ՄԵԾ ԵՂԵՌՆ – 93

13

…ԱՅԴՏԵՂՈՎ ԹՈՒՐՔՆ Է ԱՆՑԵԼ

«Եթե ժամանակները չփոխվեն, մարդկանց մեծամասնությունը բոլորովին խոսելու բան չի ունենա»: Բայց հայոց ցեղասպանությունը ո՛չ խոսելու և ո՛չ էլ քննարկման թեմա է: Այն պատմական ողբալի փաստ է, որը պետք է ընդունել: Այն ազգերը, որոնք ականատես են եղել այդ ցավալի իրադարձությանը և ոչնչով չեն փորձել կասեցնել այն, իրենց մեղքը կարող են «թեթևացնել» ցեղասպանության ճանաչմամբ: Այսօր ինքը` Թուրքիան է ժխտում իր կատարած եղեռնագործությունը, այնինչ` ժամանակին «Ուզեցին մեկ հայ թողնել և այն էլ… թանգարանում»: Հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազը դիպուկ է որակել թուրքերի անմարդկային արարքները` բացականչելով` «Աստված իմ, թե որ մեկ էլ աշխարհ գամ, ինձ գայլ ստեղծիր, թե մարդը սա է»:
Օտարերկրացի գրողներից շատերը նույնպես անդրադարձել են ցեղասպանության թեմային` դատապարտելով այն իրագործող ազգին: Իսկ Թուրքիան ձգտում է մտնել Եվրոմիություն: Հայ ազգի վիրավորված ինքնասիրությունը, արյան կորուստը ոչ մի կերպ հնարավոր չէ մոռացության մատնել. վերքերը չեն սպիացել ու դեռ հևում են: Այդքանից հետո թուրքերը շարունակում են իրենց` միայն թուրքին վայել արարքները. հերթականը`  Հրանտ Դինքն էր…«Այստեղով թուրքն է անցել»,-նորից կասեր Վիկտոր Հյուգոն: Ամբողջ աշխարհը, ականատես լինելով այդ դաժան իրողությանը, միաբերան ճչաց. «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք, մենք բոլորս հայ ենք»: Այո, բոլորս Հրանտ Դինք ենք, ու պետք է ապրենք մեր ազգային ոգով` չմոռանալով, որ ունեցել ենք Եղեռն, քանզի` «Նա, ով չի հիշում իր անցյալը, դատապարտված է այն նորից վերապրելու»: Պետք է մեծացնենք հայրենասիրական դաստիարակության ուժգնությունը հայկական բոլոր կրթօջախներում` աշխարհի  որ ծայրում էլ որ դրանք լինեն: Չէ՞ որ մենք ունեցել ենք Վան, Կարս, Անի, Մուշ, Արդահան, Մասիս, Վանա լիճ…: Իսկ հիմա  ու՞ր են մեր ազգային չքնաղ գանձերը, ու՞մ երեխաներն են իրենց ոտքերով քայլում այդ հողերի վրայով, ու՞մ արյունով են ծածկված այդ հողերը, և ու՞մ աչքերն են հեռվից հեռու կարոտաբաղձ նայում  Մեծ Մասիսի անարատ գագաթին:

Դիանա ԲԱԽՇՅԱՆ

ՍԱՀՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՄԱԽՄԲԵԼ ԷՐ

Ապրիլի 14: Նժդեհի անվան հրապարակ: Սահյանն իր շուրջն էր համախմբել արվեստասեր սիսիանցիներին: Մեծն Համո Սահյանի 94 ամյակը շնորհավորելու  էին եկել Սիսիանի քաղաքապետարանի աշխատակիցները, տեղի դպրոցների ուսուցիչները, աշակերտները և մարդիկ, ովքեր գնահատում և բարձր են պահում իրենց հայրենակցի հարգն ու պատիվը: Այս օրը կարծես անցած` 2004 թվականի ապրիլի 14-ի` Սահյանի արձանի բացման արարողության օրվա անդրադարձն էր: Եղանակն ասես ինչ-որ բանից դժգոհ էր. մեկ խաղաղ իր ջերմությամբ ընդունում եր միջոցառման մասնակիցներին, մեկ էլ մոլեգնում էր խենթի պես: Ասես մեծն բանաստեղծը քամու միջոցով հաղորդակից էր լինում միջոցառմանը:
Որքա~ն քիչ են սիսիանցիներին համախմբելու առիթները, իսկ այս հոգևոր և կենարար առիթը համախմբեց սահյանասերներին: Ինչպիսի~ համերաշխություն էր տիրում, չնայած դրան, ոմանց աչքերում անտարբերություն կար: Եվ ինչու՞ էին նրանք եկել:
Երաժշտական դպրոցի սան Անուշ Մատաղչյանի «Գարուն է գալիս» երգի հոգեպարար կատարումը բոլորի դեմքին հիացմունք և ժպիտ դրոշմեց: Պարի միջոցով իրենց հարգանքը ցույց տվեցին նաև Սիսիանի պարի դպրոցի սաները:
Համո Սահյանի քրոջ` Հասմիկի խոսքերով.
– Ինձ համար շատ դժվար է նայել քար եղբորս: Քանի կենդանի եմ, ամեն տարի կգամ այստեղ: Ցանկանում եմ, որ շատ Սահյաններ ծնվեն: Մեծ շնորհակալություն եմ հայտնում Սիսական աշխարհի ժողովրդին:
Ծաղիկներ էլ դրվեցին Սահյանի հուշարձանին: Ցավոք սրտի, ոմանք, անդավաճան մնալով իրենց բնավորությանը, չկարողացան իրենց քաղաքավարի դրսևորել գոնե մինչև օրվա վերջ:
ժամեր անց, երբ անցնում էի հուշարձանի մոտով, փոքրիկ ծաղկեպսակն ընկած էր գետնին ` անտեր ու լքված:

Անահիտ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

1,190 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *