ՕՎԿԻԱՆՈՍԻ Ա՛ՅՆ ԱՓԻՑ

Լիլիթ Ստեփանյանը սովորել է Սիսիանի թիվ 2 միջն. դպրոցում, աչքի է ընկել ուսման բարձր առաջադիմությամբ, բարձր պահել իր դպրոցի եւ ուսուցիչների անունը քաղաքային, մարզային, հանրապետական առարկայական օլիմպիադաներում եւ այսպես ճանաչվել ու սիրվել: Լիլիթը, մասնակցելով աշակերտների փոխանակման ծրագրերի մրցույթին, շահել է եւ այժմ սովորում է Ամերիկայի դպրոցներից մեկում, ապրում ամերիկյան մի ընտանիքում եւ համարվում է նրանց զավակը: Լիլիթն այնտեղ էլ է լավ սովորում: Հաճախ է գրում մայրիկին, ընկերներին, պատմում ամերիկյան իր ընտանիքի, իր դասարանի ու իր կրթության մասին եւ երբեք չի մոռանում, որ եղել եւ մնում է իր հարազատ դպրոցի արդյունքը: Լիլիթը «Որոտանի» միջոցով իր ողջույններն է հղում բոլորին օվկիանոսի ա՛յն կողմից եւ ուղերձը` իր հասակակից օլիմպիականներին, ինչը սիրով փոխանցում ենք:

Սի՛րելի օլիմպիականներ,
Ձեզ եմ հղում իմ ջերմ ողջույնները Ֆլորիդայից: Շուտով սկսվելու է օլիմպիադաների շրջանը: Հուսով եմ` իմ` Ձեզ հղած դրական լիցքերը կջերմացնեն Ձեզ և կքաջալերեն ակտիվ մասնակցություն ցուցաբերել  օլիմպիադաներին:
Օլիմպիադաները ինձ համար մեծ նշանակություն ունեն, քանի որ, կարծում եմ, նաև դրանց շնորհիվ է, որ ես այսօր արժանացել եմ այս հնարավորությանը, ապրել ԱՄՆ-ում և ականատես լինել մշակույթային այս հսկայական տարբերությանը, ծանոթանալ նոր մարդկանց հետ և այցելել նոր վայրեր: Օլիմպիադաների շնորհիվ ես միշտ ձգտում եմ ունեցել դեպի գիտելիքները, միշտ փորձել եմ հասնել ավելիին: Դա մեծապես օգնել է ինձ բացահայտել իմ կարողություններն ու օգտագործել իմ բոլոր հնարավորությունները: Բայց դա ես արել եմ իմ դպրոցի միջոցով, ուստի շնորհակալություն եմ հայտնում դպրոցի տնօրենին և ողջ ուսուցչական անձնակազմին, ովքեր ինձ օգնել են հաղթահարել բոլոր դժվարությունները և հասնել բարձունքների:
Ես հաջողություն եմ մաղթում բոլոր  օլիմպիականներին: Ցանկանում եմ, որ բարձր պահեք մեր քաղաքի անունը: Ու թող արդար մրցակցության մեջ հաղթի լավագույնը:

Ողջույններով` Լիլիթ Ստեփանյան
ԱՄՆ, Ֆլորիդա

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *