100 ԱՄՅԱԿԻԴ ԿԳԱ՛Մ, ՏԱ՛Տ

23

99 գարուն է ապրել Մարգարիտ տատը, 99 աշուն: Ամեն խոսքի մեջ «ցավդ տանեմ» ու «քեզի մեռնեմ է»: Ու դեռ սիրուն-սիրուն է մնացել ջահել օրերից գեղեցիկ տատը: Ասում է` 12 տարեկանում է ամուսնացել ու ամուսնուն` Սարգսին տեսել է միայն հարսանիքի օրը, երբ 20 ձիավորով Ուզից եկել էին դարբասցի Ղուլունց Օհանջանի օջախը` նրա աղջկան հարս տանելու: Ասում է` սկեսրայրն է իրեն հավանել ու ետ տալ է տվել Սարգիս որդու` ուրիշին տված նշանը, որ դարբասցի էս սիրուն աղջկան հարս տանի: «Ի՞նչ հարս, այ բալաս, սկեսուրիս ծոցն էի քնում, ինչ էի հասկանում` մարդն ի~նչ է»: Փորձում եմ 99-ամյա Մարգարիտ տատի հոգու հետ խաղալ ու հարցնում եմ` «Բա՞ որ չգիտեիր` մարդն ի՞նչ է, 10 երեխա ո՞նց բերեցիր»: Ծիծաղում-ծիծաղում է Մարգարիտ տատը` միամիտ-միամիտ ծիծաղով, բայց արդեն` տարիքի ձեռքից մի քիչ խեղճացած, սակայն` աչքերում վճիտ ու ապրեցնող փայլ:
«Ո՞նց ես արել, որ այդքան երկար ապրել էս»,- հարցնում եմ: «Աստված տա` էրկու էդքան ապրես, բալե՛ս,- ասում է,- չոբան եմ գնացել, մանգաղով հունձ եմ արել, քաղի հա քաղի, ցորեն եմ թակել, թակի հա թակի, հաց եմ թխել բոլորի համար, ինչ ասես` արել եմ, ցավդ տանեմ, մենակ կով չեմ կթել»,- ասում է ու մեղավոր է զգում կարծես, որ… կով էլ չի կթել: Սկեսուրը չի թողել, ջահել-սիրուն հարս է, ի~նչ կով կթել: Ասում եմ` Մարգարիտ տատ, ամուսնուդ սիրո՞ւմ էիր: Ասում է` ինձնից 12 տարով մեծ էր, ինձ լավ էր պահում, տունը լիքն էր, ոչ մի բանի կարոտ չի թողել, բայց ինձ անունով չէր դիմում, սկեսուրս էլ խոսում էր դրա համար ու ինքն ինձ Մարգարի~տս էր ասում: Ու էնպես անուշ էր ասում: Որ ինձ հարս բերեցին Ուզվա Սարգիս Պողոսյանի տունը, սկեսուրս, որ իմաստուն ու խելացի կին էր, նայեց երեսիս ու ասաց` բերողիդ բալեն էլ մեռնա, տվողիդ բալեն էլ: Երեխա էի»:
99-ամյա Մարգարիտ տատի հիշողությունը վառ էր, ու խոսելիս ասես ետ էր գնում 50-60-70 տարով, մտովի նորեն ջահելանում, մտովի նորեն հիշում սկեսուրին` Մարգարիտս ասելիս, սկեսրոջը` սիրուն ա մեր հարսը ասելիս, ու կրկին ետ գալիս 99 տարվա բարձունքին եւ ասում, որ «էս աշխարհի վատ բաների հետ չի հաշտվում, հետո էլ` շեն մնա պետությունը, թոշակը տալիս է, ապրում եմ»: Դուստրը` Օվսաննան, որ խնամում է ծերունազարդ մորը, ասում է` դրամից, էսօրվա գներից պատկերացում չունի, մայրն ավելի շատ անցյալով է ապրում: Մարգարիտ տատը կարծես գլխի է ընկնում ու նորից հիշում հին գյուղի հին հարեւանին` «Մանուչարը կասեր` մեծանաս, մեծի ղադրը իմանաս: Է~, ջահել լինեի, կուժը թեւիս ջրի գնայի~, անց ու դարձողին բարեւ տայի~… Բարեւն Աստծունն է, բալաս»: Մեծի ղադրը գիտենք, Մարգարիտ տատ, ասում եմ, ջահելության ղադրը չգիտենք, մեծանում ենք, նոր ենք իմանում: «Մարդուս վերջը բարի լինի»,- չգիտեմ` ինձ համար, իր համար, Օվսաննա դստեր համար ասում է Մարգարիտ տատը ու ետ գնում սիրուն-սիրուն, կանաչ-կարմիր, արեւոտ ու տաք իր մանկության ձորը, իր մանկության աշխարհը ու նորից աչքերը փայլում են… կարոտից` մանկությա՞ն կարոտն է, ձորի կարոտը, բախտավոր անգիտությա՞ն, թե՞ իրեն տղայի համար հարս ուզելու եկած սկեսրայրի հայրական գորովը: «Մեր գյուղի քահանան ընձի չպսակավ, ասավ` փոքր է, Լորից տերտերին բերեցին կարգս կատարեց»:
… Նայում եմ Մարգարիտ տատի մագաղաթյա դեմքին, մոմե ձեռքերին, ու հարցնում ինքս ինձ ու նրան` ո՞նց էս էդքան ապրել, այ տա՛տ: Աչքերի շողուն փայլը ասում է` կյանքի սերն է ապրեցրել, ապրելն իմաստավորելն է ապրեցրել: Զավակ է կորցրել, հոգին մխացել է, բայց չի ատել կյանքը ու սիրել է սիրով ապրել, ցավդ տանեմ ասելով ապրել, քեզի մեռնեմ ասելով ապրել` անկեղծ ու սրտանց: Եվ Աստված տվել է, որ նա շատ ապրի, երկար ապրի ու բոլորի ցավը տանելով ապրի:
Տա՛տ, ասում եմ, մի քանի ամիս հետո 100 ամյակդ է լրանում, լավ պահիր քեզ, որ 100 ամյակդ նշենք:  Ձեր գյուղի ամենատարեցն ես, տա՛տ: «Քեզի ղուրբան, ասում է, հլա էդքան էլ ապրե~մ…»: 99-ը տարի ապրած տատը զարմանում է, որ դեռ… մի քանի ամիս էլ պիտի ապրի, որ 100-րդ գարունը տեսնի ու 100-րդ աշունը եւ տանի~-տանի բոլորի անցավ ու ցավոտ ցավերը, որ… բոլորն իր չափ ու իր պես ապրեն ու շատ ապրեն եւ իմաստավոր:
Հրաժեշտին ասաց` 100 ամյակիս կգա՛ս…
Կգա՛մ, տա՛տ, կգա՛մ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

350 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *