ՕՐՎԱ ԹԵՄԱՆ, ՈՐ… …ՏԱՐՎԱ ԹԵՄԱՆ Է

Մարտի 1-ին սովորաբար առանձնակի սպասումով ենք սպասում: Գարնան գալուստը խանդավառում է բոլորիս, ոչինչ, որ Սիսիանում իսկական գարունը դեռեւս ուշ է գալիս, բայց այնպես թեթեւորեն ենք մեր հոգուց դեն նետում ձմռան երկար ու ցուրտ տաղտուկը, որ անկախ եղանակի տաքից ու ցրտից, միմյանց շնորհավորում ենք գարնան գալստյան առթիվ: Իսկ խմբագրության Լենան, անկախ մարտի 1-ի բուք ու բորանից, բոլորիս, բոլորիս ձնծաղիկներ է նվիրում, ու բոլորս այնպես խռովքով ենք սպասում Լենայի ձնծաղիկներին:
Այս տարի էլ Լենան չխախտեց 12-ամյա ավանդույթը եւ նվիրեց իր ձնծաղիկները, բայց… միմյանց չշնորհավորեցինք մարտի 1-ի առթիվ…Այս տարի մարտի 1-ը ձնծաղկաբույր, ճերմակաթույր, ձնծաղկատեսք չեկավ. այս տարվա մարտի 1-ի մեջ ցավ կա, արյուն կա, անմեղ զոհեր կան` ու ահա արդեն 1 տարի: Այս տարվա գարնանամուտի մեր բոլոր ձնծաղիկները նվիրվում են մարտիմեկյան զոհերի հիշատակին, իսկ այսուհետ, երբ ձնծաղիկներ կնվիրեն մեզ, նրա բույրով կխնկենք  անմեղ զոհերի հիշատակը:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *