… ՈՐ ՄԻԱՍԻՆ ԿԻՍԵՆՔ ՕՏԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՌՆԱՀԱՄԸ

Տիկին Միրանուշ Ասատրյանին հանդիպեցի գնումներ կատարելիս. նախապատրաստվում էր նորից Իսպանիա վերադառնալ: Արդեն 17 տարի այնտեղ են ապրում: Սկզբում Արայիկ որդին գնաց: Հարմարվեց, աշխատանք գտավ ու ծնողներին կանչեց: Բայց՝ ոչ միայն նրա
նց: Ծնողները էստեղից հարսնացու էլ տարան… իրենց հող ու ջրից, ճիպոտը քոլից կտրեցին, ապուպապու խոսք է, ու Վալենսիայում հայկական հարսանիք արեցին, հայ օջախ ավելացավ: Տարիների հետ Վանյա Ստեփանյանն ու Միրանուշ Ասատրյանը իրենց շուրջը հավաքեցին մյուս 3 զավակներին ու նրանց ընտանիքներին: Արդեն 17 տարի ապրում են այնտեղ, թոռները մեծացել են, ամեն մեկը մի տեղ կրթություն է ստանում, զավակներն աշխատում են, իրենք աշխատում են…

«Բայց դա հեշտ չի տրվել,-ասում է Միրանուշը,-էնքան խտացված կարոտ կա, էնքան հույս ու սպասում այդ տարիների մեջ, ամեն տարի Սիսիան ենք եկել, երեխաներին, թոռներին ենք բերել, որ կապը չկտրվի: Մեկ անգամ արդեն այստեղ գալը, մեկ անգամ հայրենի տան պատերից ներս մտնելը, մեկ անգամ Դարբասի ձորը գնալը նրանց արդեն անդառնալիորեն կապում է հողի, երկիր, հայրենիքի զգացողության հետ, ու օտարության մեջ դա էլ է հայ  պահում»:

Չե՞ք կարող չգնալ մեր հարցին Միրանուշն ասում է՝ չէ, չենք կարող, աշխատում ենք: Եթե այստեղ աշխատանք լիներ, հո չէինք գնա, գնացինք, որ աշխատենք, բայց՝ չգալ էլ չենք կարող, ամեն տարի եկել ենք, գալու ենք: Մի քանի տարի հետո ես ու Վանյան հիմնական կվերադառնանք այստեղ՝ մեր տուն: Հայի համար իր սեփական տնից, իր չորս պատից առավել նվիրական բան չկա աշխարհում: Անտանելի է կարոտը, ու ինչքան մեծանում ես, կարոտն այնքան խորանում է: Հայ լինելը ծանր խաչ է, բայց տանում ենք մեր խաչը:

Փորձում եմ հեգնել, թե՝ ձայններդ տաք տեղից է գալիս, հեռվից հայրենիքը սիրելը դարձել է մոդա, մաշկիդ վրա չես զգում ձմռանը տունը մի կերպ տաքացնելու դժվարությունը, չես տեսնում ամեն քայլափոխի խաբվելու ու հիասթափվելու, վիրավորվելու անողոք իրականությունը, բայց Միրանուշը հակադարձում է՝ ասելով, որ դրսում էլ հեշտ չի, օտարությունն ամենադաժան բանն է, դրա համար են ողջ ընտանիքին հավաքել մի տեղ, որ, գոնե, միասին կիսեն օտարության դառնահամը:

Պատմում է, որ ամեն անգամ Սիսիանի՝ վաղուց դատարկ իրենց բնակարանի դուռը արցունքով է բացում, արցունքով կողպում, ամեն անգամ անասելի ցավ է ապրում իրենց անմշակ հողամասը տեսնելիս, եւ Իսպանիայում էլ  ուշքն ու միտքը իր տունն է, իր հարազատները, իր՝ այստեղ թողած մի ողջ կյանքը…որի վերհուշերով միշտ հայրենիքում է, Սիսիանում, իր հայրենի Դարբասում …

«Ես սիրում եմ Սիսիանը, Դարբասը, Հայաստանը, ինձ ճանաչողները գիտեն, որ հենց այնպես խոսքեր չեմ ասում: Նոր որ եկել էինք Սիսիան, ով տեսնում-ասում էր, որ Վանյային՝ ամուսնուս, հեռուստացույցով տեսել են, Վանյան Մեծ եղեռնի օրը Վալենսիայի հայ համայնքի կազմակերպած ոգեկոչման օրը խոսեց, այնտեղ էլ է հայը հայ, իր բաժին ճակատագրով, իր ազգային մտածողությամբ, իր արժեքներով…Այստեղ դուք ձեր դժվարություններն եք տանում, այնտեղ մենք՝ մերը: Բայց հո էսպես չի մնա…

Հիմա պիտի գնանք, ցավով ենք գնում, դժվար ենք գնում, բայց՝ պիտի գնանք…

Սակայն համոզված եմ, որ իմ ընտանիքը, գոնե, իմ 4 զավակների ընտանիքները, երբեւէ հայրենիք են գալու, իսկ թե երբ է լինելու այդ օրը, միայն աստված գիտի…»:

«Որոտան»
12. 08. 2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *