Կգործարկվի արևային պանելներով աշխատող շարժական հուշանվերների խանութ

Մեկ ամսից Հայաստանում կգործարկվի արևային պանելներով աշխատող հուշանվերների առաջին շարժական խանութը։ Նման խանութ ստեղծելու գաղափարն ու իրագործումը Գուրգեն Վարդանյանինն ու Արման Ավետիսյանինն է։ Նրանց տեղեկություններով՝ հուշանվերների նման խանութ աշխարհում դեռևս չկա։

Խանութը մարդատար ավտոբուս է, որը կայանելու է մայրաքաղաքի տարբեր փողոցներում և պատմական հուշարձանների մոտ։ Նախատեսել են շահագործել 10 նման ավտոբուս, հինգը՝ Հայաստանում, մնացածը՝ ԱՊՀ տարածաշրջանում։

Ավտոբուսը լինելու է ինքնաբավ՝ հատակին տեղադրվելու են մարտկոցներ, իսկ տանիքին՝ արևային պանելներ, որոնք կլանելու են արևի էներգիան՝ էլեկտրականություն ապահովելով։ Անգամ այն վայրերում, որտեղ էլեկտրաէներգիա չի լինի, ավտոբուսը հնարավորություն կունենա աշխատել՝ ապահովելով լուսավորություն, ինտերնետ ծառայություն և այն բոլոր հարմարությունները, որոնք անհրաժեշտ են խանութի գործունեության համար։

souvenir-shop

Գուրգեն Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման խանութ շահագործելու նպատակը եկամուտ ստանալն է, սակայն ցանկանում են բիզնեսի իրագործման և ծառայությունների մատուցման նոր մոդելներ ներդնել՝  առևտրի ոլորտին հետաքրքրություն հաղորդելով։

Հուշանվերների խանութը դեռևս պատրաստման փուլում է։ Թեև դրա արտաքին ձևավորումը դեռ չի կատարվել, բայց այն վերջնական այսպիսի տեսք է ունենալու։

 

Գլխավոր լուսանկարում Գուրգեն Վարդանյանն է

Աղբյուրը՝ www.hetq.am

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *