ՇԱՔԵԻ ՋՐՎԵԺ. ՀԵՔԻԱԹԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

2012_84

Հայաստան այցելող ցանկացած զբոսաշրջիկ, բնականաբար, նախօրոք ճշտում եւ ծանոթանում է այն վայրերին, ուր պետք է այցելի: Ընդունենք` զբոսաշրջիկ եք, եւ որպես հանգստի վայր, ընտրել եք Սյունիքը, հատկապես` Սիսիանը: Փորձում եք Սիսիանի, նրա տեսարժան վայրերի մասին համացանցից տեղեկանալ, ասենք, օրինակ, Շաքեի ջրվեժի մասին. ի՞նչ եք անում,  պարզունակ մի քայլ` Google-ով փնտրում եք Սիսիան, Շաքե եւ  առաջինը, որ կգտնեք  Findarmenia.com էջն է, ուր կարդում եք.

«Շաքի ջրվեժը գտնվում է Որոտան կիրճում, Սիսիանից 3 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, Որոտանի վտակ` Շաքի գետի վրա: Բարձրությունը 18 մ է:
Շաքե անվանումը ստացել է ի պատիվ գեղեցկուհի Շաքեի… Համաձայն ավանդության, մի զավթիչ, տեսնելով Շաքեի գեղեցկությունը, սիրահարվում է եւ հրամայում նրան բերել իր մոտ: Հայուհին, չկամենալով ենթարկվել զավթիչի բռնությանը, գցում է իրեն մի բարձր ժայռից: Անկման պահին գեղեցկուհու երկար զգեստը քամուց բացվում է եւ վերածվում ջրվեժի, որը եւ անվանեցին Շաքեի ջրվեժ:
Ինչ խոսք, գրավիչ է եւ հետաքրքիր, շարունակում ես թեմայի վերաբերյալ ավելի խորը տեղեկատվություն փնտրել, գտնում ես նկարներ` Շաքեի ջրվեժի չքնաղ պատկերով, պատմական ակնարկներ…վերջ, որոշված է, պետք է անպայման գնալ Սիսիան ու հատկապես`  Շաքե, բայց` հենց այստեղ է, որ քո առջեւ բացվում է «հեքիաթի» հակառակ կողմը. գտնում ես նյութեր, հոդվածներ, եւ կարդացածդ քեզ ստիպում է մտափոխվել…
Եւ այսպես` «հեքիաթի հակառակ կողմը». հատվածներ համացանցում տեղադրված` Շաքեի ջրվեժին վերաբերող նյութերից.

Yerkir.am 26.05.2011թ.
«Ջրվե՞ժ ունենանք,
թե՞ էլեկտրաէներգիա»

Նույնիսկ գիտակցելով, որ Հայաստանի հողային օրենսգիրքն է խախտել` «Հակոբջանյան եւ Գալստյան» ՀԷԿ-ի համասեփականատեր, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, 1998 թվականին հեշտ ու հանգիստ սեփականաշնորհել է Շաքեի ջրվեժի 14-16 հա տարածքը եւ ցանկապատել է բնության հուշարձանը: «Երկիր»-ի հետ զրույցում նա հայտարարեց, որ ոչ մի անօր2012_83ինականություն էլ չի եղել: Ըստ քաղաքապետի` ինքը համագործակցում է երեւանյան մի քանի տուրիստական կազմակերպությունների հետ. «Երբեւիցե չի եղել, որ խոչընդոտենք ջրվեժը դիտելուն: Մենք միշտ հասանելի ենք եղել»: Մինչդեռ, շատ են փաստերը, որ Սիսիան այցելողները 18 մետրից գահավիժող ջրվեժը տեսնելու համար ստիպված են եղել 5 հազար դրամ վճարել: Քաղաքապետը բազմիցս հերքել էր այդ լուրերը, սակայն մեզ հետ զրույցում նա մեղքը գցեց «որոշ աշխատակիցների» վրա` հավելելով, որ նրանց ազատել է աշխատանքից: «Երկիր»-ի հարցին, թե ի՞նչ իրավունքով է ցանկապատել ջրվեժը, Հակոբջանյանը հայտարարեց, որ թույլատվություն ունի, թե` ո՞ւմից , անունը հրաժարվեց տալ: «Շաքեի ջրվեժ տանող երկու ճանապարհ կա. այնտեղ կարելի է այցելել նաեւ համանուն գյուղի տարածքով: Սա ես արել եմ անվտանգությունից ելնելով եւ ցանկացած առումով: Մարդիկ արդեն սովորել են, անպայման փորձում են մեր ընկերության տարածքով անցնել ու բաց են թողնում դարպասները»,-ասաց նա: Իսկ ՀԷԿ-ում օգտագործվող ջրային պաշարների մասին խոսելիս Հակոբջանյանը նշեց, որ այսօր «իր ջուրն էլ է պակասել», չի կարողանում վերցնել այնքան ջուր, որքան հարկավոր է իրեն տրված լիցենզիայով: Կուշտ գանգատվելուց հետո նա մեզ հարց տվեց. «Հիմա ինչի՞ն եք համաձայն` ջրվեժ ունենա՞նք, թե՞ էլեկտրաէներգիա»: «Երկիր»-ը պատասխանում է. ջրվեժն Աստծո պարգեւն է, եզակի է, դարեր ի վեր եղել է անձեռնմխելի եւ, որպես բնության հուշարձան, պետք է պահպանել լիարժեքորեն:
Այս նյութի տարածումից երկու օր անց  akumb.am կայքում երիտասարդների շրջանում քննարկումներ սկսվեցին, վերոնշյալ հոդվածը  yerevanci  անունով գրանցված անձի կողմից տեղադրվեց կայքում, արձագանքները չուշացան, (ներկայացնում ենք կայքում գրանցվածների  կարծիքներ):

akumb.am,  28.05.2011թ.

Արէա. «Շաքեի ջրվեժ վերջին անգամ եղել էի վեցերորդ դասարանում` 1997 թ.-ին, աննկարագրելի տպավորություն էր, իրոք` հրաշք: Անընդհատ առիթ էի ման գալիս նորից այցելելու: Էս վերջերս գնացել էի Սիսիան, ընկերներիս անընդհատ համոզում էի գնալ Շաքի, չէին համաձայնվում, ասելով, թե ինչ նայելու բան կա, որ գնանք: Ապշել էի, ո՞նց կարելի է չգնահատել էդ գեղեցկությունը: Վերջը` համոզեցի, գնացինք… երանի գնացած չլինեինք, նախ` ճանապարհին տեղադրված դարպասները, որի գոյությունը ոչ մի կերպ չէր տեղավորվում ուղեղիս մեջ, հետո` պահակին համոզելը, թե` ձյաձ ջան, թող անցնենք էլի~… ու վերջապես «ջրվեժը», եթե կարել է էդ մերկ ժայռին ջրվեժ անվանել… Ահավոր էր:
VIK. «Շատ սիրուն ջրվեժ է Շաքին, բայց` միացված ժամանակ: Երբ առաջին անգամ գնացինք, փակել էին, ու ջուրը շատ քիչ էր, հազիվ վերեւից իջնում էր, հետո մինչեւ ծանոթ չխառնեցինք, չմիացրեցին, էն էլ` 10 րոպեով: Ախր ո՞նց կարելի է բնական հրաշքը մարդը իր կամքով երբ ուզենա փակի, երբ ուզենա` բացի…»:
Թեմային անդրադարձ, կամ, ավելի ճիշտ, խնդրի հետ կապված լրագրողական հետաքննություն է կատարվել նաեւ 2010 թ.-ին` հետաքննական լրագրության դանիական ասոցիացիայի (Scoop) աջակցությամբ.

Lragir.am. 10.12. 2010թ.
«Պահպանենք ջուրը`
վաղվա օրվա համար». «Ո՞վ է տնօրինում Շաքի
ջրվեժի ճակատագիրը»
ենթավերնագրով
Գոհար Իսախանյանի նյութը.

Շաքիի ջրաղբյուրի ջրերի` ոչ ճիշտ օգտագործման արդյունքում Սյունիքի գեղատեսիլ վայրերից մեկը` Շաքեի ջրվեժն այսօր գործում է ոչ լիարժեք: Մինչդեռ, այն Հայաստանի ամենաբարձր ջրվեժն է: Անհիշելի ժամանակներից ջրվեժն այցելուներին գրավել է իր յուրօրինակ գեղեցկությամբ: Շաքեի ջրերը միշտ էլ օգտագործվել են հիդրոէներգետիկ, գյուղատնտեսական, կենցաղային եւ այլ նպատակներով: Սակայն վերջին 4-5 տարում ջրառեսուրսի մեջ հնարավոր էկոլոգիական թողքը չի ապահովում ջրվեժին անհրաժեշտ ջրի քանակությունը, եւ այն, որպես այդպիսին, չի գործում: Բացի դրանից, ջրվեժի տարածքը, որը նաեւ մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷԿ-ի տարածք է, ցանկապատված է ամբողջովին, ինչը խոչընդոտում է զբոսաշրջիկների ազատ ելումուտը ջրվեժի տարածք: …«Գիտեք, միայն ասում են` փակ է ջրվեժը, հավաստիացնում եմ, որ չի լինի մեկը, որ ուզենա տեսնի Շաքիի ջրվեժը, որեւէ դժվարություն առաջանա: Այցելուները կարող են զանգահարել ինձ, եւ խնդիրը կլուծվի: 15-30 րոպեով մասնակիորեն դադարեցվում է ՀԷԿ-ի աշխատանքը, փակվում են փականներից մեկը, եւ ջրերը բաց են թողնվում: Այսօր Սիսիան մտնողի համար տպավորիչը Շաքիի ջրվեժն է, ես ինչո՞ւ պիտի խոչընդոտեմ մարդկանց` այն տեսնելու համար»,- հավաստիացնում է Հէկի համասեփականատեր, Սիսիանի ներկայիս քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Մինչդեռ, եղել են դեպքեր, երբ հանրապեության տարբեր վայրերից եկած այցելուները ստիպված վճարել են 5 հազար դրամ` ջրվեժը լիարժեք տեսնելու համար: Այս մասին տեղյակ է Ա. Հակոբջանյանը:
«Որոշ աշխատողների մեղքով է նման բան եղել, նրանք բոլորն էլ ազատվել են աշխատանքից, եթե նման բան էլի լինի, ներկայիս աշխատողներն էլ կազատվեն: Եկող տարի նախատեսել ենք ջրվեժին հարակից տարածքում` 14 հա-ի վրա ստեղծել հանգստի գոտի: Հստակեցված գրաֆիկ կլինի ջրվեժի համար, կլինեն հատուկ աշխատողներ, որ կկարգավորեն այդ աշխատանքները: Իսկ ջրվեժի` շուրջօրյա գործելու նպատակը չեմ տեսնում: Եթե գիշերը ժամը 10-ից հետո այցելուներ չպիտի լինեն, ջուրը ինչի՞ թափվի, ես դրա իմաստը չեմ հասկանում»,-սա Ա. Հակոբջանյանի տեսակետն է, որտեղ հաշվի չի առնված ամենագլխավորը, որ ջրվեժի գոյությունը բնության կամքն է, իսկ բնության մեջ ոչինչ աննպատակ չի լինում, պարզապես պետք է կարողանալ գտնել դրա իմաստը: Սա է խնդիրը…
Երբ հրատապ դարձավ Թռչկանի ջրվեժի խնդիրը, զուգահեռ, անընդհատ, «ձեռքի հետ»  քննարկվեց նաեւ Շաքեի ջրվեժի` տասնամյակից ավելի պատմություն ունեցող խնդիրը, բայց դե` դրանից մեզ ի՞նչ, Թռչկանի հարցը լուծվեց, իսկ մերը` ոչ… դեռ` ոչ.  
Ներկայացնենք մեր փոխարեն  մեր խնդիրը բարձրաձայնող մարդկանց կարծիքները.

Lragir.am, 2011թ. հոկտեմբեր,
«Թռչկանի ջրվեժը
կընկնի Շաքիի
ջրվեժի օրը».

ՀՀ ԱԺ պատգամավոր, ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հայտարարությունն է  2011թ. հոկտեմբերի 25-ի Ազգային Ժողովի նիստում. «Օրեցօր հասարակության ավելի ստվարացող հատված է վրդովվում Թռչկանի ջրվեժի տարածքում ՀԷԿ կառուցելու փորձերից: Միարժեք է, որ այդ գաղափարի` կյանքի կոչման դեպքում բնության այս հրաշքը եւս կարժանանա Շաքիի ջրվեժի ճակատագրին, որը դիտելու համար այցելուները 10 հազար դրամ են մուծում ջրվեժից վերեւ գործող ՀԷկ-ի տիրոջը»…

Yerkir.29.10. 2011թ.
«Բնության գեղեցկուհին եւ
ՀԷԿ հրեշը»

…Արդեն մի քանի ամիս է` բնապահպաններն անհանգստացած են, որ Թռչկանը կարժանանա այն ճակատագրին, որին տարիներ առաջ արժանացավ Շաքիի ջրվեժը: Թռչկանից ոչ հեռու արդեն իսկ մեկ փոքր ՀԷԿ կառուցված է: Հիմա Թռչկանից 1 կմ հեռավորության վրա մտադիր են եւս մեկ ջրաբաշխիչ ստեղծել, ամբարտակ կառուցել: Բնապահպանության նախարարությունը հավաստիացնում է, որ կօգտագործվի ջրվեժի ավելորդ ջուրը: Հիշեցնենք, որ նույն գերատեսչությունը նմանատիպ խոստումներ էր տալիս նաեւ Շաքիի ջրվեժի վրա այսօր շահագործվող ՀԷկ-ի շինարարությունից առաջ, որի սեփականատերը, ի դեպ , Սիսիանի ներկայիս քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն է: Այսօր Շաքիի ջրվեժով կարելի է հիանալ միայն այն ժամանակ, երբ Հէկ-ի տնօրինությանը որոշակի գումար է մուծվում, որից հետո միայն ջրվեժը «միացվում» է:
Իսկ 1999 թ.-ին «Առավոտ» թերթի լրագրողն էր, որ առաջինը գրեց Շաքեի` «հովհարային ջրվեժ» լինելու մասին` ասես կանխազգալով այն ճակատագիրը, որ մարդկանց կողմից «պարգեւվվեց» բնության հրաշքին:
Ինչպես նշեցինք, Թռչկանի խնդիրը գրեթե լուծում ստացավ. «Ի պատասխան լրատվամիջոցների, ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մշակվել է «Թռչկան» ջրվեժի բնության հուշարձանի անձնագրի նախագիծը: Իրականացվել է տարածքի չափագրման, պահպանման գոտու սահմանների ճշգրտման, քարտեզագրման եւ հուշարձանի անձնագրի նախագծի կազմման աշխատանքները»,-սույն թվականի հունիսի 14-ի համարում գրում է Hetq.am-ը. Նախանձել կարելի է չէ՞…
Փաստորեն, երբ չես լռում, խոսում ես, հետո` եթե չեն լսում, բարձրաձայնում ես, իսկ այնուհետ` գոռում- գոչում ես, քեզ լսում, ընդառաջում եւ խնդրիդ լուծում տալիս են ԱՆԽՈՍ:
Հույսով սպասենք ՇԱՔԵԻ ԽՈՍԵԼՈՒՆ, որ հեքիաթի հակառակ կողմը վերագտնի իր իրական` ՀԵՔԻԱԹԱՅԻՆ տեսքը…

 

662 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>