***

***
Աշխարհ իմ, իմաստուն մանուկ,
Ամեն օր կրկնում ես դու քեզ,
Կրկնելով մեկնում ես դու քեզ,
Աշխարհ իմ, իմաստուն մանուկ:
Քեզ սիրով մատաղ ես անում
Ու ցավով կրկնում ես դու քեզ…
Աշխարհ իմ, իմաստուն մանուկ,
Ամեն օր կրկնում ես դու քեզ:

***
Արծիվը արծիվ թող մնա,
Արտույտի երգին եմ կարոտ,
Երգ ասող խելքին եմ կարոտ,
Արծիվը արծիվ թող մնա:
Արծըվից բան չես իմանա
Ես ուրիշ մեկին եմ կարոտ…
Արծիվը արծիվ թող մնա,
Արտույտի երգին եմ կարոտ:
***
Խղճիդ հետ զրույց արա
Ամեն օր քնելուց առաջ:
Երկնքի հոնքին նայիր
Աղունդ փռելուց առաջ:
Մի անգամ քեզ ծառ զգա
Կացինդ սրելուց առաջ:
Քուչակի սիրտ ունեցիր
Հայրեններ գրելուց առաջ:

***
Խլացա, խուլ մնացի
Անիմաստ, անհամ քարոզից,
Ելք չկա, ելք չեմ գտնում
Մտքերիս մթին քաոսից:
Մեկ է, ես բաժին չունեմ
Բաժանված բախտիս քանորդից,
Երթերի, հերթերի մեջ
Կմեռնեմ մարդու կարոտից:

***
Ինչ ասեմ, ձեզ ինչ ասեմ,
Իմ անցած-գնացած սերեր,
Անշշուկ, անարձագանք-
Համրացած, խլացած սերեր,
Ինձ այս մեծ տառապանքի
Մատյանում գրանցած սերեր:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *