2016-Ը ԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻ Է ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՐ

2016-ը մտնում է իր իրավունքների մեջ: Տոնական, սեղանային, կենացային, «խոզիբդային» տրամադրություններն անցել են, եւ ահա կանգնել ենք իրականության` կոտրած տաշտակի առաջ: Ավելի պատկերավոր` մեր բոլոր զարդերը, խաղալիքները, լույսերը, շղթաները հանել ենք եւ նմանվել… ետնորտարվա տոնածառի, որն այլեւս ոչ մեկին չի ուրախացնում:
Բայց` կյանքը շարունակվում է: 2016-ը բարով է եկել, եւ թող միայն սիրով, խաղաղությամբ մտնի բոլորիս տներ, բոլորիս սրտեր, բոլորիս մտքեր եւ հոգիներ:
Տպագրման 19-րդ տարին է սկսում նաեւ «Որոտան» թերթը: Սկսում հույսով, հավատով, սիրով` ինչպես` միշտ: Բնավ պատահական չէ, որ նոր տարվա մեր առաջին հրապարակումները նվիրում ենք մեր կյանքի կարեւոր` հոգեւոր եւ զինվորական ոլորտներին: Եթե հոգեւոր ոլորտը մեր հոգու սահմանապահն է, զինվորը` մեր երկրի, արդեն շատ բան է ասված: Բայց` ոչ ամեն ինչ…
Կցանկանայինք, իհարկե, դրանից չտարանջատել նույնքան կարեւոր` մեր աշխարհիկ իշխանությանը որպես մեր ներսի սահմանապահի, եւ զրույց ունենալ նաեւ մեր տարածքի աշխարհիկ իշխանավորի` Սիսիանի համայնքի ղեկավարի հետ:
Սակայն ինչի՞ մասին եւ ի՞նչ խոսես ընտրություններ կեղծող, այդ կեղծիքը խրախուսող, կեղծիքների մղող, կեղծիքները ղեկավարող եւ մեծագույն խանդավառությամբ դրանով հպարտացող համայնքապետի հետ: Ի՞նչ հարցեր տաս… Հարցնես` ինչու է Սիսիանն այսքան քշված-կորած-մոլորվա՞ծ, ինչո՞ւ է Սիսիանի քաղաքապետի պաշտոնը այսքան անարգված, արժեզրկված, նվաստացած, ցածրացա՞ծ, որ ոտքի տակ տշում են այս կողմ-այն կողմ: Հարցնես… ի՞նչ հարցնես այն պաշտոնյային, ով 8 տարվա պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքների համար 2 անգամ հայնտվել է քրեական պատասխանատվության առաջ: Հարցնես` Սիսիանն ինչու է այսքան գորշ ու անդե՞մ, Սիսիանն ինչու է այսքան խեղճ ու անտե՞ր, հարցնես` Սիսիանում էլի՞ բան կա ծախելու-փոշիացնելու, հարցնես` բա էլ ի՞նչ քաղաք, որտեղ մի հանգստի գոտի, մի հաճելի ժամանցի վայր, մի կանաչապատ տարածք չկա, բա` ինչո՞ւ չկա… Հարցնես` բա չ՞ես գիտակցում, որ իր զինվորին տեսնելու համար ողջ Հայաստանն է Սիսիան գալիս, ու նրանց համար քանդուքարափ, ցեխակոլոլ Սպանդարյան փողոցը, որտեղ տեղակայված է Սիսիանի զորամասը, ասոցացվում է Սիսիան քաղաքի հետ ու այդպես մնում նրանց մտապատկերում: Բա չե՞ս գիտակցում, որ ձմռանն անգամ Մայր կամրջի շրջակայքի անտանելի գարշահոտն ու համաճարակի բույն ճահճանոցը, ախր, ձեր մասին է խոսում… Ի՞նչ հարցնես… Հարցնես` գարաժատեղ, խանութատեղ ծախելով` Սիսիանի ապագան ես ծախում, ախր…Ի՞նչ խոսես այն համայնքապետի հետ, ում համար «հպարտության» միակ չափանիշը եւ «աչքի ընկնելու» միակ ձեւը ընտրակեղծիքն է… Ի՞նչ հարցնես… Եւ հետո` ո՞նց լուրջ ընդունես նրա տված պատասխանները: Իսկ դրանք  ո՞ւմ հավատ ու վստահություն կներշնչեն…
Եւ, այնուամենայնիվ, անկախ բոլորիս ցանկությունից ու տոնական եւ ետտոնական տրամադրությունից, 2016-ը մտնում է իր իրավունքների մեջ:
2016-ը  հատկապես` Սիսիանի համար, կարեւոր եւ պատասխանատու տարի է: Ընտրական տարի: 2016-ի աշնանը (հավանաբար` հոկտեմբեր) կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, եւ սիսիանցիները ընտրելու են իրենց համայնքի նոր ղեկավարին:
Գիտակցում ու հասկանում ենք, անշուշտ, որ աղասիկների, լարնետիկների, արտուրիկների, մյուս իկերի եւ …ուլիկների, անգրագետների ու հարմարյանների դարն ավարտվում է: Որ Սիսիանի համար ավարտվում են ծառայամիտների, ընտրակեղծարարների, «ՈՉ»-ը «ԱՅՈ»-ի տեղ անցկացնողների, արժանապատվությունից ու ինքնասիրությունից զուրկ աթոռապետերի ու աթոռասերների, հաճկատար-ծառաների ժամանակները… ու Սիսիանի համար, որպես կենսական անհրաժեշտություն, գալիս են արժանապատիվ ժամանակներ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
20.01.2016

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *