2010-Ը` ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ… ԵՎ` ՄԵՐ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

ՀԻՆ ՀՈԳՍԵՐԸ ՉՏԱՆԵՆՔ ՆՈՐ ՏԱՐԻ

Տարեվերջյան օրերին, ժամերին, րոպեներին մարդիկ ձգտում են ավելին անել, միաժամանակ` ամեն ինչ` տեղը տեղին` նմանվելով այն ուսանողին, ում ամեն անգամ ընդամենը մեկ օր է պակասում քննություններին ավելի լավ պատրաստվելու համար: Մարդը չի ցանկանում կիսատ գործով, հին հոգսով ու հին պարտքով մտնել նոր տարի:
2010-ի իմ բոլոր դժվարությունները, խոչընդոտները, բարեբախտաբար, հաղթահարվեցին տարեվերջին, 2011 թվական կմտնեմ հոգսերից` ձերբազատ, դասախոսություններիս տետրերն ու ուսանողի ստուգման գրքույկը` պահարանին հանձնած: Կավարտեմ ուսումս` լրագրողի մասնագիտությամբ եւ կփորձեմ գործնական աշխատանքով ամրապնդել լրագրողի` իմ նախընտրած փշոտ, դժվարին, բայց` կարեւոր ուղին:
Ահա այս լավ տրամադրությամբ, ջերմ սրտով շնորհավորում եմ իմ ընկերների, իմ ընթերցողի, թերթերի էջերում իմ անուն-ազգանունը փնտրող հայրենակիցների Նոր տարին, Սուրբ Ծնունդը եւ մաղթում, որ 2011-ը լինի սիրո, երջանկության, բարի երազանքների իրականացման տարի:

Դիանա ԲԱԽՇՅԱՆ


ԵՍ` ԻՆՁ ԳՏԱ, ԳՐԻՉՍ` ԻՐ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ

Աշխարհի շրջապտույտում ու աշխարհի հետ թերթում եմ օրերն էջ առ էջ ու ասում` գնաս բարով, 2010 թվական: Դու իմ երիտասարդ ընտանիքին տվեցիր բնակարանամուտի աննկարագրել2010_131ի բերկրանք` իմ փոքրիկին պարգեւելով սեփական օջախ  ունենալու անկրկնելի զգացողությունը: Դու ինձ համար դարձար ստեղծագործական վերելքի տարի: Լրագրողական անցած ուղիս «Որոտանում» դարձավ առավել բեղմնավոր, այստեղ ես գտա ինձ, գրիչս` իր ընթերցողին: 2011թվականից ակնկալում եմ առավել դիտողականություն, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:
Մանկանում եմ ու Ձմեռ պապից խնդրում խաղաղություն, ժպիտ` իմ համաքաղաքացիներին, բարեկեցություն ու ինքնավստահություն, իրեն արժանի ու իր մեծ հոգուն վայել հպարտ կենսաձեւ: Թող որ Ամանորին ոչ մի պատուհան մութ չմնա, ոչ մի դուռ կողպված չլինի: Թող որ 2011-ը բոլոր տարագիրներին տուն վերադարձնի ու Նոր տարին դիմավորենք լիարժեք ընտանիքներով:

Անի ՍԻՄՈՆՅԱՆ


ՄԵՆՔ ԻՐԱՐ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ

Յուրաքանչյուր ժամանակ իր առջեւ իր խնդիրն է դնում: Կարեւորը` այդ խնդիրներն իրողություն դարձնելով` առաջ գնալն է: Կատարված գործերով հարստանում է քո կենսագրությունը, բովանդակալից է դառնում կյանքը ընդհանրապես եւ թեթեւանում ես, որ հանրությանը, գուցե, մի օգուտ տվել ես, ու քո ցանած սերմից առողջ ծիլեր են արձակվելու:
«Սիսական» հայրենակցական կազմակերպությունը, որ ստեղծվել է արցախյան պատերազմի տարիներին` ժամանակի թելադրանքով, կատարել է այդ տարիներին իր առջեւ դրված խնդիրները, իսկ այժմ էլ կյանքի թելադրած նո2010_132ր պահանջներին համապատասխան է իր ծրագրերը կայացմում եւ այդպես փորձում օգտակար լինել հայրենակցական միությանը:
2010 թվականը «Սիսականի» համար առավելապես առանձնացավ նրանով, որ ավելի աշխուժացավ կապը միության ու Սիսիանի տարածաշրջանի հետ, ինչին մեծապես նպաստեց «Որոտանի» հետ համագործակցությունը: Թերթում հիմնեցինք «Ճանաչենք մեր հայրենակիցներին» խորագիրը, որը նպատակ ուներ երեւանաբնակ սիսիանցիներին թերթի միջոցով տեղեկացնել սիսիանյան իրադարձություններին, իսկ թերթում տպագրված հրապարակումներով սիսիանցիներին ծանոթացնել մեր այն նշանավոր հայրենակիցներին, ովքեր կյանքի բերումով ապրում են Երեւանում եւ այլուր, բայց արժանապատվորեն շարունակում են սիսիանցի մնալ` հավատարիմ մնալով արմատներին, եւ կյանքի ընթացքում բոլոր ձեռքբերումները պայմանավորում են սիսիանյան ակունքներով ու մանությունից ստացած ազնվագույն դասերով:
«Ճանաչենք մեր հայրենակիցներին» նախաձեռնությունը, կարծում եմ, կայացել է, որովհետեւ Երեւանում սպասում են «Որոտանին», «Որոտանում»` մեր նշանավոր հայրենակրցների մասին պատմող հրապարակումներին: Այդ խորագրի ներքո էր, որ զետեղեցինք հոդվածներ  ՀՀ պետական եւ ՀՀ նախագահի մրցանակներին արժանացած մեր պատվարժան հայրենակիցներ, արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանի, Մուրադ Հասրաթյանի, Գետիկ Բաղդասարյանի, մեր ճանաչված ու սիրված բանաստեղծուհի Գոհար Գարունի, գնդապետ Ֆելիքս Պողոսյանի, Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիր Հրաչ Զոհրաբյանի, մեր մեծանուն նկարիչ Զաքար Խաչատրյանի, քանդակագործ, ճարտարապետ, «նորօրյա ոսկեձեռիկ» տիտղոսի արժանացած Բաղդասար Արզումանյանի, մեծանուն գիտնականներ Մուշեղ Ադոնցի, Գրիշա Ղարիբյանի եւ այլոց մասին, ովքեր միշտ հպարտությամբ են ընդգծել իրենց սիսիանյան ծագումը:
Նախապատրաստում ենք հոդվածաշար Երեւան քաղաքի ամենանշանավոր ու ամենանվիրյալ քաղաքապետերից մեկի` մեր հայրենակից Գրիշա Հարությունյանի, Մուրուս Հասրաթյանի եւ այլ արժանավորների մասին:
Եկող տարվա համար ծրագրում ենք ԵԿՄ Սիսիանի բաժանմունքի, Հայրենական պատերազմի վետերանների շրջանային միության, վետերան ուսուցիչների տարածքային խորհրդի, Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի, ուր սովորում են 3 տասնյակից ավելի սիսիանցիներ, Սիսիանի քաղաքապետարանի եւ «Որոտան» թերթի հետ իրագործել հայրենասիրական եւ հայրենագիտական նոր ծրագրեր` համոզմունքով, որ փոքր-ինչ օգտակար կլինենք մեր եզերքին:
«Սիսականի» անունից շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցներին` Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ եւ խանդավառ ոգով սպասում մեր ծրագրերի իրականացմանը:

Միշտ Ձեր բարեկամ` Ժորա ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
«Սիսական» ՀԿ նախագահ  

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *