…ԻՍԿ ԴԱ ԿՈՆԿՐԵՏ ՈՂՋԵՐԻՍ ԱՄՈԹՆ ԷՐ

Սիսիանի քաղաքային Պանթեոնի վերակառուցումը միանշանակ չգնահատվեց: Վկան՝ մեր կայքում այդ թեմայի շուրջ ծավալված բուռն քննարկումը, ամենատարբեր մեկնաբանություններն ու միմյանց հակասող կարծիքները: Սպասելի՞ էր նման վերաբերմունք եւ արձագանք այս գործընթացի հանդեպ, ինչո՞ւ այն միանշանակ չընկալվեց: Այս եւ այլ հարցերի պատասպանում է  ԵԿՄ Սիսիանի տարածքային կառույցի ղեկավար Արայիկ Վարդանյանը:

-Պարոն Վարդանյան, ավարտվել է ԵԿՄ Սիսիանի կառույցի նախաձեռնությամբ ընթացող Սիսիանի քաղաքային Պանթեոնի վերակառուցման առաջին փուլը, եւ, ինչպես արդեն ասել եք, աշխատանքները կվերսկսեք եղանակները տաքանալուն պես: Բայց Պանթեոնի վերակառուցումը միանշանակ չի գնահատվում, ինչո՞ւ:
-Մենք մեր տունն ենք սարքում այնպես, ինչպես մենք ենք ուզում, իսկ մարդիկ, որ հիմա կարծիքներ են հայտնում, ո՞ւր էին պատերազմի ժամանակ, մտել էին պատատակերը:
-«Մեր տունը» հասկացողությունը մի քիչ…
-Այո, դա մեր տունն է:
-Որքան էլ որ փոխաբերական իմաստով ասեք՝ «մեր տունն է», Պանթեոնը, այնուամենայնիվ, հանրային, հասարակական ընկալում է եւ հանրային «սեփականություն»:
-Եկեք Սիսիանի Պանթեոնը առանձնացնենք, որովհետեւ հինգ տոկոսն է միայն ձեզ նման մտածում, մնացածը միայն ստամոքսի մասին է մտածում:vorotan17122013-2
-Եվ այնուամենայնիվ Պանթեոնը հանրային տարածք է:
-Եթե հանրային տարածք է, ինչո՞ւ վերակառուցման վրա աշխատում էին միայն այն տղաները, ովքեր միասին էին նաեւ մարտադաշտում, եւ մեզանից յուրաքանչյուրը կարող էր այսօր նրանց կողքին թաղված լինել:
-Ինչո՞ւ:
-Որովհետեւ միայն մենք այն մերը համարեցինք, մեր տունը:
-Ձեր անձնական բնակարանը, տունը եթե վերանորոգեիք, նման արձագանք, կարծում եմ, չէր լինի, դրա համար էլ կրկնում եմ, որ արձագանքը բուռն եղավ Պանթեոնի՝ հանրային լինելու պատճառով:
-Իսկ որ Պանթեոնը դարձել էր աղբավայր, զվարճանքի, խրախճանքի, ժամանցի «տարածք», ինչո՞ւ այդ նույն հանրային կարծիքը մի անգամ այդքան բուռն արձագանք չունեցավ:
-Մարդիկ դեմ չէին Պանթեոնի վերակառուցմանը, դեմ էին ծառահատմանը, դեմ էին շահարկումներին…
-Իսկ Դուք, կամ՝ դեմ լինողները գիտե՞ք՝ ամեն անգամ քանի տոպրակ այլանդակություններ էինք հավաքում հենց այդ ծառերի «պատսպարանից», ոչ ոք չգիտի, որովհետեւ մենք էինք մաքրում-հավաքում, եւ միայն մենք էինք տեսնում, թե ինչպես է Սրբավայրը վերածվում… Իսկ դա կոնկրետ ողջերիս ամոթն էր, մեր ամոթն էր, որովհետեւ մեզ էին ամոթանք տալիս Պանթեոնի համար, ոչ թե՝ իշխանություններին կամ մեկ ուրիշի:
-Իսկ ինչո՞ւ երկրապահը որոշեց վերանորոգել, վերակառուցել, չէ՞ որ այն քաղաքային Պանթեոն է:
-Հա, հետո ինչ, անունը չի որոշում չէ՞: Քաղաքային իշխանություններն էլ չէին մտածում, չէ՞:
Մինչեւ հիմա Պանթեոնում որ լույս չի վառվում, քաղաքային իշխանությունը որեւէ բան անում է՞, մի հարց լուծում է՞: Հոսանքի համար դիմել ենք էլեկտրոցանց, փաստաթղթեր են պահանջում, դիմում ենք քաղաքապետարան, ասում են՝ մեր տարածքը չի:
Նրանք մեր ընկերներն էին, դրա համար ցավը մերն էր: Քաղաքային իշխանությունները իրենցը չէին համարում այդ ցավը, որովհետեւ իրենք չէին ապրել դա, մենք էինք ապրել եւ մենք ենք վերակառուցում ու ինքներս էլ աշխատում էինք:
-Ի վերջո, այն քաղաքի տարածքի մեջ է, վերակառուցման, ծառահատման համար ավագանու համապատասխան որոշում կա՞ր, համաձայնեցվա՞ծ էր քաղաքային իշխանության հետ:
-Եթե տարածքի պահպանությունը երկրապահի վրա է, եթե պահակին վարձատրում է երկրապահը, եթե մաքրությունը կատարումvorotan17122013-3 է երկրապահի աշխատողը, եթե Պանթեոնի անմխիթար տեսքի ու անբարեկարգ լինելու համար ամոթանքը ստանում է երկրապահը, քաղաքապետարանն այստեղ ո՞վ է, քաղաքապետարանը թող իր քաղաքը մաքուր պահի:
Պանթեոնի վերակառուցման հետ կապված բոլոր հարցերը որոշվել է ԵԿՄ Սիսիանի խորհրդի կողմից:
-Մարդիկ, իսկապես, դեմ չէին Պանթեոնի վերակառուցմանը, բայց գտնում էին, որ դա կարելի էր անել առանց «բարբարոսաբար ծառահատման», առանց «թուրքական հետքեր թողնելու»:
-Մենք էլ դեմ չէինք եւ չենք, որ Պանթեոնում ծառեր լինեն, բայց՝ ոչ այն տեսքով եւ այն դերով, որ կար: Նախ՝ ծառերը տնկվել էին ինչպես պատահի, ինչ պատահի եւ որտեղ պատահի, ում ձեռքը ինչ ծառ ընկել էր, տարել դրել էր այնտեղ, հետո կառուցվել էին պատերը, եւ մեծացած ծառերի արմատներն արդեն քանդել էին պատերը, պարիսպները: Պանթեոնը կառուցվել էր առանց ճարտարապետական կոնկրետ նախագծի, ընդհուպ՝ շիրիմների ոչ ճիշտ հուղարկավորմամբ, պատերազմ էր, հապճեպ էր, հասկացանք, բայց հիմա մենք կանք եւ պարտավոր ենք ուղղել սխալները եւ նոր սխալներով այն չհանձնել հաջորդ սերնդին, ով իսկի տիրություն էլ չի անելու Պանթեոնը: Տեսեք՝ այսօրվա շատ գերեզմաններ՝ անխնամ, խոտ ու փշով պատված, նրանց սերունդը այլեւս չկա, իսկ մենք չենք ուզում ավելի վատ Պանթեոն թողնել եկող սերնդին, որովհետեւ մեզանից հետո որեւէ մեկը չի էլ մտածելու այն վերակառուցելու, բարեկարգելու մասին:
Ոնց որ քաղաքի ճարտարապետությունն է այլանդակվել, այնպես էլ՝ Պանթեոնն էր այլանդակվել: Հիմա մենք Էնտեղ կավարտենք, կանցնենք քաղաքին:
 -Դուք պնդո՞ւմ եք, որ տարածքի ծառերը անպայման պիտի կտրվեին, քանի որ ոչ միայն խանգարում էին, այլեւ՝ անկանոն, անխնամ տարածվել էին եւ…
-Անպայման: Դրանց փոխարեն տնկվելու են այնպիսի ծառատեսակներ, որոնց արմատը շատ չի խորանում, որոնք տերեւաթափ չեն լինում՝ աղտոտելով տարածքը, եւ տարին կլոր Պանթեոնը կանաչ կլինի: Պանթեոնը, ի վերջո, ճարտարապետական արժեք պիտի դառնա՝ իր կառուցվածքով եւ տեսքով, ոչ թե՝ մեր քաղաքի նման փնթի մի բան:
-Բոլոր դեպքերում՝ շատերը կարծում էին, որ, գոնե, կացին չպիտի բարձրանար այն երկու բարդիների վրա, որոնք հիշատակում էին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Վեհափառի եւ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա-ի՝ 1992 թ-ին Սիսիան կատարած այցը եւ այդքանով նաեւ սրբություն համարվում:
-Այդ հարցում խորհրդակցել ենք իրազեկ եւ իրավասու անձանց հետ: Մենք գիտեինք, որ զույգ բարդիները այդ անունով էին, բայց ի սկզբանե տնկած վայրից հետո են դրանք տեղափոխել եկեղեցու մոտ, եւ եղել է երեք հատ: Հետագայում մեկը ուժեղ քամուց տապալվել է, տեղը քամոտ է, եւ նույն ճակատագիրը մյուս երկուսին էլ էր սպառնում, մանավանդ որ տարածքն արդեն շատ է խոնավացել տեղանքով անցնող ջրատարների վթարի եւ հուշաղբյուրի ջրի պատճառով:
-Տպավորություն կար, որ տարակարծությունները հիմնականում երկու թեւի միջեւ էր…
-Չէ, շատերն են եկել եւ քննադատել մեզ, թե ինչու ենք ծառերը կտրում, բացատրել ենք, հիմնավորել: Իսկ երբ հերթը հասնում էր օգնելvorotan17122013-1ուն, մարդ չէր երեւում: Հինգ ամիս աշխատել ենք, մեկը չի եկել՝ հարցնի՝ ինչո՞վ օգնի, ի՞նչ անի: Վերանորոգման ժամանակ մենք ենք Ազոյանի հուշաքարը ամրացրել, բարեկարգել հուշաղբյուրի շրջապատը…
-Կարծիքներ հնչեցին, որ զոհվածներն այդ վերակառուցման կարիքը չունեն, դրա փոխարեն ավելի լավ է օգնել վիրավոր, կարիքավոր ազատամարտիկներին, նրանց ընտանիքներին:
-Իհարկե, նրանց էլ պետք է օգնել, բայց դա երկրապահի խնդիրը չէ, դա կառավարության, իշխանությունների խնդիրն է: Մեր խնդիրն էր՝ գնալ-զոհվել հայրենիքի համար, արել ենք, մնացածը թող իրենք մտածեն:
-Եղան նաեւ փոխադարձ անձնական վիրավորանքներ:
-Դա Պանթեոնի հետ կապ չուներ, տարիների ընթացքում կուտակված բաներ էին, որ դուրս թափվեցին:
-Ամփոփեք, խնդրում եմ, մեր զրույցը:
-Ես վստահ եմ, որ հաջորդ անգամ հարցազրույց կտամ ձեզ, երբ Պանթեոնն արդեն ամբողջությամբ ավարտուն տեսք ստացած կլինի, այսինքն՝ 2015 թ-ին, եւ այն ժամանակ գուցե բոլորովին այլ արժեքներից կխոսենք…

Զրույցը՝ Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ
17.12.2013

3 մեկնաբանություն …ԻՍԿ ԴԱ ԿՈՆԿՐԵՏ ՈՂՋԵՐԻՍ ԱՄՈԹՆ ԷՐ հոդվածին

  1. Edik says:

    Հետաքրքիր է, հարգարժան Արայիկ Վարդանյանը ինչու? է խուսափում աղասուն քննադատելուց, որ անընդհատ ասում է` քաղաքային իշխանությոն: Գուցե վախենում է աղասու կուստիրոջից: Իսկ Արայիկ Վարդանյանը ԴԱՍԱԼԻՔ ու մեծամիտ աղասուց այլ? սպասելիքներ ուներ, նոր? է հասկացել իրենց սխալը, չէ որ Սիսիանի քաղաքապետի աթոռին այդ ստախոս, անբարտավան ու դատարկ զանգվածը իրենց աջակցությամբ է դրվել:
    Ու հիմա դառը պտուղներն են քաղում…

    • Հրաչ Կարապետյան says:

      Հարգելի Edik
      Արայիկ Վարդանյանը ոչ ոքից էլ չի վախենում: Իսկ դու հաստատ ուզում ես լարվածություն ստեղծել Սիսիանի Երկրապահի և քաղաքային իշխանությունների միջև: Չեմ հասկանում ինչի եք ուզում ամեն անգամ մեզ ներքաշել քաղաքական ինտրիգների մեջ: Հանգիստ թողեք մեզ: Եթե հարցեր ունեք քաղաքապետի հետ, համարձակություն ունեցեք ինքներդ լուծել ձեր խնդիրը, ոչ թե խառնել մեզ դրա մեջ: Իսկ եթե սիրտներդ չի ցավում Սիսիանի պանթեոնի համար, ավելի լավ է մի էլ խառնվեք:

  2. Աշոտ Նալչաջյան says:

    Իմ շատ հարգելի Արեվիկ,պանթեոնի տարածքը երբեք էլ չդարձավ հանրային տարածք,այլ մնաց մեր՝ազատամարտիկներիս ու պանթեոնում հանգչող տղերքի հարազատների տարածք:Շատ մեծ ջանքերի գնով հանրությանը խորթացրեցին այդ տարածքից,թե ինչու՞,ինչպես,իմ կարծիքով դու էլ շատ լավ գիտես:Գիտե՞ս ինձ ինչն է զարմացնում,որ դու այդ իմանալով ,« հանրային» կարծիքին ես ապավինում:Էդ ծառերի պաշտպաններին փոխանցիր խնդրեմ,որ կաթողիկոսների այցի առիթով տնկված բարդիները չեն սրբություն,սրբերը պանթեոնում հանգչող տղերքն են,որ զենքով պաշտպանեցին ձեր բոլորի ապրելու իրավունքն արժանապատվությունը:Երբեք չէի մտածի,որ նման կշտամբանք կուղղեմ իմ շատ սիրած ու հարգած սիսիանցիներին,ինձ թվում էր,թէ դուք գոնե զերծ եք մնացել էդ իշխանության տարածած որոմից,բայց չէ:Բաժան-բաժան եք եղել,առաջին ու երկրորդ եք որոշում,շատ ու քիչ եք կշռում-կշռադատում,ձեր մուրը ձեր գլուխ:Արայիկը ճիշտ չի ասում,պատատակերը չէին,ինչ էլ բառ է գտել ընկերս,մկնածակերն էին մտել,էս բարդ բառն էլ իմ կողմից,մենք հո հիշում ենք,թե 92-ի առաջին եռամսյան ոնց անցկացվեց,ինչ դժվարությամբ ու էդ ամենից հետո,«տերտերը» ինչպես փախավ,որ նոր երդում տված գումարտակի զինվորներին չօրհնի:Ավետարանը Ավագյան Աշոտը վերցրեց,խաչը լուսահոգի Մորուք Գագոն ու էդպես մենք մեզ օրհնեցինք:Ասելիքս ո՞րն է,ինչպես էն ժամանակ էինք մեկուսացված-բայց առերես գոնե հարգված,հիմա բանից պարզվում է,էդ առերես հարգանքն էլ չի մնացել:Ափսոս,ես որ ս
    իսիանցի չեմ,կարծում էի,գոնե դուք զերծ եք էդ ախտից,հազար ափսոս,բայց խնդրում եմ,տղերքին հանգիստ թողեք,պանթեոնում ու ոչ միայն,հանգչողները իմ ընկերներն են ու իմ համար դա սրբություն է:Ձեզ թույլ տրված չէ երկու ծառի համար տղերքի հիշատակը անարգել,մեր վրա էլ ցեխ շպրտել:
    Մի մոռացեք,պատերազմը դեռ չի ավարտվել:Ողջ լերուք սիսիանցիներ:

    ;

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *