1905 Թ.-Ի ՀՈՒՆԻՍԻՑ ՍԻՍԻԱՆՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՌԻՎՆԵՐԸ

16790469_10203070592043371_1814545157_n

1905 թվականը պատմության մեջ մտավ որպես հայ-թուրքական ընդհարումների, կռիվների եւ արյունահեղությունների տարի: Բաքվում թուրք ամբոխի կողմից սկսած փետրվարյան վայրագությունների վարակը շուտով տարածվեց Անդրկովկասի համարյա բոլոր խառը բնակեցված վայրերում, այդ թվում նաև Նախիջևանում, Ղարաբաղում եւ  Զանգեզուր: Տարվա կեսերին Սիսիան եկան Քեռին` Արշակ Գավաֆյանը եւ Դրոն` Դրաստամատ Կանայանը որպես նրա օգնական, եւ երկրամասի ինքնապաշտպանության գործի կազմակերպումը վերցրեցին իրենց վրա:

Գալով Սիսիան՝ Քեռին իր շտաբը տեղավորեց Բռնակոթում` իր առջև խնդիր դնելով հենվել հենց այս գյուղի վրա, եւ ոչ միայն հայերին պաշտպանել թուրքերից, այլեւ մաքրել թուրքաբնակ գյուղերը: Իր հուշերում Դրոն հետագայում գրում է, որ իրենք ղեկավարվում էին Նիկոլ Դումանից ստացված հրահանգներով, որ հայկական բոլոր գյուղերում ստեղծվում էին զինված խմբեր՝ հետեւակ եւ ձիավոր: Այդ խմբերը հիմնականում համալրվում էին ռուսական բանակի նախկին զինվորներով եւ գործում էին ռուսական զինվորական կանոններով: Ստեղծվում էին տասնյակներ՝ իրենց տասնապետներով եւ քսանյակներ՝ իրենց քսանապետերով: Ամեն մի միավորում նստում էր իր գյուղում: Առաջին ահազանգի դեպքում նրանք հասնում էին նշանակված վայրը եւ թշնամուն հակահարված տալուց հետո վերադառնում իրենց դիրքերը:

Դրոն պատմում է, որ շրջանի տեղական ուժերի կազմակերպումը Քեռին դրել էր իր վրա, բացառությամբ հեծելազորից: Բռնակոթցիները ոչինչ չէին խնայում զենք գնելու համար: Բացի դա գյուղացիները կոշիկ, հագուստ էին պատրաստում ջոկատների մարտիկներին, հոգում նրանց սննդի հարցը: Այդ կապակցությամբ ահա թե ինչ է պատմում Դրոն. «Գիւղերում ինքնապաշտպանութիւնը կազմակերպելու նպատակով 10-15 օրով ես դուրս եկայ շրջանը: Երբ վերադարձայ Բռնակոթ և մտայ Քեռու շտաբը, աչքիս պատկերացաւ հետեւեալ տեսարանը. ընդարձակ սենեակում երկու կարի մեքենայ դրւած մի կողմ, մի չուստ կարելու մեքենայ էլ մի ուրիշ կողմ, տեղացի մի քանի հագուստ և չուստ կարող արհեստավորներ մեծ եռանդով աշխատում էին: Պատերից կախ էին հասարակ կտորից կարւած հագուստներ և աժաննոց կտաւից սպիտակեղեէննէր, որ Քեռին պատրաստել էր տւել զինւորների համար: Պատերից խնամքով կախւած էին նաեւ ձիերի դոլաններ, թարքի թաղիքներ: Այդ ահագին պաշարը պատրաստվել էր վերջին 10-15 օրւայ ընթացքում» (Հ. Գևորգյան, «Դրո», Երևան,1991թ.,էջ 212):

1905 թվականի հունիսին գյուղում տիրող իրավիճակի մասին մի թղթակցություն է տպագրվել «Մշակ» թերթում Բռնակոթի Խորեն քահանայի որդու` Վահան Խորենու ստորագրությամբ: Նա նշում է, որ հարաբերական անդորրը կարճ տևեց: Շուտով Նախիջևանից հետո լարված իրավիճակ ստեղծվեց նաև Սիսիանում: Հոդվածագրի վկայությամբ առավել վտանգավոր էին ոչ թե տեղացի թուրքերը, այլև իրենց հոտերով և ընտանիքներով մեր ամառային արոտներ եկած դաշտավայրային քոչվոր  թուրքերը, որոնց գյուղացիները թարաքամա էին անվանում: Սրանք լավ զինված էին, բերդանկաների փոխարեն ձեռք էին բերել ժամանակակից հրացաններ, իսկ փամփուշտներ անսահմանափակ քանակով ստանում էին Նախիջևանի ավազակներից:

Այդ ժամանակ գավառամասում կային 14 հայկական գյուղեր: Յուրաքանչյուր գյուղ ուներ ընդամենը 50-150 ընտանիք: Միայն Բռնակոթում էր, որ ընտանիքների թիվը հասնում էր  300-ի: Հետևապես մյուս գյուղերի պաշտպանությունը նույնպես իրականացվում էր բռնակոթցիների ակտիվ մասնակցությամբ: Իսկ մյուս կողմում կար 28 թուրքական գյուղ և սարերում հավաքված ագրեսիվ թարաքամա: Այդ 28 գյուղերը նախկին Ծղուկ գավառի մեջ մտնող հայկական գյուղերն էին, որոնց բնակիչները լքել էին իրենց բնակավայրերը, իսկ նրանց փոխարեն բնակություն էին հաստատել թուրք քոչվորները` թուրքացնելով նաև այդ գյուղերի պատմական անվանումները:

Առաջին հարձակման լուրը գյուղ հասավ հունիսի 24-ին Մազրա գյուղից  (ներկայումս` Մուցք): Թարաքաման կռիվ էր սկսել մազրեցիների դեմ: Բռնակոթցիները գյուղում գտնվող կազակների հետ օգնության են շտապում: Սակայն հասնելով մեր և Մազրայի սահմանագծին, կազակները ետ են դառնում` պատճառաբանելով, որ արգելված է պաշտպանել իրենց տեղակայած գյուղի սահմաններից դուրս գտնվող մեկ այլ գյուղի: Բռնակոթցիների մի մասը դիրքեր է բռնում սահմանի վրա, իսկ մյուս մասը մտնում է մարտի մեջ: Օգնության են գալիս նաև Ալելուի (Սալվարդ) և Բալաքի ուժերը: Առավոտյան ժամը 10-ից սկսված մարտը շարունակվում է մինչև երեկոյան ժամը 6-ը: Երեկոյան թուրքերը սկսում են փախչել: Մերոնք ունենում են 2 վիրավոր: ,Ըստ լուրերի թուրքերն ունենում են 15 սպանված: Կռւի միջոցին թուրքերը տանում են Շաղատ գիւղի 180 գոմեշներ: Այսօր` 26-ին ընդհարում չէղավ: Սպասում ենք գաւառապետին: Հարիւրաւոր թուրքեր անցնում են դէպի սարերը զինված, նրանք մեծ պատրաստիւթյուններ են տեսնում, երէկվայ ընդդիմադրութիւնը անսպասելի լինելով` նրանց կատաղեցրել է: Այսօր թուրքերը սպանեցին երկու ալելուեցիների իրենց հանդում: Երեկոեան ժողովրդի սիրելի վրաց գավառապէտը եկավ մեր գիւղը: Այսօր` 27-ին, գաւառապետը մեկնեց Մազրա և տեղացի ծերունիների հետ գնաց ետ ստանալու խլած ապրանքներըե: Վ. Խորենի, «Մշակ»,(10-ը հուլիսի, 1905 թ., նո.133):

Սիսիանի համար ծանր օրեր սկսվեցին օգոստոս ամսին: Նախիջևանում և Շուշիում մոլեգնող կռիվների պատճառով ճանապարհները փակվել էին: Ներքին լարվածության պատճառով գյուղացիները չէին կարողանում բերքը հավաքել: Սարերում դարանակալած էին Մուրթուզ և Խանլար (սա հայերի ձեռքով սպանվեց 1906 թ. օգոստոսին: Իշխանությունները նրա սպանության մեջ մեղադրում էին քարահունջեցիներին) անուններով թուրք ավազակապետերն իրենց հրոսակախմբերով: Հարմար առիթն օգտագործում էին հայկական գյուղերին վնասելու համար: Նրանց թիկունքին կանգնած էր Ղարաքիլիսայում նստած պրիստավը, որն այդ ժամանակ ազգությամբ թուրք էր: Նրանց հիմնական թիրախը Բռնակոթն էր, քանի որ ուժը այդ գյուղի մեջ էին տեսնում: Այդ օրերին նրանք Ղարաքիլիսայում հավաքվում են ժողովի, որին մասնակցում է պրիստավի գրագիրը` Ջալալ անունով և այստեղ հրավիրված 2 բռնակոթցիների հարձակման  սպառնալիքներ են հնչեցնում:

Բռնակոթցիները պահանջում էին թուրք պրիստավին փոխարինել այլազգի պրիստավով, իսկ սարերից հեռացնել թարաքամայի 2 ավազակապետերին` իրենց զինված բանդաների հետ միասին:

Դարանակալած թշնամուն իր սև գործը հաջողվում է իրականացնել օգոստոսի 15-ին: Այդ օրը Գորիսից Եռաբլուրով Սիսիան վերադարձող հայր և որդի բեկեր Զիլֆուղար և Իսկանդար Սաֆռազբեկյանները, նրանց բարեկամ Ջավադ բեկ Սաֆռազբեկյանը և Արշակ բեկ Մելիք-Թանգյանը տեղ չեն հասնում: Հաջորդ օրը նրանց գտնում են սպանված: Գորիսից նրանց հետ Սիսիան եկող լեզգի պահակին հաջողվում է փախչել և այդ մասին տեղյակ պահել բռնակոթցիներին:

Օգոստոսի 15-ին թուրքերի ձեռքով Եռաբլուրի մոտ Սաֆրազբեկյաններից և Մելիք-Թանգյաններից 4 բեկերի սպանությունը հուզումների մեծ ալիք բարձրացրեց Սիսիանում: «Եթե չը վերանան Մուրթուզ և Խանլար աւազակների խմբերը, որոնք շարունակ մեր հարևան թուրք գյուղերում են լինում և եթե չը փոխվի թուրք պրիստավը, հեշտությամբ մեր սարերը չեն խաղաղվի: 4 ամիս է ինչ փակ է Նախիջևանի ճանապարհը, այժմ էլ՝ Շուշիինը, իսկ մեր ժողովուրդը դրանցով էր ապրում»,- գրում է Վ. Խորենին («Մշակ» , 3-ը սեպտեմբերի 1905 թ., նո.176):

v11905 թվականի կռիվների մասնակիցներ Գաբրիել և Գրիգոր Մելիք -Թանգյանները: Գաբրիելը զոհվել է 1905 թվականին, իսկ Գրիգորը 1937-ին աքսորվել և այլևս գյուղ  չի վերադարձել:

Նոյեմբերին բավականին վտանգավոր իրավիճակ է ստեղծվում Թասիկի ուղղությամբ: Սիսիան թուրքաբնակ  գյուղում թուրքերը մեծ ուժեր են կենտրոնացնում, ծրագրվում է հարձակվել Թազագյուղի և հարևան մի քանի այլ գյուղերի վրա: Բացի շրջանի թուրք-թաթարներից, սրանց ուժերը համալրվում են նաև Նախիջևանից եկած օգնական ուժերով: Գյուղ էին թափվել նաև թուրքաբնակ գյուղերի տասնյակ-հարյուրավոր բնակիչներ և սպասում էին հայկական գյուղերը գրավելուց հետո իրենց թալանին: Այստեղ էին եկել նաև հայտնի ավազակապետեր Մուրթուզն ու Խանլարը` իրենց բանդաներով:

Այս ամենն արդեն հայտնի էր Քեռուն: «Իմ՝ Բռնակոթ գալու օրն իսկ Քեռին կարգադրեց, որ զինւոր առնեմ եւ անցնեմ Թազա գիւղ, որ հանդիսանում էր շրջանի գիւղերի սիրտը եւ մի տեսակ հանգույց էր դէպի Մազրա տանող ճանապարհի: Ես չէի ուզում նույն օրը մեկնել, բայց Քեռին պնդեց իր կարգադրութեան վրա: Նա կարծես բնազդով զգում էր, թե մի բան է պատահելու:

– Այսօր եւ եթ պետք է երթաս,- ասաց նա վճռական կերպով,- ես այդ գիւղէն քիչ մը կը վախնամ: Ձիաւորներ ալ առ հետդ, որը որ կուզես»: (Հ. Գևորգյան, «Դրո», Երևան, 1991թ., էջ 213):

Դրոն կատարում է Քեռու հրամանը և ընդամենը մի 10 հոգով մեկնում Թասիկ: Գյուղացիները նրանց ընդունում են ջերմ, տեղավորում դարբնի տանը: Այդ ժամանակ Թասիկն ուներ ընդամենը 10 հրացանավոր, որոնց ղեկավարն էր ռուսական բանակի նախկին ենթասպա Բոգդանը: Նույն երեկոյան այստեղ է գալիս նաև Բռնակոթի քահանայի տղան, Վահան Խորենու մեծ եղբայրը` Հովհաննեսը, 15 հոգուց բաղկացած զինված ջոկատով: Առավոտյան հանկարծ կրակոցներ են լսվում: Աղմուկ-աղաղակը տարածվում է գյուղով մեկ: Սիսիանի թուրքերն անցնում են հարձակման: Դրոն հրամայում է դիրքեր բռնել: Կռիվը թեժանում է: Թուրքերը կատաղի դիմադրություն են ցույց տալիս: Շուտով Բոգդանը լուրը հասցնում է Բռնակոթ: Բռնակոթից նոր օգնական ուժեր են գալիս: Այստեղ է հասնում նաև Քեռին: Կռվին տոն են տալիս բռնակոթցիները: Թեժ ճակատամարտում Դրոն թեթևակի վիրավորվում է: Թուրքերն աստիճանաբար տեղի են տալիս, նահանջում իրենց որջ հանդիսացող Սիսիան գյուղ, բարձրանում Վասակաբերդ, սկսում այնտեղից կրակ արձակել: Քեռու ուռաներին արձագանքելով, բռնակոթցիները մյուս մարտիկների հետ մտնում են գյուղ: «Փառավոր ճակատամարտ էինք շահել»,- գրում է Դրոն: Հայերը ավերեցին գյուղը, քշեցին 600-700 տավար ու ոչխար, հրդեհեցին 50 չափ տներ: Թուրքերը տվին 60-ից 70 սպանված: Սիսիանի կռվում սպանված թուրքերի մեջ կային մի քանի նշանավոր ավազակապետեր: Հայերն ունեցան 9 զոհ, ըստ որում մի քանիսը խփվեցին կազակների հետ այստեղ եկած թուրք ստրաժնիկների կողմից:

Շուտով կազակների մի մեծ ջոկատի հետ այստեղ հասած գավառապետի օգնականին և նրա թուրք թարգմանիչ Շահսուվարբեկին հաջողվում է դադարեցնել կռիվը: Բայց արդեն բռնակոթցիները Քեռու և Դրոյի առաջնորդությամբ լավ դաս էին տվել թուրքերին: Կռվի հաջորդ օրը գյուղ եկավ գավառապետը` քննիչ հետ: Այդ կռվի պատճառով 12 բռնակոթցի կալանավորվեց:

Սակայն դժբախտությունն այն էր, որ թուրքերը դասեր չէին քաղում և դարանակալած շարունակում էին իրենց ոճիրները, սպառնալիքներ ուղարկում բռնակոթցիներին, անմեղ մարդկանց ճանապարհը կտրում: Ղալաջուղից Մազրա եկող 4 անզեն մարդիկ նույն ավազակապետ Մուրթուզի կողմից մորթոտվում են, մի երկու օր հետո Մալիշկայից վերադարձող 9 մազրեցիներ նույնպես թուրքերի ձեռքով սպանվում են:

Վիճակը մնում էր լարված: Ընդհարումները շարունակվում էին մերթ այստեղ, մերթ այնտեղ: Թեև թարաքաման սարերից իր հոտերով արդեն հեռացել էր, սակայն տեղի մուսուլմանները շարունակում էին իրենց սև գործը: Այդ ժամանակ գավառում կար ընդամենը 400 կազակ, որոնք չէին  հասցնում մարել բռնկված ընդհարումները: Գեներալ-նահանգապետի կողմից աշխատանքից գոնե ազատվում է թուրք պրիստավը:

Հատկապես դեկտեմբերին սկսեցին ակտիվանալ Աղիտու և Վաղատին գյուղերի թուրքերը: Նրանք փակում էին Գորիս գնացող ճանապարհը, կատարում վայրագ սպանություններ:

v2Դեկտեմբերի 25-ին հայերը ստիպված հարձակվեցին Աղիտու գյուղի վրա: Այդ գյուղն ուներ 150 տուն բնակիչ: Մարտի հիմնական կազմակերպիչներն էին Կարապետ բեկի որդի Թանգի-բեկ Մելիք-Թանգյանը և Շուշիից այստեղ եկած հին ֆիդայի Ստեփան Ստեփանյանը: Հայերին հաջողվում է իշխող դիրքեր գրավել և փոքրաթիվ ջոկատով մարտում հասնել հաջողությունների: Սակայն անսպասելիորեն աղուտեցիներին օգնության են հասնում թուրքական ավելի մեծ գյուղից` Շաքիից: Մարտն ավելի թեժ բնույթ է ստանում: Դժբախտաբար այդ կռվում ընկան նաև Թանգի-բեկ Մելիք-Թանգյանը և Ստեփան Ստեփանյանը: Օգնության հասած ուժերը մարտի կազմակերպիչներին տեսնելով սպանված, կոտորում են թուրքերին և այրում գյուղը, իսկ գյուղացիները փախչում են Վաղատին: Թուրքերը մարտի դաշտում թողեցին 60, իսկ հայերը՝  22 զոհ: Թանգի բեկի և Ստեփանի մահը մեծ վիշտ պատճառեց ոչ միայն բռնակոթցիներին, այլև գավառի ողջ բնակչությանը: Նրանք մեծ շուքով թաղվեցին եկեղեցուն կից փոքրիկ գերեզմանատանը: Հետագայում գերեզմանը գյուղամիջից հանելու պատճառով նրանք վերաթաղվեցին Վիրի մահլի  գերեզմանատանը:

«Մշակ» թերթը Ստեփան Ստեփանյանի մահվան առթիվ գրել է. «Աղիտուի կռւում նահատակվեց և մեր ամենասիրելի ընկերը` Ստեփանը: Ստեփանի անակնկալ և յանկարծակի մահը մեր բոլոր գիւղացիներին սուգ ու կսկիծ բերեց: Զանգեզուրի յեղափոխական պատմութեան մէջ Ստեփանը կը մնայ միշտ գլուխ անկիւն իբրև առաջին սերմնացան գաղափարի, մտքի և իբրև անձնազոհ պաշտպան ժողովրդիե, («Մշակ», 18-ը հունվարի 1906 թ., նո.11):  Մի քանի օր հետո նույն թերթը տալիս է հետևյալ հարցը. ով էր Ստեփանը և ինչ արեց: Եվ պատասխանում. ,Նա ճնշված ու հարստահարված գիւղացու պահապան հրեշտակն էր… »:

(Ստեփան Ստեփանյան (Հարություն Պետրոսյան), (1878 թ․, Գանձակի Նորաշեն  գյուղ, 1905 թ․, Սիսիան) ֆիդայի։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 3 տարի ծառայել է Դաղստանի այն ժամանակվա մայրաքաղաք Թեմուր-Խան Շուրայրում (Բույնակսկ)։Գանձակում իրականացրել է բողոքի գործողություններ, ինչի համար ձերբակալվել է։ Բանտից ազատվելուց հետո մեկնել է Շուշի։ Մասնակցել է հայ-թուրքական կռիվներին։ Այստեղից եկել է Սիսիան և մասնակցել ինքնապաշտպանական կռիվներին: Զոհվել է 27 տարեկան հասակում Աղիտու գյուղի կռվի  ժամանակ)։

Թանգի բեկի գերեզմանը  Բռնակոթում: Քարի վրա գրված է. «ԹԱՆԿԻ ԲԷԿ ՈՐԴԻ ՀՌԻՓԻՍԻՄԵԻ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ ԲԷԿԻ ՄԷԼԻՔ ԹԱՆԿv3ՅԱՆ 1876- 1905 ԴԵԿՏԵՄԲ. 25»

Դաժան ընդհարում տեղի ունեցավ հաջորդ օրը Դարբաս գյուղերում: Դեկտեմբերի 26-ին 150  տուն ունեցող թուրքերը իբր խորհրդակցելու նպատակով իրենց մոտ են հրավիրում 50 հայ տուն ունեցող քահանային և սպանում նրան` իր եղբոր որդու հետ միասին: Գյուղացիներն իմանալով այդ մասին սկսում են կրակ տեղալ թուրքական թաղամասի վրա: Հրացանաձգության ձայնի վրա այստեղ օգնության են հասնում նաև հարևան հայկական գյուղերից: Դարբասի կռվում թուրքերը տալիս են 272 զոհ:

Փոթորկալից էր նաև 1906-ը: Լուրջ ընդհարումներ տեղի ունեցան հունվար-հուլիս ամիսներին: Հունվարի 6-ն Անգեղակոթի վրա հարձակվեցին շուրջ 1000 թուրքեր՝ Աղիտու, Վաղատին, Որոտ, Շաքի և այլ  գյուղերից: Այդ ժամանակ Անգեղակոթում էր Քեռին, որը կազմակերպեց մարտը: Թուրքերը, տալով 6 զոհ, ետ են նահանջում:

Հունիսին Շաքի գյուղ է գալիս ոմն ավազակապետ Իլդրիմ բեկը` 200 ձիավորներով և սկսում է տեղի թուրքական գյուղերից և սարերում գտնվող քոչվոր թուրքերից զինված ջոկատներ կազմել հայկական գյուղերի վրա հարձակվելու համար: Հայերն իմանալով այդ մասին իրենք էլ են սկսում նախապատրաստվել հավանական հարձակումներին: Թուրքերը միանգամից հարձակվում են մի քանի գյուղերի վրա: Առաջին հակահարվածը նրանք ստանում են մազրեցիներից: Այնուհետև հակահարված են ստանում Բնունիսում, Ալելուում, Թազագյուղում: Թազագյուղին Ղարաքիլիսայից օգնության են գալիս 100 կազակներ` նոր պրիստավի ղեկավարությամբ:

Այդ գյուղերում անհաջողության մատնվելուց հետո նրանք հարձակվում են ընդամենը 60 տուն ունեցող մյուս հայկական գյուղերից կտրված Ղալաջուղի վրա: Բազարչայի մալականները, իմանալով հարձակման մասին, նախօրոք տեղյակ էին պահել ղալաջուղցիներին: Վերջիններս իրենց հերթին սուրհանդակ են ուղարկում հարևան Անգեղակոթ, Շաղատ, Մազրա և Բալաք գյուղերը` օգնության խնդրանքով: Մինչ օգնական ուժերի տեղ հասնելը, թուրքերը այրում են գյուղը, թալանում մարդկանց ունցվածքը: Շուտով հայ կտրիճ տղաները հասնում են տեղ: Մարտը 3 ժամ շարունակվում է Աժդահա ձորում: Փամփուշտներն ավարտին մոտ է լինուն, երբ գավառապետ Միտկևիչի հրամանով օգնության են հասնում կազակները: Նրանք մեր տղաներին ապահովում են փամփուշտով: Այդ կռվում կազակներն ունեցել են մի քանի վիրավորներ, իսկ հայերը տվել են 17 զոհ, նրանց մեջ էր նաև Բաքվում սովորող 17-ամյա Ստեփան անունով մի պատանի: Թուրքերը մարտի դաշտում թողել էին 50-60 դիակ: Ի պատասխան Ղալաջուղի ավերմանը, հայերը հարձակվում և ավերում են թուրքաբնակ Փուլ, Արիքլու, Շուքար և Մալիքլար գյուղերը, իսկ բնակիչները փախչում են քոչվորների մոտ:

Նույն օրերին Շենաթաղից թուրքերը գողացան 50 ոչխար: Նրանք այնքան հանդուգն էին դարձել, որ սկսել էին հարձակվել ոչ միայն հայերի, այլև` կազակների վրա: «Մշակին» ուղարկած նամակում Տաթևի վանքի վանահայր բռնակոթցի Ներսես վարդապետը գրում է, որ թուրքերը դադարել են ենթարկվել նաև կառավարությանը, որի համար գեներալ Գոլոշչապովը հրամայել է գավառապետ Միտկևիչին կոտորել բոլոր խռովարարներին: «Թուրքերի խելագար շարժումը, ըստ երևույթին, աջակցություն գտնելով շուշեցի պարագլուխների կողմից, վնասներ է պատճառում երկու կողմերին էլ,- գրում է վարդապետը», («Մշակ», 6-ի հուլիսի, 1906 թ., նո.145): Հենց գեներալ Գոլոշչապովին է հանձնարարվում 4 գավառների իրավիճակի կարգավորումը: Սիսիան են բերվում նոր պատժիչ ուժեր: Թեև վիճակը օգոստոսից հետո փոքր ինչ հանդարտվում է, սակայն այդ խաղաղությունը ժամանակավոր էր: Հայ-թուրքական ընդհարումները դրանից հետո կրում էին շարունակական բնույթ: Ինչպես ընդունված է ասել, թուրքի և հայի ջուրը նույն առվով չէր հոսում, չէր հոսում այնպես, ինչպես որ չի հոսում այսօր:

Հենզել  ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

836 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *