20-ԱՄՅԱ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐԻՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ ՍԻՍԻԱՆԻ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

Դեկտեմբերի 4-ին իր զինվորական պարտականությունները կատարելիս հայ-ադրբեջանական դիվերսիոն գործողությունների ժամանակ թշնամու դավադիր գնդակից զոհված ժամկետային զինծառայող 20-ամյա Էրիկ Էդիկի Գրիգորյանի աճյունն ամփովեց Սիսիանի զինվորական պանթեոնում:
Դժբախտաբար` նոր հողաթումբ ավելացավ այնտեղ: Ցավոք` նորից մարտիրոսի ու նահատակի արյամբ «հարստացավ» հողը հայրենի, ու կրկին ճղնակոտոր եղավ տոհմիկ մի ընտանիք եւս:
Էրիկ Գրիգորյանին հողին հանձնեցին զինվորին արժանի զսպվածությամբ, պետական հիմնի հնչյունների եւ զինվորական համազարկերի ներքո: Հոգեւոր կարգ կատարեց Սիսիանի սուրբ Գրիգոր եկեղեցու սպասավոր Տեր-Պարգեւ Զեյնալյանը:
Էրիկ Գրիգորյանի երկամյա ծառայության մասին փայլուն խոսքեր հնչեցրեցին ծառայակիցները, զինվոարական ղեկավարները: Դամբանական խոսքում նշվեց, որ դեռեւս այս տարվա հուլիսի 4-ին էրիկը եւ նրա համածառայակիցները դիմակայել են հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբին: Էրիկը մարմնի տարբեր մասերից ստացել է բեկորային վիրավորում, բայց ընդամենը 20 օր հոսպիտալում բուժվելուց հետո նորից անցել է իր ծառայական պարտականությունների կատարմանը առաջնային գծում: Իր անբասիր եւ անձնվեր ծառայության համար պարգեւատրվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի գերատեսչական պարգեւով` ծովակալ Իսակով մեդալով:DSC02987
Հակառակորդի հերթական` դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը կազմակերպած դիվերսիոն-հետախուզական գործողությունը, սակայն, ճակատագրական եղավ Էրկիկ համար: Այդ պահին նա իր ծառայողական պարտականությունները կատարում էր կացարանի դիմաց որպես արթուն հերթափոխ: Սակայն հակառակորդին հաջողվել էր շրջանցել դիրքը եւ թիկունքից մոտենալ կացարանին: Էրիկը նկատել էր թշնամուն եւ հասցրել գոռալով տեղեկացնել համածառայակիցներին, բայց այդ պահին խոցվել է հակառակորդի դավադիր գնդակից: էրիկի ձայնից վեր թռած համածառայակիցները մարտի են բռնվել գրեթե կացարան ներխուժած թշնամու դեմ` հետ շպրտելով նրանց` տալով երկու վիրավոր: Ցավոք, էրիկի կյանքը փրկել չի հաջողվել:
Համագյուղացիները էրիկին ներկայացրեցին որպես բացառիկ հայրենասեր, կամեցող, սրտակից ու բարի երիտասարդի, մարդկային գեղեցիկ որակներ, որոնք դրսեւորել է նաեւ հայրենիքի հանդեպ իր պարքը կատարելու երկու տարիների ընթացքում: Սակայն վահանով տուն գալու փոխարեն, ինչպես վայել է իսկական հերոսին, նրան տուն բերեցին… վահանի վրա, երբ ընդամենը մեկ օր էր մնացել զինվորական ծառայությունն ավարտելուն…DSC02984
ՀՀ  պաշտպանության նախարարության եւ ՀՀ պաշտպանության նախարարի անունից ցավակցություն հայտնելով բոլորին եւ զոհվածի ընտանիքի անդամներին ` 4 -րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն իր ցավակացական խոսքում մասնավարապես ասաց`«Մենք չենք լացում, մենք վշտանում ենք, որովհետեւ… պատերազմը չի ավարտվել, կռիվն է ընդամենը ավարտվել: Պետք է անենք ամեն ինչ` պատվով դուրս գալու այս փորձությունից»: Համբերություն ցանկանալով բոլորին` հրամանատարն իր խոսքն ավարտեց «Բարձր ոգի ու հաղթանակ հայոց զենքին» գոտեպնդող հորդորով:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Էրիկ Էդիկի Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ Մարտական ծառայության մեդալով:
Մեդալը զոհվածի հարազատներին հանձնվեց հենց պանթեոնում` հուղարկավորության ժամանակ:
Հավերժ փառք բոլոր պանթեոններում եւ Սիսիանի պանթեոնում ննջող մեր սուրբ նահատակներին…

«Որոտան»
8.12.2015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *