ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԳԱՐՈՒՆՆ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԵՋ Է, ԻՆՉԸ ՀՈՒՇՈՒՄ Է ՆԱԵՒ, ՈՐ ՇԱՏ ՔԻՉ ԺԱՄԱՆԱԿ Է ՄՆԱՑԵԼ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՍԿՍԵԼՈՒՆ:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ գյուղացին հույսով եւ ակնկալիքով է սպասում սերմը հողին պահ տալու եւ աշնանը հատուցում ստանալուն: Սակայն, ինչպես ասում են, գյուղացու եւ գյուղատնտեսության բախտը ոչ թե իրենց ձեռքում է, այլ` բնության, եղանակի, տարվա բարեհաճության:
Եվ, այնուամենայնիվ, գարնանային աշխատանքները սկսելը յոթ սարի ետեւում չէ: Երբ խնդրին առնչվող հարցերի շուրջ զրուցում էինք գյուղատնտեսության ոլորտը սպասարկող մարզային եւ տարածաշրջանային պատասխանատուների հետ եւ փորձում տեղեկանալ հիմնախնդիրների մասին, նրանք առանձնացրեցին գյուղատնտեսական տեխնիկայի, դիզվառելիքի եւ սերմացուի խնդիրները:
Վալտեր Ավետիսյանը մասնավորապես նշեց, որ թեեւ գյուղտեխնիկան հին է, բարոյապես եւ ֆիզիկապես մաշված, բայց բավարար է աշխատանքներն սկսելու համար: Գարնանացան սերմացուի մասին ասաց, որ թեեւ չկա բարձր վերարտադրության գարնանացան ցորենի եւ գարու սերմացու, ինչը շատ ցանկալի է, սակայն գյուղացիական տնտեսությունները եւ անհատներն ունեն անհրաժեշտ քանակությամբ տեղական սերմացու: Նա հավելեց նաեւ, որ կառավարության կողմից շուկայականից ցածր գներով (3.7 հազար դրամ`գումարած տրանսպորտի ծախսը) հատկացվել է ազոտական պարարտանյութ: Ինչ վերաբերում է սաստիկ ձմռան ընթացքում ցրտահարված կարտոֆիլի սերմացուին, ապա այդ խնդրի լուծման համար նույնպես տարբերակներ առաջարկվում են, որը, սակայն, ինչպես նկատեց Լորի համայնքապետը, թանկ է (1կգ-ը` 385 դրամ): «Համայնքապետարանում փակցված է հայտարարություն այս մասին, գյուղացիները կարդում են, ծանոթանում, ձեռքները թափ տալով հեռանում»,- ավելացրեց նա:
Վ. Ավետիսյանը բավականին դրական կարծիք հայտնեց անհատ ձեռներեց Լեւոն Մկրտչյանի գործունեության մասին, որն արտասահմանյան զանազան կազմակերպությունների հետ համագործակցելով` բարձր վերարտադրողականությամբ կարտոֆիլի սերմացու է առաջարկում գյուղացիներին եւ մենատնտեսներին, որի` 1կգ-ի դիմաց առաջարկվող 550 դրամը հատուցում է ծախսերը: Դեռ ավելին, նա Լեւոն Մկրտչյանի գործունեությունը որակեց որպես շատ օգտակար գյուղացիական տնտեսությունների համար:
Թե ինչպիսին կլինի գյուղատնտեսական տարին եւ որքանով կարդարացվի մարդկանց լավատեսությունը, ցույց կտա ժամանակը: Իսկ գյուղացուն մնում է իր ջանքն ու կամքն էլ գումարել դրան, սերմը պահ տալ հողին եւ ամեն տարվա նման այս տարի էլ սպասել… աշնանը, որ… հաջորդ գարնանը նորից սերմը հույսով պահ տա հողին:

Սեփ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *