ՕՐՀՆԱՆՔՍ` ԶԱՎԱԿԱՑ ԱՍԵՄ

2009 թ-ի հունվարի 1-ի գիշերը անգեղակոթցի Գարեգին Հայրապետյանի օջախում կրկնակի, եռակի տոն էր, եւ ուրախությունը անափ ու սրտաչափ էր: Նոր տարին իր հետ սպասված, շատ սպասված, երկար սպասված աչքալուսանքի ավետիս բերեց Գարեգին Հայրապետյանի օջախ. զույգ թոռների լույս աշխարհ գալը լույսով լցրեց նրա տխրամած հոգին, ու հրճվանք ապրեց նաեւ նրա վաղամեռ կնոջ` պատին փակցված լուսանկարը:
Մինչ այդ երեք լուսաշող աղջնակ արդեն ծնվել էր այդ օջախում, ու դարբասցի Վեներա հարսը սարքով- կարգով պահում, պահպանում է տան ավանդույթը: Բայց մի բան պակաս էր, շատ կարեւոր մի բան. Գարեգին պապը տղա թոռնիկ էր ուզում, որ օջախի ծուխը ծխա, որ Վալերիկ որդին թինունք ու հենարան ունենա, համ էլ` ի՞նչ հայկական օջախ` առանց արու զավակի: Ու ծնվել է Գարեգին պապի Գարեգին թոռը հունվարի 1-ի գիշերը, բայց` ոչ միայնակ: Նրա հետ Լարիսա, Անի, Մարիամիկ քույրիկների թվին ավելացել է Գայանե քույրիկը, ու Վեներա հարսը դարձել է նաեւ զույգի մայր, բազմազավակ մայր, 5 առողջ ու լուսաչ մանչերի մայր: «Երեխան երեխա է,- ասում է Գարեգին պապը,- բայց տղան ուրիշ է»,- ու գորովանքով, ջերմ գորովանքով գրկում նորածին թոռանը, որ Վեներա հարսը սեղան դնի: Հետո ջերմագին հայացքի մեջ է առնում Վալերիկ որդուն, որ վաղը պիտի դիրքեր գնար` Աղոթարան: Վալերիկը ժամկետային զինծառայող է, դեռեւս 2 տարի ունի ծառայելու: Երեխաներին մեծացնել է պետք: Ոչ ոք չի տրտնջում: Բոլորն ուրախ են հաճելի հոգսից: Բայց բողոք ունեն, հատկապես` Գարեգին պապը. «Ասում են` ազգը շատանա, ասում են` զավակ ունեցեք, երեխա բերեք, բերեն` ո՞նց պահեն: Շնորհակալ ենք պետությունից, որ հիմա նորածիններին միանվագ 430 հազար դրամ է տալիս, տալիս է ու կանգնում կողքի»: Գարեգին պապը վրդոհված էր` ասել են` իրենց նպաստ չի հասնում, քանի որ որդին աշխատում է ու ապրում հայրական օջախում. «Գնա` վարձո՞վ ապրի, ուրիշի տ՞անն ապրի, որ 5 երեխային նպաստ հասնի: Էդպես չեմ թողնի, իրենց տված գումարը կծախսեմ, բոլոր դռները կթակեմ, որ արդարություն լինի: Եթե 5 երեխային չի հասնում նպաստը, բա` ու՞մ է հասնում»:
Նպատակներ ունի` ամեն թոռան հետ, երազանքներ` ամենքի համար, ամենաթանկը Գարեգին թոռան համար պահած երազանքն է: Աստված թող կատարի: Աստված թող պահապան լինի Աղոթարան բարձրացած Վալերիկին, զինծառայող ընկերներին` Աշոտին, Ռաֆոյին, բոլորին, որ թե՛ անգեղակոթցի Գարեգին պապի օջախում, թե՛ բոլոր հայ օջախներում լույսը բարով բացվի, լուրերը` աղավնաթեւ լինեն, այցերը` աչքալուսանքի:
«Գնա գյուղամեջ, տես` ի~նչ տղերք ենք տվել, ի~նչ տղերք են զոհվել,- ասում է Գարեգին պապը,- նրանց պակասը պիտի լրացվի, նոր ծնունդներով լրացվի, որ տունը տուն լինի, գյուղը` գյուղ, երկիրը` երկիր»:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ


Սրանից 20 տարի առաջ սարսուռ էր անցնում բոլորի մարմնով, երբ լսվում էր որեւէ մեկի` Աֆղանստանում զինվորական ծառայության տանելու մասին լուրը: Հետո ինքախաբեությամբ, թե հայրենիքի համար է ծառայությունը, մեղմվում էր տագնապը, վախը, եւ միայն Աստծո հույսին էր մնում «հայրենիքի նկատմամբ զինվորական պարտքը կատարողի» տունդարձը: Հետո է պարզվել, որ այդ «հայրենիքը» ճնշում էր մեկ ուրիշ ազգի` իր հայրենիքի ազատագրության պայքարը: Եւ ահա 20 տարի է անցել այն օրվանից, երբ խորհրդային հայրենիքի զորքերը դուրս բերվեցին Աֆղանստանից` ուրիշի հայրենիքը թողնելով տիրոջը:
Աֆղանստանում իրենց զինվորական պարտքն են կատարել նաեւ շատ հայորդիներ, շատ սիսիանցիներ: Հորեղբորորդիներ Մանվել եւ Համլետ Սուքիասյանները` նույնպես: Նրանք հիմա էլ զինվորական ծառայության մեջ են` նորից հայրենիքի պաշտպանության համար, բայց արդեն` մայր հայրենիքի, հայ հայրենիքի: Ու զինվորականի ուղին դարձել է նրանց երկուսի ճակատագիրն էլ, կոչումն էլ, մասնագիտությունն ու աշխատանքն էլ:
Երբ զրուցում էինք Մանվել Սուքիասյանի հետ, որը այն հեռավոր` 1985-ից հետո երկար ու փորձություններով լի մարտական ճանապարհ է անցել, ասաց, որ համաձայնվել է զրուցել մեզ հետ միայն այն պատճառով, որ կարողանա մի բանով օգտակար լինել իր աֆղանցի ընկերներին, որոնցից շատերը հիմա աշխատանք չունեն, անապահով են ու… մոռացված:
Մանվելն առանձնապես զրուցասեր չէր: Ասում է` 18 տարեկան էինք, գիտեինք, որ պատերազմ ենք գնում, բայց կարծես հոգով նաեւ պատրաստ էինք դրան: Գուցե` չգիտեինք պատերազմն ինչ է, բայց մի բան հաստատ գիտեինք` ամոթ էր երիտասարդ տղայի համար պատերազմից վախենալը: Այդպես էինք դաստիարակվել: Երբ պատերազմը չես տեսնում, այն ավելի սարսափելի է թվում, քան` երբ ինքդ մասնակցում ես դրան: 18 տարեկանից հրացան գցեցի ուսս, հետո, զորացրվելուց 1-2 տարի հետո ինձ թվաց, թե` վերջ, բայց` պարզվեց` նոր է սկսվում, ու մինչ օրս  զենքն ուսիս է: Պատմում է հումորով, ժպիտով, անկեղծ ժպիտով: Զավականերն ու կինը նրան այլ կերպ չպետք է տեսնեն, դա է նրա հավատամքը:
1992-ին մտել է Սիսիանի ջոկատի մեջ, երբ պարզվել է, որ իր մասնագիտության1-17 անհրաժեշտությունը կա, ու մնացել է, մնացել մինչ օրս: 94-ի հունվարի 12-ին մի քանի տղաների հետ վիրավորվել է, երբ երկրորդ զավակն ընդամենը 40 օրեկան էր: Ապաքինվելուց հետո տնեցիները հորդորել են մնալ, չգնալ Արցախ, երեխաները փոքր են, «ո՞նց կլիներ,-ասում է Մանվելը,-անհնար էր չգնալը: Մտածում էի, թե ինչ են անում տղաները, ու՞ր հասան, ի՞նչ եղան, մեկ ամիս բուժվելուց հետո նորից գնացի դիրքեր»:  Հարցնում եմ, թե կար տարբերություն աֆղանական պատերազմի եւ արցախյան պատերազմի միջեւ: Ասում է` զինվորի համար հայրենիքը հայրենիք է: Հայրենիքը ավել կամ պակաս չի լինում, հրամանը պիտի կատարվի: Բայց այն ժամանակ 18 տարեկան պատանի էինք, հիմա` հասուն այր, արդեն` մեկ կռիվ տեսած, արդեն` ընկերոջդ զոհվելը աչքիդ առաջ տեսած: Ամեն պատերազմ իր դժվարությունն ունի, եւ ոչ ոք պատերազմ չի սիրում, անգամ` հրահրողները: Էդ հետո հասկացանք նաեւ, որ աֆղանները կռվում էին իրենց երկրի համար այնպես, ինչպես մենք` Արցախի համար: Պատմում է, որ դիրքեր գնալիս դստրերին եւ կնոջը տանում էր Հադրութ, կինը` Արեւիկը հադրութցի է, հետո գնում ճակատ: Զավակները ե՞րբ մեծացան, ո՞նց մեծացան: Պատերազմի մեջ ու պատերազմից դուրս մեծացան, ու հիմա էլ, երբ իրենց հայրը իրենց կողքին է, կարոտում են նրան, հին կարոտ է, բացակա օրերի ու տարիների կարոտ: Իսկ փոքրիկ Լիլիթը, որ ընդամենը 6 տարեկան է, հայրիկին ուրիշ հագուստով չի պատկերացնում, բացի` զինվորական համազգեստից, որը նրան, ինչպես զավակներն են ասում, շատ է սազում:
Նորից փորձում եմ զրույցը տանել ետ` 20 տարի ետ, բերել- հասցնել արցախյան պատերազմին, խնդրում եմ, որ պատմի պատերազմից, մարտական գործողություններից, ասում է` «Չեմ սիրում այդ մասին պատմել, մոռանում եմ, որ չպատմեմ, կամ` չեմ պատմում, որ մոռանամ»: Չէ՛, դա արդեն հումոր չէր: 2 պատերազմ ապրած երիտասարդ մարդու համար ծանր փորձություն էր, ապրված կյանք, որից որքան էլ որ ցանկանաս ազատվել, չի լինելու: Հետո ավելացնում է` «ցավալին այն է, որ աֆղանյան պատերազմից ընդամենը 20 տարի հետո աֆղանցիներին մոռանում են, վախենամ` 20 տարի հետո արցախյան կռվի մասնակիցներին էլ մոռանան, եթե արդեն չեն մոռացել: Նրանցից շատերը հաշմանդամ են, տուն չունեն, աշխատանք չունեն: Եթե ես ծառայությունս չշարունակեի, ես ի՞նչ պիտի անեի: էդ մասին շատ խոսեք, շատ գրեք, շատ հնչեցրեք, որ` չմոռանան, որ… չմոռացվեն»:
Հարցնում եմ` պատերազմը կարծրացնու՞մ է  մարդկային սիրտը: Հարցին պատասխան չի գտնում, բայց խորիմաստ ասում է` մինչեւ չեն կրակում վրադ, կամ` մինչեւ դու չես կրակում… բայց կերազեի, որ աշխարհի բոլոր զենքերը ձուլեին, երեխաների համար համակարգիչ ու խաղալիք պատրաստեին…
Պիտի զորամաս գնար, դիրքերում գտնվող զինվորներին հաց պիտի ուղարկեր, շտապում էր: Վերջում ասաց` կարող էի դուրս գալ, բայց` սկսել էինք, պիտի մինչեւ վերջ հասցնենք…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *