ՔՈ ԾՆՎԱԾ ՕՐՎԱ ՇԻՐԻՄՆ ՀԱՄԲՈՒՐԵՆՔ…

Այսօր կրկին համախմբել, ապուպապոտ իր տան պատերի ներսում բոլորիս իրար գլխի է հավաքել հայոց պոեզիայի մեծ նահապետը` Համո Սահյանը: Հավաքել է, հատկապես հիմա, որ վերստին ահեղաձայն մռնչա «Ախր ես ինչպես վեր կենամ-գնամ», հավաքել է` խիղճը մեռած աշխարհի խարդավանքներից հեռու այս մաքուր ձորաշխարհում մի քիչ` մարդեղանալու, մի քիչ` զուլալվելու, մի քիչ` մեղքերը շատ, վերքերը շատ այս աշխարհի բեռը թեթեւացնելու, ցավը` կիսելու, հոգսը` կրելու, սերը` ավելացնելու…
Թեեւ այս աշխարհում եւ այս ձորաշխարհում աստծո ամեն օրն է Սահյանական ու ամեն օրն է Սահյանինը, բայց տարվա մեջ այս մեկ օրը գալիս DSC03966ենք Լոր` մեր հոգու մկրտարան, մեր մտքի աղոթարան, առուկուլից, առուփախից հեռու Սահյանական աշխարհ` ՆՐԱ ծնված օրվա շիրիմը համբուրելու…
Ողջունելով հյուրերին, համագյուղացիներին, Սահյանի տուն-թանգարանի բացմանը ներկա պաշտոնյաներին ու մտավորականներին, Լորի համայնքի ղեկավար Դավիթ Առուստամյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան քառօրյա պատերազմի մեր սուրբ նահատակների հիշատակը, ապա համայնքապետն ասաց` «Չգիտեմ` ճակատագիր է, թե` բախտի խաղ, բայց Սահյանի պոեզիան որքա~ն նման է իր ժողովրդին, նրա պատմությանը, նրա կենսագրությանը… Ասես երեկ էր, որ խորին տագնապով հուշում էր` մեր երգը, մեր երթը, մեր թռիչքը փալանած եզան բութ կճղակների եւ սմբակների տակ տրորել ցանկացող դարեր շարունակ եկող հոտի մասին: Ասես երեկ էր, որ կրկին մտահոգվում էր`

 Եվ նորից թափառ մի ցեղ
 Մեզ մեզնից խլել է ուզում,
Մեր ազնիվ արյունը տաք
Թեյի տեղ խմել է ուզում,
Մեր արտը դարձնել արոտ,
Մեր վիզը ծռել է ուզում:
Էհ, թող գա, թե մեղքերի
Ճահճի մեջ խրվել է ուզում:

Որքան` տագնապով, նույնքան` տոհմի կանչին հավատարիմ, պոետը, մեկ է, վստահ էր, որ մեր արտը արոտ չի դառնա, մեր արյունը` թեյ, մեր վիզը ծուռ չի մնա… Մեր պատմության համար կարեւոր եւ հերոսական այս օրերին մենք կրկին համոզվեցինք դրանում: Սահյանն, անշուշտ, հպարտ կլիներ այսօրվա հերոսացման համար, եւ նահապետի իր իմաստուն, խոհուն գլուխը կխոնարհեր մեր լուսապսակ նահատակների առաջ…»:
Համայնքի ղեկավարն ապա նշեց, որ երկարատեւ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ, վերջապես, Համո Սահյանի տուն-թանգարանը բացում է իր դռները` դառնալով հոգեւոր կարեւոր օջախ ոչ միայն Լորի եւ տարածարջանի բնակչության, դպրոցականների, Սահյանի պոեզիայի երկրպագուների համար, այլեւ` բոլոր նրանց համար, ով ապրում է Սահյանի պոեզիայով, ներշնչվում ու ինքնամաքրվում նրա ազնիվ տողերի, մաքուր խոհերի, վսեմ զգացումների աշխարհում, ով ներշնչվում է  նրա պատկերած մարդով, հողով ու նախնյաց սուրբ հիշատակներով:
DSC03924

Իր խոսքում գրակնագետ Կարո Վարդանյանը նշեց, որ Սահյանի տուն-թանգարանը սոսկ թանգարան չէ: «Բնության թանգարանը, ամենաճշմարիտ թանգարանը հենց Համո Սահյանի պոեզիան է: Սահյանի թանգարանը Սյունյաց բնաշխարհն է, ընդհանրապես` հայոց բնաշխարհն է, որտեղ ուրիշ ոչ մի տեղ բնությունը իր տարերքներով, իր մեծ ու փոքր հմայքներով, հրապույրներով էդքան կենդանի չի շրշում, էնքան կենդանի չի թրթռում, որքան Սահյանի պոեզիայում: Բանաստեղծ, ում տասնյակ բանաստեղծությունները իսկապես ձեռք են բերել  հնչեղ կարգախոսի արժեք ու նշանակություն: Կա՞ մի հայ, որ չհիշի աղոթք դարձած այս տողերը`  «Ախր ես ինչպես վեր կենամ-գնամ»: Երանի այս տողերը փակցնեինք մեր երկրի բոլոր անցակետերում, մաքսակետերում, օդակայանում, որպեսզի իր տունը, իր քաղաքը, իր երկիրը լքող հայ մարդը մի վերջին անգամ կարդար, հաստատ կարող է միտքը փոխեր կամ` գիտակցեր, թե ինչպիսի երկիր է լքում: Այս թանգարանը այսուհետեւ ավելի ու ավելի բանուկ է դարձնելու դեպի Լոր բերող ճանապարհները»,-ասաց նա:DSC03905

ՀՀ գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը հիշեցրեց Գյոթեի խոսքերը, որ յուրքանչյուր բանաստեղծի ճանաչելու համար պետք է լինել նրա ծննդավայրում: Երկիրը, պոեզիան եւ հողը պիտի սիրել հավասարաչափ, իրարով, եւ Սահյանի պոեզիան մեզ հետ կռիվ է տալիս…ինչը մեր կյանքի անբաժան մասն է: Սահմանի վրա երկիր պահող եւ երկրի համար կռիվ տվող հայ զինվորն էլ Սահյանի պոեզիայից է սնվում, Սահյանի պոեզիան երկրի սիրո, հողի, հայրենիքի պոեզիան է, որովհետեւ երկիրը, հողը եւ պոեզիան հավասարապես կապված են իրար եւ սնում, զորացնում են իրար: Սահյանի պոեզիան անվերջ վերադարձի եւ անվերջ տունդարձի պոեզիա է…
Իրենց խոսքն ասացին նաեւ գրականագետներ Դավիթ Գասպարյանը, Սամվել Մուրադյանը, այլք:
Բազմաթիվ հյուրերի թվում էին Սիսիանի ավագ դպրոցի աշակերտները, ովքեր իրենց արտասանություններով եւ բանաստեղծի խոսքերի հիման վրա գրված երգերով համամեցին օրը` իրենք նույնպես հաղորդակցվելով Սահյանի ոգեղեն ներկայաությանը, ապրելով նրա պոեզիայի ազնիվ թրթիռներով: Ինչպես նշեց Սահյանի տուն-թանգարան նրանց այցի կազմակերպման նախանձախնդիր Գեւորգ Աստարյանը, ուրախալի է, որ, Պարույր Սեւակի տուն-թանգարան այցի նման, սա էլ արդեն դառնում է ավանդական: «Ինձ համար կարեւորը դպրոցականներին, աշակերտներին գրքին, գրականությանը, պոեզիային կապելն է, ինչն ինքնին նշանակում է կապվել մայր հողին, մայր բնությանը, երկրին ու հայրենիքին»,-ասաց նա:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

  1. 04. 2016

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *