972 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *